Գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական կենտրոն Լոռու մարզում


Գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական կենտրոն Լոռու մարզում

  • 27-06-2016 19:35:47   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 

 

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր բացվեց Ջոն և Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնը: Այս առթիվ  նորաբաց ակնաբուժական կենտրոն այցելեցին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱՄՆ-ից  ժամանած անվանի ակնաբույժներ և ՀԱՆ-ի բարերարներ: 

Նորաբաց կենտրոնում կգործեն գերժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարանը և ակնային զննումների սենյակները՝ ապահովելով ակնային առողջության պահպանման ամբողջական շրջանը։ Վիրահատարանը հագեցած է նաև տեսակապի համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչի շնորհիվ տեղի բուժաձնակազմը անհրաժեշտության դեպքում կկարողանա կապ հաստատել Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ և խորհրդակցել վիրահատության ընթացքում:

 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը` շնորհակալություն հայտնեց ՀԱՆ-ի ողջ անձնակազմին` Սպիտակում ակնաբուժական կետրոն ստեղծելու գաղափարը կյանքի կոչելու և մարզերում ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձելու համար: 

ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանի խոսքով` երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ հիմնելով՝ խթանում ենք ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի մարզերի բնակչության բոլոր շերտերի համար և ապահովում դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու «Աչքի շարժական հիվանդանոցին»՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաև վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով կենտրոնի ինքնաֆինանսավորումը: 

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական տարաբնույթ ծառայություններ է մատուցում Լոռու մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը վեց անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում շուրջ 40,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, շուրջ 10,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 3,000 վիրահատվություն և լազերային բուժում, 10,500 բնակիչ ակնոց է ստացել: Այս աշխատանքները պարբերական բնույթ էին կրում և իրականացվում էին երկու տարին մեկ հաճախականությամբ: Այսուհետև գերժամանակակից սարքավորումների և հատուկ վերապատրաստում ստացած մասնագետի առկայությունը մարզում կլուծի ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիության հարցը ողջ տարվա ընթացքում: 

Նշենք, որ Ջոն և Հասմիկ Մկրտչյանների անվան ՀԱՆ-ի կենտրոնը իրականություն է դարձել մի շարք կառույցների և անհատների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի եւ Ջոն և Հասմիկ Մկրտչյանների թոռնուհու հովանավորության շնորհիվ, ով ցանկանում է անանուն մնալ: Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետի վերահսկողությամբ: 

Ակնային տարաշրջանային կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի հիմնական բաղադրիչն է։ Սա հնգամյա ծրագիր է, որը սկսել է 2014թ. Տավուշի մարզից, Լոռու մարզինը երկրորդն է, առաջիկա երեք տարիներին նմանօրինակ եւս երեք կենտրոն կհիմնվի Հայաստանի տարբեր մարզերում։

 

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն