Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կոչ է անում հետևել իր օրինակին և վավերացնել Սևրի պայմանագիրը (տեսանյութ)
29-06-2016 16:14:52 | Հայաստան | Հասարակություն
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Գառնիկ Սարգիսեանը կոչ է անում Սևրի պայմանագիրը ստորագրած դաշնակից պետություններին վավերացնել Սևրի Խաղաղության պայմանագիրը, որը նրա համոզմամբ` խաղաղություն կբերի ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև ամբողջ աշխարհին:
Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Սարգիսեանը նշեց, որ խաղաղությունը դարձել է անհրաժեշտություն ամբողջ աշխարհի համար, քանի որ մարդկության անվտանգությունը վտանգված է:
Ըստ նրա, Սևրի խաղաղության դաշնագրի այսքան տարի կյանքի չկոչելը նպաստել է, որպեսզի աշխարհում գլուխ բարձրացնի ահաբեկչությունը` քաոս առաջացնելով թե տարածաշրջանում, թե Եվրոպայում, թե Մերձավոր և Միջին Արևելքում:
«Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերցրեց այդ պատասխանատվությունը վավերացնելու Սևրի դաշնագիրը, որն ինքնին խաղաղության կոչ է` ի նպաստ աշխարհին և բնիկ ժողովուրդներին»,- ասաց Գ. Սարգիսեանը` հավելելով, որ պանթուրքիզմի կամ պանիսլամիզմի ծրագրերը վերջակետի են հասել:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի համոզմամբ` բնիկ ժողովուրդներն ուրիշ հնարավորություն չունեն, բացի Արևմտյան Հայաստանի Հանրապետության վերակառուցումից, որտեղ նրանք կկարողանան ապրել` պահպանելով սեփական ինքնությունը:
Գ. Սարգիսեանի փոխանցմամբ` Արևմտյան Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստ են ապահովելու բնիկ ժողովուրդների անվտանգությունն այդ տարածքում, եթե կյանքի կոչվի Սևրի խաղաղության դաշնագիրը:
Վերջինս վստահ է, որ մոտ է այն ժամանակը, երբ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումիանիա, Հայաստան, Չեխոսլովակիա) վերջապես կվավերցնեն Սևրի պայմանագիրը, քանի որ այն այլընտրանք չունի:
Գ. Սարգիսեանի տեղեկացմամբ` այս աշնանը կազմակերպելու են բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների համաժողով, որի նպատակն է ստեղծել բնիկ ժողովուրդների միասնական կոնգրես: Վերջինս պետք է զբաղվի այդ ժողովուրդների իրավունքները պաշտպանելու հարցերով:
Անդրադառնալով Ստամբուլում հուլիսի 10-20-ը կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի նիստին, որտեղ քննարկվելու է Անիի հարցը` Արևմտյան Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդգծեց. «Չեմ կարծում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կսխալվի և կհամարի Անին Թուրքիայի Հանրապետության մաս, սակայն, այնուամենայնիվ, կոչ եմ անում ամբողջ աշխարհում սփռված տարագիր հայությանը համախմբվել և խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակների առջև` ևս մեկ անգամ հաստատելով, որ Անին պատկանում է հայերին»: