Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը վերածվել է աշխարհքաղաքական յուրօրինակ փակ ակումբի. Մեկնաբան
28-06-2016 17:19:43 | Հայաստան | Վերլուծություն
Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ Պուտինը սեւ «ջիպով» անձամբ է եկել Սերժ Սարգսյանի մոտ, զրուցել նրա հետ, հետո միասին գնացել են Ալիեւի հետ հանդիպման: Պետերբուրգի հանդիպումից մի քանի օր անց էլ Հանրային հեռուստաընկերությունը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ հանդիպումից հետո Պուտինը կրկին այցելել է Սերժ Սարգսյանին, երբ Սարգսյանը պատրաստվում էր արդեն մեկնել օդանավակայան Երեւան վերադառնալու համար:
Հայաստանի ներքաղաքական կյանքում Սարգսյան-Պուտին անձնական հարաբերության խնդիրն օրակարգային է: Բանն այն է, որ Պուտինի հետ հարաբերությունը ցուցիչ է հայաստանյան համակարգի համար: Այդ խնդիրը վերջին շրջանում շոշափվում էր Սերժ Սարգսյանի համար ոչ ձեռնտու երանգներով: Օրինակ, Հայաստան ռուսական զենքի մատակարարման բացակայությունը որոշ լրատվամիջոցներով կապվում էր հենց Պուտինի եւ Սարգսյանի անձնական հարաբերությամբ, որ Պուտինը չի վստահում Սարգսյանին, դժգոհ է նրանից: Հրապարակվում էին նաեւ տարբեր այլ տեղեկություններ, թե Պուտինն ինչքան դժգոհ է Սարգսյանից:
Իսկ քանի որ հայաստանյան իշխանական եւ քաղաքական դասի ճնշող մեծամասնության համար «ցարի» վերաբերմունքը կողմնորոշիչ է, ուղեցույց, ապա Սարգսյանը բնականաբար առիթը բաց չի թողնելու հակադարձել այդ քարոզչությանը կամ մեղադրանքներին, ինչն էլ անում է Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո, ցույց տալու համար, թե որքան լավ է Պուտինի հետ հարաբերությունը: Ի դեպ, հետաքրքիր է, որ Սանկտ-Պետերբուրգից հետո էլ, համենայն դեպս ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվածությունների են եկել սպառազինության մատակարարման հարցում, որից հետո ԱԺ օրակարգում հայտնվեց համատեղ ՀՕՊ համաձայնագիրը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մի առիթով հայտարարել էր, թե համաձայնագիրը եւ սպառազինությունը կապված են իրար:
Պուտինի հետ հարաբերության այդ խնդրի շուրջ ծավալումները հատկապես հետաքրքիր են դառնում Ռոյթերզ գործակալությանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի եւ դրանում արտահայտված այն մտքի ֆոնին, որ Սարգսյանը ՀՀԿ ընտրական «հաղթանակի» դեպքում իր համար անելիք է տեսնում քաղաքականության մեջ:
Ըստ երեւույթին, Սանկտ-Պետերբուրգում Սերժ Սարգսյանը լուծել է հենց քաղաքականության մեջ իր հետագա անելիքի, այլ կերպ ասած՝ իշխանության խնդիրը: Կամ սկսել է դրա լուծման գործընթաց: Չի բացառվում, որ հենց այդ գործընթացին է ծառայելու «ի լրումն Մինսկի խմբի» ստեղծվող Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ ձեւաչափը:
Եռակողմ այդ ձեւաչափը թերեւս ավելի շատ վերաբերելու է ոչ թե Արցախի խնդրին, այլ Հայաստանում եւ Ադրբեջանում իշխանության խնդրին, որի համատեքստում էլ պարզապես կօգտագործվի Արցախի խնդիրը:
Ստեղծվում է երկու ուշագրավ զուգահեռ՝ Մինսկի խումբը, երեք համանախագահներով, եւ «ի լրումն դրա» եռակողմ ֆորմատը: Փաստացի, տեղի է ունենում աշխատանքի վերաբաշխում:
Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը տարիների ընթացքում վերածվել է աշխարհքաղաքական յուրօրինակ փակ ակումբի, որտեղ Արցախի խնդիրն ավելի շատ դարձել է առիթ, քան աշխատանքի առարկա: Եղել է այդ առարկաներից մեկը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը քննարկել են այդ փակ ֆորմատում: Այդ հարցերի թվում անկասկած եղել են թե Հայաստանի ու Ադրբեջանի ներքին, թե արտաքին, թե տարածաշրջանային ու մերձտարածաշրջանային խնդիրներ:
Սանկտ-Պետերբուրգից հետո կարծես թե տեղի է ունենում աշխատանքի բաժանում եւ ԱՄՆ ու Ֆրանսիան Ռուսաստանին են հանձնում ներքին խնդիրների գործը, եւ Հայաստանից ու Ադրբեջանից «առանձին-առանձին» հարցնելու փոխարեն, այսուհետ երկուսի փոխարեն կհարցնեն Ռուսաստանից:
Դա նշանակում է, որ տեղի է ունենում որոշակի խոշորացում: Այդ իրավիճակը ամենեւին չի նշանակում, որ օրինակ ԱՄՆ չի առնչվի Հայաստանի ներքին կյանքին վերաբերող գործընթացներին: Պարզապես ԱՄՆ ու Ֆրանսիան փաստացի օտարում են իրենցից Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական ստատուս-քվոյի «մշտադիտարկման» գործառույթները եւ դրանով իսկ ճանաչում, որ այդ գործընթացը միատարր է, եւ ներքաղաքական կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի:
Այլ կերպ ասած, տեղի է ունենում ռեսուրսների օպտիմալացում. Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին, Ռուսաստանինը՝ Ռուսաստանին: ԱՄՆ ու Ֆրանսիայի հետաքրքրության կենտրոնում կհայտնվեն արդեն ոլորտային առավել կոնկրետ աշխատանքները, որոնք ներքաղաքական ստատուս-քվոյի երաշխավորվածության պայմաններում միտված կլինեն առանձին ոլորտային ուղղություններում փոփոխություն արձանագրելուն:
Ընդ որում, դա կլինի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մրցակցային նոր զուգահեռ, որից մեղմ ասած քիչ բան կախված չի լինի Արցախի հարցում իրադարձությունների զարգացման առումով: