Սերժ Սարգսյանը լուծեց նոր իշխանության ձեւավորման խնդիրը


Սերժ Սարգսյանը լուծեց նոր իշխանության ձեւավորման խնդիրը

  • 30-06-2016 18:42:55   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի խորհրդարանը՝ ՀՀԿ, ԲՀԿ, (գումարած Օսկանյանի կուսակցության անդամները), ՀԱԿ (հանած Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը), ՕԵԿ, ՀՅԴ, այսօր գրեթե միաձայն վավերացրեց երկու կարեւորագույն համաձայնություն՝ Ընտրական օրենսգիրքն ու հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ը: Վավերացրեց ազգային միասնության բացառիկ մթնոլորտում, եւ դա բավական հուզիչ էր:
 
Այսպիսով, ապրիլյան ցնցումից հետո կայացավ քաղաքական դասի լայն կոնսենսուսը՝ նոր իշխանության ձեւավորման ու դրա արտաքին՝ ռուսական երաշխիքների հարցում:
Կասկած չկա, որ այս երկու համաձայնությունները կապված են միմյանց հետ. Զուր չէ, որ արդեն իսկ ընդունված ընտրական օրենսգիրքը կրկին փոփոխվեց, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանին հետաձգված ՀՕՊ համաձայնագիրը մտցվեց արտահերթ նստաշրջան:
Արտահերթ նստաշրջանը հենց դրա հետ էր կապված՝ երկու համաձայնությունները միասին պետք է վավերացվեին, քանի որ նույն գործընթացի մասերն են:
Օրն էլ պատահական չէր թերեւս՝ այս երկու համաձայնագրերը վավերացվեցին Սերժ Սարգսյանի ծննդյան օրը:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը քաղաքական դասի լայն կոնսենսուսի պայմաններում լուծեց նոր իշխանության ձեւավորման խնդիրը: Նախօրեին նա հարցազրույց էր տվել Ռոյթերզ գործակալությանը եւ հայտարարել, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում ինքը մնալու է:
Կասկած չկա, որ այս կոնսենսուսը հենց ՀՀԿ-ի հաղթանակի համար է, եւ ՀՀԿ-ն կարիք չունի այս անգամ հասնել բացարձակ մեծամասնության: Նրա մեծամասնությունն ապահովվելու է այլ մեխանիզմով, որն ամրագրված է Ընտրական օրենսգրքով ու կոնսենսուսով:
Ապրիլյան ցնցումը բարդ վիճակում էր թողել հայկական քաղաքական դասին, որը վտանգը զգալով՝ սկսեց համախմբվել՝ իշխանությունն ու դիրքերը չկորցնելու եւ բացահայտված իրողությունները քողարկելու համար: Եվ դրա բարձրակետը դարձավ հունիսի 30-ի քվեարկությունը՝ գործարքի վավերացումը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն