Արցախի ժողովուրդը իր ճակատագիրն արդեն որոշել է. Մեկնաբան


Արցախի ժողովուրդը իր ճակատագիրն արդեն որոշել է. Մեկնաբան

  • 30-06-2016 18:49:54   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ժամանակին հայաշատ Նախիջևանը, որն այսօր ամբողջովին հայաթափված է, այսօր օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռանկար: Այնինչ, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ», ԵԱՀԿ Գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Նալբանդյանը:
 
Թվում է, թե Նալբանդյանը արժանի պատասխան է տվել Իլհամ Ալիեւին, ով հայտարարել էր, թե չի կարող խոսք լինել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի որեւէ կարգավիճակի մասին:
Մինչդեռ, Նալբանդյանի հայտարարությունը ոչ թե արժանի պատասխան է Ալիեւին, այլ Ալիեւի հայտարարության «արժանի» շարունակություն:
Ի՞նչ է հայտարարում Նալբանդյանը: Նա ասում է, որ Արցախի ժողովուրդը ազատ կամարտահայտման միջոցով պետք է որոշի իր կարգավիճակը, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ, միջազգային ճանաչում: Թվում է, թե ամեն ինչ ավելի քան պարզ է ու հիանալի: Բայց, հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է արել Արցախի ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 2-ին ի՞նչ է նշում Արցախը:
Կարծես թե Արցախը սեպտեմբերի 2-ին նշում է իր անկախության օրը: Այսինքն, Արցախի ժողովուրդը քսանհինգ տարի առաջ արդեն կայացրել է իր կարգավիճակի վերաբերյալ որոշումը:
Նալբանդյանը հայտարարում է, որ Արցախի ժողովուրդը «պետք է որոշի»: Նա չի ասում, որ Արցախի ժողովուրդը արդեն որոշել է, քսանհինգ տարի է, ինչ որոշել է, եւ ներկայում ընդամենը կարող է լինել այդ որոշման ճանաչման հարցը:
Փաստացի, ըստ Նալբանդյանի հայտարարության, Արցախը ներկայում չունի կարգավիճակ: Այդպիսով, Նալբանդյանն այսպես թե այնպես ոչ թե հակադարձում է, այլ մեծ հաշվով շարունակում է Ալիեւի, Ադրբեջանի մոտեցումը: Պարզապես, եթե Ալիեւը հայտարարում է, որ Արցախը կարգավիճակ չունի եւ չի էլ ունենա, Նալբանդյանը անուղղակի հաստատում է, որ չունի, ուղղակի ավելացնում, թե պետք է ունենա եւ ինքն էլ պետք է որոշի:
Այդպիսով, Հայաստանի արտգործնախարարի պաշտոն զբաղեցնող անձն իր հայտարարությամբ ի ցույց է դնում Արցախի հարցում Հայաստանի քաղաքականության, մոտեցման ամբողջ թշվառությունը: Փաստորեն, Հայաստանն Արցախի հարցում նույնիսկ Արցախի արդեն իսկ գոյություն ունեցող կարգավիճակի ճանաչման հարց չի դնում, այլ դնում է կարգավիճակ որոշելու իրավունքի հարց: Այդպիսով, եթե Նալբանդյանի մոտեցումը Հայաստանի պաշտոնական քաղաքական մոտեցում է, ստացվում է, որ Հայաստանն Արցախի կարգավորման գործընթացում ոչ միայն մեծ հաշվով չի անում ոչինչ Արցախը բանակցային սուբյեկտ դարձնելու խնդիրը լուծելու ուղղությամբ, այլ նույնիսկ կասկածի տակ է դնում ներկայիս չճանաչված սուբյեկտությունը:
Միաժամանակ, ակնհայտ է դառնում Արցախի ու Հայաստանի քաղաքականությունների, համենայն դեպս հայտարարված մակարդակում քաղաքական առաջնահերթությունների հակասականությունը: Արցախի իշխանությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իր խնդիրն է Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
Եթե դատենք Նալբանդյանի հայտարարությունից, ապա միջազգային ճանաչման ենթական ոչ թե Արցախի անկախությունն է, այլ կարգավիճակ որոշելու Արցախի ժողովրդի իրավունքը:
Այդպիսով ստացվում է, որ այսպես կոչված կարգավորման գործընթացում հայաստանյան մոտեցումը հանդիսանում է Արցախի անկախության միջազգային ճանաչման խոչընդոտ, եւ Երեւանը ոչ միայն ինքը չի ճանաչում Արցախը, այլ փաստացի արգելակ է նաեւ միջազգային ճանաչման գործընթացի համար:
Համենայն դեպս, եթե պաշտոնական Երեւանն առաջնորդվում է այլ տրամաբանությամբ, ապա Ալիեւին հակադարձելու համար պետք էր ոչ թե հայտարարել, թե Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, այլ հայտարարել, որ Արցախի ժողովուրդը իր ճակատագիրն արդեն որոշել է, արդեն 25 տարի ունի անկախ պետության կարգավիճակ, որի ճանաչումն էլ հենց հանդիսանում է հայկական դիվանագիտության խնդիրը:
Բայց, ըստ երեւույթին այստեղ առանցքային խնդիրը երեւի թե հայկական դիվանագիտության գոյությունն է ինքնին: Բանն այն է, որ դիվանագիտությունը դիվանագիտական անձնագրերով բիզնես կարգի թանկարժեք ճանապարհորդությունները չեն, այլ պետության ռազմավարական խնդիրների եւ շահերի հստակ ձեւակերպումը եւ դրանց սպասարկման քաղաքական պատասխանատվությունը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play