92 թափուր աշխատատեղ՝ Արագածոտնի մարզում


92 թափուր աշխատատեղ՝ Արագածոտնի մարզում

  • 28-06-2016 17:59:54   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում:
 
Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Առաջին կանգառը Ապարան քաղաքն էր, որտեղ նախարարը մարզպետի և Ապարանի քաղաքապետի ուղեկցությամբ եղել է Զբաղվածության գործակալության կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառում, որին մասնակցում էին մարզի մի քանի համայնքների 29 գործատու՝ առաջարկելով 92 թափուր աշխատատեղ: Նախարար Արտեմ Ասատրյանը շփվել է գործատուների և աշխատանք փնտրողների հետ, ծանոթացել առաջարկվող աշխատանքներին, ներկայացվող պահանջներին: «Աշխատանքի տոնավաճառը մեր զբաղվածության պետական հաջողված ծրագրերից է, որը հնարավորություն է ընձեռում անմիջական շփումների միջոցով աշխատանք փնտրողների և աշխատանք առաջարկողների միջև կապ ապահովել, ինչի արդյունքում աշխատանք գտնելու հնարավորություններն ավելի են մեծանում»,-նշել է նախարարը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է Ապարան և Աշտարակ քաղաքներում համալիր սոցիալական կենտրոնների համար նախատեսված շենքային պայմաններին, ընդգծել մարզում կենտրոններ ստեղծելու կարևորությունը, որոնք քաղաքացիներին մատուցելու են համալիր սոցիալական ծառայություններ: Նախարարի խոսքով՝ ծրագրի արդյունքում հանրապետությունում կձևավորվեն շուրջ 55 համալիր սոցիալական կենտրոն: Նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցի վերջին կանգառը Փարպի համայնքն էր, որտեղ նախարարը ծանոթացել է ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերից մեկի՝ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի արդյունքներին: Ծրագրի արդյունքում Փարպի համայնքում իրականացվել է մարզադաշտի բարեկարգում, հանդերձարանների կառուցում և համապատասխան վերանորոգումներ: «Վստահ եմ, որ համայնքի բնակչությունը բավականին ոգևորված է ծրագրով, քանի որ պետական ծրագրի շրջանակներում իրականացվել է համայնքային ծրագիր, որը անհրաժեշտ է համայնքի բնակչությանը: Միաժամանակ, ծրագիրը ժամանակավոր զբաղված է դարձրել համրանքի սոցիալապես անապահով բնակիչներին, ովքեր աշխատանքի դիմաց օրական վարձատրվել են 5 հազար դրամ»,-նշել է նախարարը և հավելել, որ «Վարձատրվող հասարակական  աշխատանք» ծրագիրը համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման խնդիրների լուծման տեսանկյունից ժամանակավոր զբաղվածության լավագույն ծրագրերից մեկն է:    
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժին 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play