Հայկական բանակն անհամբեր սպասում է Ադրբեջանի նոր արկածախնդրությանը


Հայկական բանակն անհամբեր սպասում է Ադրբեջանի նոր արկածախնդրությանը

  • 29-06-2016 17:34:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ելույթ ունենալով զինվորականների առջեւ, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
 
Նա ասել է, որ չի համաձայնել ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար ադրբեջանական եւ արցախյան զորքերի շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմ եւ դիտորդներ տեղակայելու մասին Սերժ Սարգսյանի պայմանին:
«Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի գործ է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է լինել: Սակայն այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր երկրի տարածքային ամբողջականությունը», ասել է Ալիեւը:
Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո որոշակի հանգամանքներ են պարզվում: Դատելով Ալիեւի հայտարարություններից, նա հայտնվել է բարդ իրավիճակում, մասնավորապես հետաքննության մեխանիզմների հարցում: Դա փաստացի Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի միջազգային որոշակի ճանաչում է, ըստ այդմ՝ Ղարաբաղի կարգավիճակի ճանաչում:
Վիեննայում քննարկվել է հենց այդ խնդիրը, Սանկտ Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ այդ մասին խոսք չկա: Սակայն Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, հայտարարեցին, որ Սանկտ Պետերբուրգը Վիեննայի շարունակությունն է, եւ առաջնային խնդիրը հենց հետաքննության մեխանիզմների տեղակայումն է:
Փաստացի, Ալիեւի առջեւ հստակ դրվել է Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցը, եւ դա նկատելի է թե նրա, թե Ադրբեջանի այլ պաշտոնյաների հայտարարություններից: Ալիեւի հայտարարությունը Ադրբեջանի ռազմական դիվանագիտության պարտության հայտարարություն է:
Ադրբեջանը հայտնվել է ծուղակում, եւ դա ապրիլյան արկածախնդրության հետեւանքն է: Հիմա կամ պետք է համաձայնվի միջնորդների պայմաններին, կամ սկսի նոր ռազմարշավ: Սակայն, եթե ապրիլին Ադրբեջանին հաջողվեց խուսափել աղետից, այս անգամ հայկական բանակը, որին ապրիլին փակեցին վանդակում, հրամանների չի սպասելու, եւ դա ակնհայտ է բոլորի համար: Հայկական բանակն անհամբեր սպասում է Ադրբեջանի նոր արկածախնդրությանը:
Սակայն, սա դեռ չի նշանակում Հայաստանի հաղթանակ, ավելին, սա ամենեւին էլ Հայաստանի հաղթանակը չէ: Բանն այն է, որ այդ հաղթանակին հասնելու համար անհրաժեշտ է վարել ինքնիշխան քաղաքականություն, ոչ թե ապավինել հանգամանքներին: Հայկական դիվանագիտությունը հենց դրանով էլ զբաղված է, եւ դա երեւաց նաեւ Ադրբեջանի հայտարարությունների հայկական արձագանքներից:
Սանկտ Պետերբուրգից հակասական տեղեկություններ են ստացվում, եւ դա բնական է: Ադրբեջանը կարող է այս իրավիճակից դուրս գալ Ռուսաստանի օգնությամբ, առավել եւս, որ ապրիլյան արկածախնդրությանը գնացել էր Ռուսաստանի աջակցությամբ:
Ռուսաստանը լուռ է հետաքննության մեխանիզմի հարցում, ակնհայտ է, որ դա ձեռնտու չէ նաեւ Մոսկվային: Չի բացառվում, որ ղարաբաղյան կարգավորման «զուգահեռ» ձեւաչափ ստեղծելով, Ռուսաստանը կփորձի խոչընդոտել այդ մեխանիզմների տեղակայմանը:
Այստեղ սակայն ուրվագծվում է մի ուշագրավ հանգամանք՝ եթե իսկապես Մինսկի խմբի ու ռուսական ձեւաչափերը մեկը մյուսի շարունակությունն են ու լրացնում են միմյանց, դա նշանակում է, որ կա աշխատանքի յուրատեսակ բաժանում: Չի բացառվում, որ Մինսկի խումբն իրեն է վերապահել կարգավորման քաղաքական հարցերը, մասնավորապես Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ռուսական ձեւաչափում գծվելու են նոր սահմանները կարգավիճակը որոշելուց առաջ: Ապրիլին հենց նման մի մեխանիզմ է փարձարկվել:
Հայաստանի իշխանությունը կգնա՞ հաղթելու ճանապարհով, վարելով համարժեք ու ինքնուրույն քաղաքականություն, թե մնալով զուտ Ռուսաստանի «ձեւաչափում»՝ կօգնի Ադրբեջանին այս հարցում, ինչպես ապրիլին օգնեց խուսափել աղետից:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play