«Երիտասարդներն արտագաղթում են արժանապատիվ աշխատանք ունենալու ակնկալիքով». ՀԱՍԱԿ անդամներ (Տեսագրություն)


«Երիտասարդներն արտագաղթում են արժանապատիվ աշխատանք ունենալու ակնկալիքով». ՀԱՍԱԿ անդամներ (Տեսագրություն)

  • 28-06-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Հունիսի 28–ին, ժամը 12:00-ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում  տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության կուսակցության» (ՀԱՍԱԿ) նախաձեռնող խմբի անդամներ՝ Արման Ղուկասյանի և Ծովինար Կոստանյանի ասուլիսը:

 
Թեման՝ «Երիտասարդների արտագաղթը Հայաստանից և երկրի ազգային անվտանգությունը. աշխատանքային շուկա – բուհ կապը. «Հանուն սոցիալական արդարության կուսակցության» հետազոտության արդյունքները (11 բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների շրջանում) և արտագաղթը կանխելու կուսակցության բանաձևը»։
 
Ասուլիսին բանախոսները ներկայացրեցին  նաև իրենց հետագա ծրագրերը. կուսակցության համագումարին ընդառաջ կատարվելիք աշխատանքները։
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1.Հ3TV
2.NT.am
3.Hetq.am
 
ՀԱՍԱԿ-ի` ուսանողների շրջանում արտագաղթի պատճառները պարզոող հետազոտության արդյունքները 
 
Ուսանողների շրջանում արտագաղթի հիմնական դրդապատճառները պարզելու համար Հանուն սոցիալական արդարության (ՀԱՍԱԿ) կուսակցության աշխատանքային խումբն իրականացրել է հետազոտական ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության 11 բուհերի 500 ուսանողների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) շրջանակներում: 
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ուսանողների 67%-ը գոհ է հայաստանյան բուհերում ստացած կրթությունից, 25%-ը` ոչ, իսկ 8%-ը դժվարանում է պատասխանել: Պարզվում է, որ հարցվողների մեծ մասը` 62%-ը հնարավորության դեպքում կմեկնի արտերկիր ուսումը շարունակելու համար, և միայն 33%-ն է պատրաստվում բավարարվել Հայաստանում ստացած կրթությունից, իսկ 5%-ը դժվարանում է պատասխանել: 
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուսանողների` երկիրը լքելու և արտերկրում ուսումը շարունակելու դրդապատճառները տարբեր են: Այսպիսով, 16%-ը պատրաստվում է մեկնել բարձր որակավորում, առավել խորը գիտելիքներ և մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով, 7%-ի կարծիքով իր նախընտրած մասնագիտությունը քիչ պահանջարկ ունի հայաստանյան աշխատաշուկայում, 19%-ը համոզված է, որ դրսում ուսումը շարունակելու դեպքում Հայաստանում կկարողանա բարձր աշխատավարձով աշխատանք գտնել, իսկ 58%-ը ցանկանում է արտերկրում ուսումն ավարտելուց հետո այնտեղ աշխատանք գտնել: 
Ուսանողները նշել են, որ մեկնելուց հետո կվերադառնան հայրենիք, եթե Հայաստանում գտնեն 150. 000 դրամ աշխատավարձով և հետագայում այդ աշխատավարձը աճելու հեռանկարներով աշխատանք (48%), 49%-ը չի մնա արտերկրում, եթե Հայաստանում աշխատեն իրենց մասնագիտությամբ, ունենան մասնագիտական հեռանկարներ և 150. 000 դրամից բարձր աշխատավարձ, իսկ 3%-ը ոչ մի պարագայում չի վերադառնա Հայաստան:
 
ՀԱՍԱԿ-ը առաջարկում է այս խնդրի լուծման առաջնային բանաձևը.
 
ՀՀ-ում պետական մակարդակով անհրաժեշտ է կադրային  քաղաքականության հայեցակարգ/ռազմավարություն ընդունել: Վերջինս ենթադրում է գործատու-աշխատող կանոնակարգված հարաբերությունների հաստատում, բազմակողմանի օժանդակություն արհմիութենական շարժմանը, պետական համապատասխան մարմնի կողմից կադրային աուդիտի իրականացում ՀՀ խոշոր և միջին գործատուների մոտ, ինչը կբերի վերջիններիս կողմից կադրերի վերապատրաստման ծրագրերի պարբերական իրականացմանը:
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ