Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ հարվածին.Քաղաքագետ


Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ հարվածին.Քաղաքագետ

  • 29-06-2016 14:35:14   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 «Առավոտ». Ադրբեջանի նախագահի հայտարարություններն, ըստ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի, ծանր փորձություն են միջնորդների համար։ 
 
– Պարոն Աբրահամյան, Սանկտ Պետերբուրգում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպմանն Ադրբեջանն ընդգծված դրական վերաբերմունք ուներ, ինչո՞վ էր դա պայմանավորված: Ի դեպ, այդ հանդիպումից ադրբեջանական կողմը մանրամասներ «գաղտնազերծեց»: 
 
– Պարզ իմիտիացիայով. այդ հանդիպմանը հետեւած ադրբեջանական արձագանքները, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությունն առ այն, որ կողմերը համաձայնության են հասել գործընթացի փուլային կարգավորման՝ սկզբում՝ 5, ապա 2 շրջաններ Ադրբեջանին հանձնելու հարցում, ցույց տվեցին, որ այդ հանդիպումն Ադրբեջանի համար զուտ քարոզչական առիթ էր: Բացի նրանից, որ ռուսական կողմը շատ կոշտ հերքեց Մամեդովի հայտարարությունը, ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանությունները արժանահավատ չէին նրանով, որ բանակցությունները, որպես այդպիսին, դեռեւս չեն վերականգնվել, իսկ այս փուլում քննարկման օրակարգում կողմերի միջեւ վստահության ստեղծման, հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ կապված հարցեր են: Ադրբեջանը Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումը բացառապես երկու նպատակի ծառայեցրեց՝ քարոզչական եւ դադար վերցնելու: 
 
 
– Ինչո՞վ էր պայմանավորված ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի օպերատիվ արձագանքը. նման բան հաճախ չես հանդիպի: 
 
– Ըստ էության, Ռուսաստանում Ադրբեջանի հայտարարությունը ընկալեցին գործընթացը ձախողման տանելու փորձ, դա էր պատճառը, որ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի շուրթերով ռուսական կողմը փորձեց կանխել գործընթացի հետագա բարդացումները:
 
– Ադրբեջանի նախագահ Ալիեւը նախօրեին հայտարարեց, որ հայկական կողմի ներկայացրած նախապայմանի՝ շփման գծում հետաքննությունների մեխանիզմ ներդնելու անհրաժեշտություն չի տեսնում: Վերջինս նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն չի ստանա եւ հայկական երկրորդ հանրապետություն չի ստեղծվի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
 
– Նախ պետք է արձանագրել, որ հետաքննությունների մեխանիզմների ներդրման առաջարկը դեռ մի քանի տարի առաջ կողմերին ներկայացրել են միջնորդ երկրները, եւ այնպես չէ, որ դրա մասին ադրբեջանական կողմը Վիեննայում կամ Պետերբուրգում էր իմացել, այլ բան է, որ տարիներ շարունակ Ադրբեջանը մերժում էր դրա ներդրման հնարավորությունը, իսկ թե ինչու, ապա դա առավել պարզ դարձավ ապրիլյան իրադարձությունների օրերին: Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ծանր փորձություն են միջնորդների համար. իրադարձությունները ցանկացած պահի կարող են վերահսկողությունից դուրս գալ, որովհետեւ ըստ էության Ադրբեջանը գործընթացը հետեւողականորեն տանում է վերջնական տապալման: Եթե ուշադրություն դարձնեք ադրբեջանական լրատվամիջոցների լրահոսին, ապա պարզ նկատելի է՝ գործընթացին վնասող մեկնաբանություններով նախ հանդես եկան ադրբեջանցի փորձագետները, ապա տարբեր տրամաչափի չինովնիկներ, իսկ վերջում՝ նախագահ Ալիեւը: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը պլանավորված ձեւով գործընթացը «քշում» է փակուղի:
 
– Իսկ ի՞նչ պետք է անել այս պարագայում:
 
– Պարզ տեսանելի է, որ Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ հարվածին, այս պարագայում միջնորդ երկրները պետք է ուժեղացնեն ջանքերը՝ Ադրբեջանին հետ պահելու նոր արկածախնդրությունից, իսկ մենք բոլոր ճակատներով պատրաստվենք պատերազմի՝ անկախ այն հանգամանքից, թե այն երբ կլինի, ինչ մասշտաբներով եւ ինչ պայմաններում:
 
– Չե՞ք կարծում, որ հայկական կողմը բավական պասիվ է արձագանքում Ադրբեջանի` շարունակվող ցինիզմին: Վկայակոչելով ՌԴ-ի կոշտ արձագանքը՝ տպավորություն է, որ թաքնվում ենք ՌԴ-ի ետեւում, այն ՌԴ-ի, որը ապրիլյան քառօրյա պատերազմում թիկունքից հարվածեց իր ռազմավարական գործընկերոջը:
 
– Թաքնվելու խնդիր չկա. Ձեր կողմից նշված ցինիզմին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ ընդամենը ի ցույց դրեց Ադրբեջանի դիվանագիտական-քարոզչական պրիմիտիվությունը, հայկական կողմն արձագանքեց արտգործնախարարի մակարդակով: Ադրբեջանի քարոզչական «տրյուկներ»-ը մեզ հուշում են Ադրբեջանի հետագա գործողությունների մասին, այս պարագայում պարտադիր չէ այդ ակտիվ արձագանքը դրսեւորվի հրապարակային «լեզվակռվով», այս փուլում այդ ակտիվությունը պետք է դրսեւորվի առաջնագծում՝ համապատասխան քայլերի գործադրմամբ:
 
– Իսկ առաջնագծում քայլեր անո՞ւմ ենք:
 
– Առաջնագծում հայկական զինուժը համապատասխան ինժեներական ամրացման-տեխնիկական հագեցվածության աշխատանքներ է տանում, ինչը հնարավորություն է տալիս ադրբեջանական կողմի հնարավոր տեղաշարժն առավել մեծ հեռավորության վրա ֆիքսել ու առավել արագ գործել: Ընդհանուր առմամբ, մեծ թվով ուղղություններում վերանայումներ են կատարվում, որոնք կնպաստեն ինչպես զինծառայողների սոցիալ-կենցաղային հարցերի բարելավմանը, այնպես էլ առավել անվտանգ ծառայության իրականացմանը:   
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ