Վահրամ Բաղդասարյանն առաջիկա ընտրակեղծարարության համար պատասխանատվությունն արդեն իսկ դնում է դոնորների վրա


Վահրամ Բաղդասարյանն առաջիկա ընտրակեղծարարության համար պատասխանատվությունն արդեն իսկ դնում է դոնորների վրա

  • 28-06-2016 17:00:30   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն այլ բան չէ, քան հարված դոնոր կազմակերպություններին ու երկրներին:
 
Խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի շուրջ այսպես ասած «լայն կոնսենսուսի» իրականացման համար
անհրաժեշտ 16 միլիոն դոլարին:
«Այս աշխարհում փող շատ կա, երբ դոնոր կազմակերպություններին պետք է լինում իմ ազգային արժեքները փչացնել իմ երկրում և դրա համար ակցիաներ կազմակերպել, դրա համար կան միլիոնավոր դոլարներ: Իսկ երբ որ պետք է ժողովրդավարությունը զարգացնել, դրա համար անհրաժեշտ գումարները մենք չենք ճարում», հայտարարել է Բաղդասարյանը:
Այդպիսով, իշխանությունը փաստացի կատարում է Հայաստանում հակասահմանադրական ճանապարհով հերթական՝ 2017 թվականի վերարտադրության պատասխանատվությունը միջազգային հանրության վրա դնելու առաջին քայլը:
Դժվար է ասել, հենց դա՞ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ 2016 թվականի փետրվարի 12-ին իշխանությանը հորդորում էր, որ պետք է ամբողջությամբ իրականացնել միջազգային հանրության առաջ ստանձնած ընտրական հանձնառությունները: Բայց, փաստ է, որ Վահրամ Բաղդասարյանն առաջիկա ընտրակեղծարարության համար պատասխանատվությունն արդեն իսկ դնում է դոնորների վրա: Ընտրական օրենսգրքի շուրջ «լայն կոնսենսուսից» հետո դա իհարկե պետք է լիներ հաջորդ տրամաբանական քայլը, որովհետեւ «կոնսենսուսը» ի վերջո ոչ թե օրենսգրքի դրույթների, այլ հենց ընտրական գործընթացի անօրինականության եւ անվստահելիության համար պատասխանատվությունը միջազգային հանրության վրա դնելու շուրջ է:
Դա պետք է թե իշխանությանը, թե այսպես ասած ընդդիմությանը: Իշխանության առումով հասկանալի է ամեն բան, թե ինչու է պետք պատասխանատվությունը հանել սեփական ուսերից: Այսպես ասած ընդդիմությանն էլ դա անհրաժեշտ է ոչ պակաս, որպեսզի հետագայում հանրությանն ասվի, թե իրենք արել էին իրենցից հասանելիքը կամ հնարավորը՝ ստիպել էին իշխանությանը գնալ զիջումների, իսկ ահա միջազգային հանրությունը, որ այդքան խոսում է ժողովրդավարությանն աջակցելու մասին, փող չտվեց այդ «կոնսենսուսը» իրականացնելու համար:
Ահա ամբողջ մեխանիզմը, որը փաստացի սկսում է գործի դնել Վահրամ Բաղդասարյանը: Ըստ երեւույթին, պատահական չէ, որ նա այդ բանն անում է Ռոյթերզ գործակալությանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից հետո, որտեղ Սարգսյանը փաստացի հայտարարել է ընտրությանը ՀՀԿ-ի «հաղթանակի» մասին, եւ նաեւ քաղաքականության մեջ իր ներկայությունը շարունակելու մասին:
Իսկ ինչ կլինի, եթե դոնորները հանկարծ տան 16 միլիոն դոլարը: Արդյոք իշխանությունը պարզապես չի դիմում այն ստանալու շանտաժի: Իհարկե բացառված չէ, քանի որ իշխանությունն անկասկած ունի պլան Բ, որն էլ փորձարկեց Հրազդան քաղաքում: Բանն այն է, որ Հրազդանի ընտրությանը փորձարկվեց ընտրակեղծարարության հիմնական գործը ընտրատեղամասից դուրս անելու մեխանիզմը: Եվ անգամ Հրազդանի ընտրությանը մասնակից ընդդիմադիր քաղաքական ուժը խոստովանեց, որ դա հաջողվել է: Ընդդիմադիր թեկնածու ներկայացրած Քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց, որ ընտրատեղմասերում իրենց հաջողվել է պահել իրավիճակը եւ օրինականությունը, կեղծիքները թույլ են տրվել դրանցից դուրս:
Այդպիսով, եթե անգամ դոնորները հատկացնեն 16 միլիոնը, ապա անկասկած է, որ իրավիճակը դրանից չի փոխվելու եւ արդեն համապետական մասշտաբով լինելու է այն, ինչ եղավ Հրազդանում: Դե, իսկ դա իհարկե կգնահատվի քայլ առաջ, քանի որ փաստորեն լուծված կլինի ընտրատեղամասերի խնդիրը: Իսկ դրանցից դուրս խնդիրն էլ, ինչպես ասում են, հաջորդ դասին՝ 2022 թվականին:
Այդ դեպքում իհարկե գոհ կլինեն բոլորը, այդ թվում նաեւ դոնորները:
Իհարկե խնդիրը տվյալ պարագայում այն է, թե ինչո՞վ կառաջնորդվեն նրանք՝ Հայաստանին անկեղծորեն օգնելու մտադրությամբ, թե՞ ամբոխահաճությամբ կամ քարոզչական այլ նկատառումներով: Բանն այն է, որ եթե դոնոր կազմակերպությունները կամ երկրները իրապես ունեն Հայաստանի հանրային շահին օգտակար լինելու ցանկություն, ապա 16 միլիոն դոլարով չեն ֆինանսավորի ՀՀԿ հերթական վերարտադրությունը: Դրա փոխարեն, դոնոր կառույցներն ու երկրները կարող են օժանդակություն ցուցաբերել Հայաստանի քաղաքացիական սեկտորին, փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչը շատ ավելի արդյունավետ օգնություն կլինի Հայաստանի պետական շահի տեսանկյունից:
Նրանք կարող են նույն ոգով պատասխանել Վահրամ Բաղդասարյանին եւ ՀՀԿ-ին, ասելով, որ ՀՀԿ-ն շատ փող ունի, որը վաստակել է ազգային արժեքների ցուցանակի տակ պետությունը խեղելու, Սահմանադրության եւ օրենքների ոտնահարման գնով, հանրային եւ պետական ունեցվածքն անձնական կալվածքների բաժանելու միջոցով, պետության մի քանի հարյուր հազար քաղաքացիներին արտագաղթի մղելու, իսկ մի ամեն երրորդ քաղաքացուն էլ աղքատության շեմի հասցնելու գնով:
Հետեւաբար, 16 միլիոն դոլարը «կոնսենսուսի» փաթաթան դարձնելու փոխարեն, ինչը թերեւս մտնում է այսպես ասած ընդդիմության հետ համաձայնության փաթեթի մեջ, ՀՀԿ-ն կարող է ձեռքը տանել գրպանը եւ այնտեղից հանել անհրաժեշտ միլիոնները՝ «կոնսենսուսը» իրականություն դարձնելու համար:
Միեւնույն ժամանակ, Վահրամ Բաղդասարյանի հայտարարության մեջ նկատելիորեն ուրվագծվում է որոշակի շանտաժը դոնոր երկրների կամ կառույցների հասցեին: Փաստացի, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ակնարկում է, որ եթե դոնորները չտան վերարտադրության 16 միլիոն փողը, այսինքն չֆինանսավորեն ՀՀԿ-ի վերարտադրությունն ու պատասխանատվություն չկրեն դրա համար, ապա նրանց հետագա գործունեությունը եւ քաղաքացիական հասարակության գործունեությանը ֆինանսական օժանդակությունը վերարտադրված ՀՀԿ-ն կդիտի որպես «ազգային արժեքների ոտնահարում», երեւի թե դրանից բխող հետեւանքներով:
Հատկապես, որ ոտնահարողը Մարիա Զախարովան չէ, որն ի տարբերություն դոնորների, «ազգային արժեքների» հարցում ՀՀԿ-ին այնքան հեռու ուղարկեց, որ մինչ այժմ որեւէ ՀՀԿ-ականի ձայն չի լսվում։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն