Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներն առողջապահական հարցեր են քննարկել


Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրներն առողջապահական հարցեր են քննարկել

  • 28-06-2016 18:30:23   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների  առողջապահության նախարարների Մոսկվայում  այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահությանը և դեղագործությանն առնչվող մի շարք հարցեր:
 
Օրակարգում էին «Դեղերի որակի երաշխավորման բնագավառում տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին»  Փոխըմբռնման հուշագրի և «ՍԾՏՀ տարածքի սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի նախագծերի ստորագրման հարցերը: ՍԾՏՀ անդամ երկրների ներկայացուցիչները  երկխոսություն են ծավալել ինչպես համաշխարհային առումով վտանգ ներկայացնող, այնպես էլ տարածաշրջանին հուզող առողջապահական խնդիրների վերաբերյալ: Կարևորվել են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի համար համապատասխան պայմանների ստեղծման, դեղերի շրջանառության վերահսկման, դեղերի որակի երաշխավորման և տարածաշրջանի սանիտարական պաշտպանության խնդիրները:
 
 «ՍԾՏՀ անդամ երկրները` լինելով հարևաններ, առողջապահական նմանատիպ խնդիրներ ունեն, որոնց լուծումը համատեղ գործողություններ է պահանջում»,-իր ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը։ Նա նաև կարևորել է դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության համատեղ ապահովումը։
 
Այս հանդիպումը կնպաստի երկրների դիրքորոշումների մերձեցմանը և առողջապահության բնագավառում ուղեցուցային տեղեկություններ կտրամադրի  ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման համար:
 
Նախատեսվում է ընդունել համապատասխան հռչակագիր:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն