Նորաստեղծ ՀԱՍԱԿ կուսակցությունը գտել է ուսանողների արտագաղթը կանխելու բանաձևը (տեսանյութ)
28-06-2016 14:24:08 | Հայաստան | Հասարակություն
Հայ ուսանողների 58 տոկոսը ցանկանում է ուսումը շարունակել և աշխատել արտերկրում` մեկընդմիշտ հաստատվելով այնտեղ: Այս վիճակագրությունը ներկայացնում է նորաստեղծ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ), որն այս պահին զբաղված է իր քաղաքական ծրագրի մշակմամբ: Ինչպես հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀԱՍԱԿ-ի ներկայացուցիչ Արման Ղուկասյանը, իրենց քաղաքական ծրագիրը մշակվում է հանրային պահանջից ելնելով և այդ շրջանակում իրականացվում են տարբեր հետազոտություններ հանրային պահանջը պարզելու համար:
Ըստ նրա` ներկայումս հանրային հրատապ լուծում ենթադրող պահանջներից մեկը երիտասարդների կամ ուսանողների շրջանում արտագաղթի խնդիրն է, որի դրդապատճառները պարզելու և դրան արդյունավետ լուծում առաջարկելու համար ՀԱՍԱԿ-ն իրականացրել է հետազոտական ուսումնասիրություն ՀՀ 11 բուհերի 500 ուսանողների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) շրջանում: Ա. Ղուկասյանի փոխանցմամբ` իրենց կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայրենիքը լքելու և արտերկրում աշխատելու հայ ուսանողների դրդապատճառները տարբեր են, մասնավորապես, 16 տոկոսը պատրաստ է մեկնել բարձր որակավորում և առավել խորը գիտելիքներ ու մասնագիտական փորձ ձեռք բերելու նպատակով, 7 տոկոսի կարծիքով իր նախընտրած մասնագիտությունը քիչ պահանջարկ ունի հայաստանյան աշխատաշուկայում, իսկ 19 տոկոսը համոզված է, որ դրսում ուսումը շարունակելու դեպքում Հայաստանում կկարողանա բարձր աշխատավարձով աշխատանք գտնել:
«Մենք պարզել ենք, թե ինչ տրամադրվածություն ունի երիտասարդությունը բուհն ավարտելուց հետո աշխատանքի հետ կապված և ներկայացնում ենք մեր բանաձևը երիտասարդների արտագաղթը կանխելու ուղղությամբ, այսինքն, եթե մենք խնդրի մասին բարձրաձայնում ենք, ապա պետք է դրա լուծման բանաձևն էլ ունենանք, որն այս դեպքում Հայաստանում պետական մակարդակով կադրային հայեցակարգի ընդունումն է»,- ընդգծեց Ա. Ղուկասյանը` հավելելով, որ այդ պահանջով դիմելու են ՀՀ կառավարությանը:
Վերջինիս խոսքերով` կադրային ռազմավարության մշակումը ենթադրում է գործատու-աշխատող կանոնակարգված հարաբերությունների հաստատում, բազմակողմանի օժանդակություն արհմիութենական շարժամնը, պետական համապատասխան մարմնի կողմից կադրային աուդիտի իրականացում ՀՀ խոշոր և միջին գործատուների մոտ, ինչը կբերի վերջիններիս կողմից կադրերի վերապատրաստման ծրագրերի պարբերական իրականացմանը:
Անդրադառնալով հետազոտության արդյունքներին` ՀԱՍԱԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ծովինար Կոստանյանը նշեց, որ այստեղ խնդիրը ոչ այնքան բուհական կրթության որակի մեջ է, որքան ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատելու և արժանապատիվ աշխատավարձ ստանալու:
Նրա խոսքերով` երիտասարդ «ուղեղների» արտահոսքը երկրի անվտանգության հարց է, ուստի անհրաժեշտ է լուրջ վերաբերել այս խնդրին: Ծ. Կոստանյանի փոխանցմամբ` հարցվողների 49 տոկոսն էլ նշել է, որ չի մնա արտերկրում, եթե Հայաստանում աշխատեն իրենց մասնագիտությամբ, ունենան մասնագիտական հեռանկարներ և 150.000 դրամից բարձր աշխատավարձ` հետագայում այն աճելու հեռանկարով:
Բանախոսների տեղեկացմամբ` հուլիսի վերջին լինելու է ՀԱՍԱԿ-ի առաջին համագումարը: