ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել


ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել

  • 27-06-2016 19:43:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան: Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նստաշրջանի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ, առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ: Երկրորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ 4 նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11-00-ին: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է: Ընդունվել է նաեւ որոշում, որի համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծի եւ կից օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
 
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունումից հետո քննարկումները շարունակվել են եւ 2016 թվականի հունիս 16-ին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կայացել է քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ընտրական օրենսգրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները եւ միջոցառումները:
 
Միեւնույն ժամանակ, նախագծում հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումներն ու ներկայացրած առաջարկությունները` դիտորդների ստուգարքի, ինչպես նաեւ բողոքարկման համար սահմանված ժամկետների երկարաձգման վերաբերյալ:
 
Դավիթ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, իսկ փաթեթի երկրորդ նախագծի փոփոխությունների իրականացումը պայմանավորված է ֆինանսական միջոցների հայթայթումից. մասնավորապես՝ անհրաժեշտ է շուրջ 16 մլն եվրո, որից 3 մլն-ը հանձն է առել հատկացնել ՀՀ կառավարությունը: Ըստ զեկուցողի, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը գումարը հատկացնող դոնոր ի հայտ չգա, ապա երկրորդ նախագիծը չեղյալ կհայտարարվի:
 
Մասնավորապես, առաջարկվում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի կամ կայքերի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում: Երկրորդ՝ ներդրվելու է ընտրողների մատնահետքերով էլեկտրոնային գրանցման նախնական համակարգ: Քվեարկության օրը ընտրական տեղամասերում ընտրողների գրանցումը կատարվելու է տեխնիկական սարքի միջոցով՝ մատնահետքով: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է առավել մատչելի դարձնել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հասանելիությունը, որի համար ներդրվելու է հատուկ մեխանիզմ: Առաջարկվում է հանել դիտորդների համար ընտրական օրենսդրության իմացության վերաբերյալ սահմանված ստուգարքի պահանջները, որն իրականացվել է՝ նկատի ունենալով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը եւ հասարակական կազմակերպությունների մտահոգությունները: Վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը եւ երկարացվել են բողոքարկման ժամկետները:
 
Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաբնույթ հարցերին:
 
Փաթեթի վերաբերյալ պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերել են ընտրողների ռեգիստրի ձեւավորմանը, ընտրացուցակների ճգրտմանը, նույնականացման քարտերին, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը միտված քայլերին, 4+4+4 բանակցային ձեւաչափի քննարկումների արդյունավետությանը, տեսանկարահանման գործընթացին, ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգին եւ առհասարակ ԸՕ-ի նախագծի քաղաքական, իրավական ու տեխնիկական ռիսկերին:
 
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ տեսակետներ են արտահայտել ԱԺ պատգամավորները:
 
Թեւան Պողոսյանն անդրադարձել է ընտրական գործընթացներում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը եւ նշել, որ փաթեթը վստահություն չի ներշնչում: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ներկայացված փոփոխություններին եւ կարծիք հայտնել, որ տարածքային ցուցակներն անհավասար մրցակցություն են ստեղծելու ընդդիմության եւ իշխանության միջեւ: Նա նշել է, որ կողմ է քվեարկելու նախագծին: Արամ Մանուկյանը կարեւոր առաջընթաց է համարել ընտրական գործընթացում քաղաքական ուժերի համաձայնության արդյունքում ստորագրված հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր մտահոգություններն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Պատգամավորը դեմ է արտահայտվել ընտրական գործընթացում միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից նյութական աջակցության ակնկալմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեմ է քվեարկելու: Մարգարիտ Եսայանը նշել է, որ նախագիծը խմբագրման անհրաժեշտություն ունի: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ նոր օրենսգիրքը կփոխի ընտրական գործընթացի որակը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է նախագծի դրույթներին: Ըստ պատգամավորի՝ Հայաստանում պայմաններ չեն ստեղծվել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը պետք է լինի քաղաքական, այլ ոչ թե իրավական: Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով ընտրական գործընթացում ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, նշել է, որ այն չի լուծում ընտրությունների հանդեպ առկա հանրային անվստահությունը: Խմբակցությունը կողմ է քվեարկելու: Ռուբիկ Հակոբյանը ճիշտ չի համարել, որ նախագծի մի շարք դրույթների իրականացումը պայմանավորված է դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Ըստ պատգամավորի՝ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր մտահոգությունները նախագծի վերաբերյալ: Պատգամավորի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքով պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որն իրական վստահություն կներշնչի քաղաքացիների շրջանում: Վահե Էնֆիաջյանը, խոսելով նախագծի դրույթներից, կարծիք է հայտնել, որ առկա է քաղաքական կամք ներկայացնելու նոր փաստաթուղթ: Հովհաննես Մարգարյանն անհրաժեշտ է համարել ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կստեղծի անցկացնել արդար ընտրություններ: Մհեր Շահգելդյանը կարեւորել է քաղաքական ուժերի կողմից ձեռք բերված համաձայնությունը՝ կապված նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ նոր Ընտրական օրենսգիրքը չի լուծելու ընտրական գործընթացում առկա խնդիրները, չի նպաստելու Հայաստանում քաղաքական համակարգի զարգացմանը:
 
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ բոլորի նպատակն է ունենալ ավելի լավ Ընտրական օրենսգիրք: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ընտրական օրենսգրքի ընդունումն աննախադեպ համախմբման արդյունք էր, որը բավարար էր քաղաքական մեծամասնությանը՝ հանրությանը, միջազգային կառույցներին, ընդդիմադիր քաղաքական ուժերին ցույց տալու, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է Ընտրական օրենսգրքին: Սակայն, Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական մեծամասնության համար կարեւոր էր վստահության մեխանիզմների եւ ընտրական գործընթացների վստահելիության մակարդակի բարձրացումը, շարունակվել են քննարկումները: Կարեւորելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների արդյունքում ստորագրված համաձայնագիրը՝ Էդուարդ Շարմազանովն այն որակել է որպես պատմական փաստաթուղթ եւ նշել, որ բարեփոխումներն ունենալու են դրական արդյունք:
 
Նախագծի վերաբերյալ քննարկումը կշարունակվի հունիսի 28-ին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն