Ներսես Պողոսյանը Ժիրայր Սեֆիլյանին չի էլ ճանաչում


Ներսես Պողոսյանը Ժիրայր Սեֆիլյանին չի էլ ճանաչում

  • 29-06-2016 17:58:07   | Հայաստան  |  Հասարակություն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով 8 մեղադրյալների ինքնությունը հայտնի է:
 
Վերջիններս, սակայն, հանրությանը հայտնի անձինք չեն: Այսպիսով՝ այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ներսես Պողոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հրայր Թոփչյանին (6-ն էլ կալանավորված են), Արթուր Մովսիսյանին (վերջինս գտնվում է  հետախուզման մեջ) եւ Սմբատ Գալոյանին (նա ստորագրությամբ ազատ է արձակվել):
 
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
 
Երեկ armtimes.com-ին  հաջողվեց զրուցել գործով մեղադրյալներից մեկի, Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիա Պողոսյանի հետ:
 
- Լիա, ձեր ամուսինը ի՞նչ կապ է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ:
 
- Ներսեսը բացարձակ ոչ մի կապ չի ունեցել Սեֆիլյանի հետ: Գնացել է հավաքների, այդքան բան: Ինքը բոլոր ընդդիմադիրների հավաքներին գնացել է, էնպես չի, որ միայն Սեֆիլյանի կազմակերպած հանրահավաքներին է գնացել: Մենք ընտանիքով միշտ էլ գնացել ենք: Ամուսինս Սեֆիլյանի հետ անձնական ոչ մի կապ չի ունեցել,  ոչ էլ ճանաչել է, նույնիսկ անձնապես իրենք չեն հանդիպել: 2008-ից նա մասնակցում էր հավաքներին:
 
- Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զենքերով շենք-շինություններ գրավել: Սրա մասին ի՞նչ կասեք: Այսինքն, ձեր ամուսինը խմբի հետ կապ չի՞ ունեցել:
 
- Ինձ թվում է՝ ուղղակի սարքել են ամուսնուս գլխին: Բոլորն էլ գիտեն, որ իմ ամուսինն ընդդիմադիր էր, ֆեյսբուքում էլ էր բավականին ակտիվ: Դեկտեմբերի 1-ի Սեֆիլյանի հանրահավաքից հետո խորը հիասթափված էր Սեֆիլյանից: Այդ օրը մարդկանց տարան ու էլի ոչ մի քայլ չարեցին իշխանափոխության համար: Դրանից հետո իմ ամուսինը ոչ գնացել է այդ հավաքներին, ոչ էլ: Ներսեսի հայրը հունվարին մահացավ, որից հետո մարտ-ապրիլ-մայիս ամիսներին նա եղել է Նոյեմբերյանում, դրա ապացույցներն էլ կան: Ինքը ոչ կարող էր մասնակցել որեւէ գործողության, ոչ էլ կարծում եմ նման բան պլանավորված եղել է: Մինչ այդ քառօրյա պատերազմի ժամանակ գնաց կամավոր գրվեց, որ գնա Ղարաբաղ, բայց իր հերթը հետ գցեցին՝ ասելով, որ երեք երեխայի հայր ես, եթե շատ պետք լինի՝ նոր կտանենք: Սրա ապացույցներն էլ կան:
 
- Ներսես Պողոսյանին ե՞րբ են ձերբակալել:
 
- Մայիսի 31-ին:  Ես այդ ժամանակ նույնիսկ մի քանի լրատվամիջոցների դիմեցի, բայց այդ ժամանակ ոչ մի արձագանք չեղավ, ես չէի էլ մտածում, որ այսպիսի մեծ գործ է եւ այսպիսի հնչեղություն պետք է ստանա: Ես ուղղակի չեմ հասկանում, թե իմ ամուսինը սրա հետ ինչ կապ ունի:
 
- Ձեր տանը խուզարկություն կատարվե՞լ է:
 
- Այո, կատարվել է,  բնականաբար՝ ոչ մի բան չեն գտել, ու չէր էլ կարող որեւէ բան լինել:
 
- Ի՞նչ եք կարծում, նպատակը ո՞րն էր ձեր ամուսնուն ձերբակալելու:
 
- Կարծում եմ, քաղաքական հայացքների համար: Բացի դա, այս գործով կալանավորվածներից  երկուսը մեր տուն պարբերաբար գնացել-եկել են, ես կասկածում եմ, որ իրենք են ինչ-որ բանի մեջ ներքաշված:
 
- Նրանց անունները կասե՞ք:
 
- Այո, Գալուստ Գրիգորյանը եւ Հովիկ Պետրոսյանը:
 
- Նրանք ձեր ամուսնու ընկերնե՞րն են եղել:
 
- Ես իրենց մոտ ընկեր չեմ համարել, ուղղակի գնացել-եկել են մեր տուն: Վաղուցվա ծանոթ չեն, Բաղրամյանի ակցիաների ժամանակ են ծանոթացել:
 
- Ներսես Պողոսյանը ինչո՞վ է զբաղվում, աշխատո՞ւմ էր:
 
- Այո, շինարարական աշխատանքներ էր կատարում:
 
- Ընտանիքում միայն նա՞ էր աշխատում:
 
- Այո, ես չեմ աշխատում, քանի որ երեխաներս փոքր են: Փաստաբանը քննիչներին միջնորդություն էր ներկայացրել ֆինանսական աջակցության համար, քննիչը մերժել է այդ միջնորդությունը: Ոչ ապացույց են ներկայացնում, թե ինչի պետք է ամուսինս կալանքի տակ մնա, ոչ էլ...:
 
- Հնարավո՞ր է, որ ընկերները նրա դեմ ցուցմունք տված լինեն:
 
- Դե, ինչ-որ մեկը տվել է, բայց չեմ կարող ասել՝ ով: Ես մի բան հստակ գիտեմ, որ իմ ամուսինը ցուցմունք չի տվել:
 
- Քանի՞ երեխա ունեք:
 
- Երեք երեխա, երեքն էլ տղա, էս անտեր երկրի համար զինվոր ենք մեծացնում:
 
Զրուցեցինք նաեւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ:
 
- Պարոն  Պապիկյան, Ներսեսը ի՞նչ դիրքորոշում է հայտնել առաջադրված մեղադրանքի շուրջ, ընդունո՞ւմ է, թե՞ ոչ:
 
- Ներսես Պողոսյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարեց, որ մեղադրանքը շինծու է եւ հրաժարվեց ցուցմունք տալուց: Ես ուզում եմ հատուկ սա նշել, որովհետեւ որոշ լրատվամիջոցներ նշեցին, որ Սեֆիլյանը ձերբակալվել է նաեւ Ներսես Պողոսյանի ցուցմունքով: Ես պետք է շեշտեմ, որ Ներսես Պողոսյանը ցուցմունք չի տվել, ո՛չ Ժիրայր Սեֆիլյանի, ո՛չ էլ գործով անցնող այլ անձանց դեմ: Քանի որ մեզ համար մեղադրանքի էությունը անհասկանալի է, ուղղակի չենք կարող ոչինչ ասել:
 
- Իր մասնակցությամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:
 
- Իրեն առերեսման են ներկայացրել գործով մեղադրյալներից մեկի հետ, առերեսումից, սակայն, իմ պաշտպանյալը հրաժարվել է:
 
- Այդ մեկը Հովհաննես Պողոսյա՞նն է:
 
- Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:
 
- Ներսեսը զենքերի մասով որեւէ տեղեկություն չի՞ հայտնել:
 
- Նա  չգիտի՝ ինչ զենքերի մասին է խոսքը, բայց եթե մամուլի հրապարակմանը նայենք, երկու ինքնաձիգ է եղել, ես չգիտեմ՝ դրանով ի՞նչ պետք է անեին, երկու ինքնաձիգով հեռուստաաշտարակը ինչպե՞ս էին գրավելու: Առաջադրված մեղադրանքի բովանդակության մեջ տարբեր ձեւակերպումներ կան: Մի դեպքում զենք-զինամթերք պահել, տեղափոխել, մյուս դեպքում՝ խմբի կազմում լինել: Հիմա մենք  չգիտենք, սրանից կոնկրետ ո՞րն է մեղսագրվում Ներսես Պողոսյանին: Մենք խնդրել ենք, որ գոնե ասեն՝ ո՞րն է մեղադրանքի էությունը, որպեսզի ինքը պաշտպանվի: Ինքը չգիտի՝ ինչում է մեղադրվում:
 
- Պարոն Պապիկյան, բողոքարկե՞լ եք Ներսես Պողոսյանին կալանավորելու՝ դատարանի որոշումը:
 
- Այո, բողոքարկել ենք, բայց Վերաքննիչ դատարանը առանց հիմնավորման մերժել է մեր բողոքը:
 
- Ձեր պաշտպանյալը ո՞ր Քրեակատարողական հիմնարկում է պահվում:
 
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
 
Նշենք, որ երեկվա դրությամբ սույն գործով մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Այսօր այս գործի ընթացքի մասի ասուլիս են հրավիրել Սեֆիլյանի պաշտպանները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն