Հռոմի պապը հաստատեց, որ հայությունը խաղաղության կրողն ու հաշտեցման հարթակն է ժողովուրդների միջև. Վարդան Խաչատրյան
29-06-2016 18:13:38 | Հայաստան | Հասարակություն
«Հռոմի պապի ներքաշվածությունը Մերձավոր Արևելյան կոնֆլիկտների մեջ արտակարգ բարձր է. մինչև Հայաստան գալը նա Կուբայում հանդիպեց նաև ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ, որի ընթացքում ի զարմանս ամբողջ աշխարհի` հնչեցին ուղղակի անուններ»,- «Նոյյան Տապանի» հետ զրույցում նշեց կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Ըստ նրա` ներկայումս միանշնակ վերաբերմունք չկա Հռոմի եկեղեցու հանդեպ հատկապես արևմտյան զարգացած պետությունների կողմից, որոնք հաճախակի են մեղադրում Հռոմի պապին աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների հետ կապված:
«Հռոմի պապի Հայաստան կատարած այցի նպատակներից մեկը Հայաստանի պոտենցիալի օգտագործումն է տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում տիրող պատերազմական իրավիճակների կարգավորման հարցում»,- ասաց Վ. Խաչատրյանը` հավելելով, որ ամբողջ աշխարհի համար թիվ մեկ խնդիր համարվող մերձավորարևելյան խնդրով հայ ժողովուրդը վերջապես ի վիճակի է խախտել պայմանական ասված կովկասյան ժողովուրդ լինելը:
Նրա պնդմամբ` Հայաստանը մերձավորաևելյան տարածաշրջանի քրիստոնեից ջահը կրող միակ ժողովուրդն է, այս տեսակետից Հռոմի պապի այցը ցույց տվեց, որ վերջինս գնահատում է այդ փաստը և երկրորդ, որ տարածաշրջանն այսօր ներքաշված է այնպիսի զարգացումների մեջ, որի համար պատասխանատու համարում են իրեն:
Կրոնագետի համոզմամբ` Հռոմի պապի կողմից հնչեցված գնահատկաններում հստակ երևում էր, որ նա հայ ժողովրդին համարում է խաղաղության կրողը բոլոր ժամանակներում, հետևաբար Հայաստանը չի կարող հանդես գալ ինչ որ մեկի կողմում ընդդեմ ուրիշի` այդ կերպ լինելով հաշտեցման հարթակ բոլորի միջև:
«Այս ամենը հաշվի առնելով` պետք է ճիշտ շեշտադրումներ անենք հենց այդ ուղղությամբ աշխարհին հասկանալի լինելու և հայ ժողովրդի շահը սպասարկելու համար»,- ասաց Վ. Խաչատրյանը` ընդգծելով, որ պետք է ստեղծել հայկական ֆորում կապված մերձավորարևելյան իրավիճակի հետ: