Մենք պետք է զգոն մնանք՝ ունենալով ռուս-թուրքական հարաբերության փորձը. Թուրքագետ


Մենք պետք է զգոն մնանք՝ ունենալով ռուս-թուրքական հարաբերության փորձը. Թուրքագետ

  • 30-06-2016 18:55:32   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

 

Պարոն Մելքոնյան,  ռուս-թուրքական հարաբերություններում «սառույցը հալվում է», երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են առաջիկայում հանդիպել: Ի՞նչ պետք է սպասել այդ հարաբերությունների բարելավումից, ի՞նչ վտանգներ եք տեսնում։

 

Ռուս-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել առնվազն երկու հարթությունում՝ քաղաքական և տնտեսական։ Քաղաքական կամ նույնիսկ քաղաքակրթական հարթությունում ակնհայտ է, որ այս երկու պետությունների շահերն իրար հակասում են, և նրանք գտնվում են հակադիր բևեռներում: Սա ունի և' պատմական անցյալ՝ հեռավոր ու ոչ հեռավոր, և' ներկա իրավիճակում նմանատիպ բնույթ։ Իհարկե, քաղաքականության մեջ պետք չէ երբեք ասել երբեք, և չի բացառվում, որ ինչ-որ պահի նաև քաղաքական շահերը համապատասխանեն, բայց այս պահին այդ շահերը հակադիր են, ընդ որում՝ խորքային առումով: Բայց սա չի խանգարում, որ այդ երկու պետությունները տնտեսական ոլորտում ունենան բավական փոխշահավետ հարաբերություններ և տուրիզմի, և գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։ Իհարկե, վերջին ամիսներին նկատված հարաբերությունների սառնությունը երկուստեք որոշակի վնասներ ի հայտ բերեց, չնայած իմ խորին համոզմամբ, ավելի շատ տուժեց Թուրքիան։ Կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական, առևտրական հարաբերությունները կարող են կարգավորվել կամ չկարգավորվել, բայց դա չի կարող ազդել խորքային առումով քաղաքական հարաբերությունների վրա այն աստիճան, որ  դրանք դառնան ռազմավարական:

 

Այդ առումով մենք ոչ ուրախանալու և ոչ էլ տխրելու առիթներ չպետք է ունենանք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից կամ վատացումից։ Ընդհակառակը, մենք պետք է շարունակենք զգոն մնալ՝ ունենալով նաև պատմական անցյալում ռուս-թուրքական հարաբերություններից հետո ի հայտ եկած ոչ հայանպաստ վիճակների փորձը, մասնավորապես 20-րդ դարի սկզբին Լենին-Աթաթուրք ջերմ հարաբերությունները և այդ համատեքստում հայկական որոշ տարածքների կորուստը և այլն։ Մենք պետք է շարունակենք մեր զգոնությունը պահպանել։ Ես այն համոզմանն եմ, որ պետք է ռուս-թուրքական հարաբերություններում տարբերակում դնել տնտեսական և քաղաքական բաղադրիչների միջև։

 

Սիրիայի հարցի շուրջ առկա տարաձայնությունները հնարավո՞ր է  ինչ-որ կետից նորից երկու պետությունների հարաբերությունները տանեն դեպի փակուղի։

 

Ես կարծում եմ, որ նախ պետք չէ համարել, որ ռուս-թուրքական հարաբերությունները այս մեկ հայտարարությամբ կամ անորոշ ներողություն պարունակող նամակով կարող են միանգամից բարելավվել և առկա խնդիրները վերանան, քանի որ վերջին ամիսներին ռուս-թուրքական հարաբերությունները բավական մեծ վնասներ և կորուստներ են արձանագրել: Անգամ հռետորաբանության մակարդակում մենք տեսել ենք, թե ռուսական քաղաքական-վերլուծական հռետորաբանությունը որքան հակաթուրքական և կոշտ է եղել, ինչ տերմիններով են բնութագրել թուրքական քաղաքականությունը, մոտեցումները: Կոնկրետ որակումներ են տրվել, որ Թուրքիան ահաբեկչական պետություն է և սատարում է ահաբեկիչներին, ներկայացվել են փաստեր, թե ինչպես է Թուրքիան աջակցում ահաբեկիչներին, ինչպես է նավթը ահաբեկիչների միջոցով գալիս Թուրքիա և այլն։ Այս ամենը անհնար է մեկ նամակով մոռանալ ու ամբողջ հարաբերությունների ընթացքը բարելավել: Ես կարծում եմ, որ պրոբլեմատիկ հարաբերությունները որոշակի ոլորտներում շարունակվելու են գերակայող մնալ, և իհարկե դրանց մեջ ամենակարևորը Սիրիայի խնդին է։ Այսինքն՝ կարծում եմ, որ քաղաքական հարթությունում կմնա լարվածությունը, տնտեսական որոշ ոլորտներում կնկատվի առկա սառնության փոփոխություն, մանավանդ որ հայտարարություններ են եղել, և մանավանդ որ այդ ոլորտներում կան փոխշահավետ իրավիճակներ, որոնք հավասարապես ձեռնտու են երկու կողմերին էլ։ Այնպես որ, կարող են այս պարագայում տնտեսական շահերը գալ առաջնային պլան, բայց երբեք չդառնալով գերակայող քաղաքական շահերին։

 

Այս փուլում, երբ Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը, որքանո՞վ է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը։ Կարծիք կա, որ մինչև չլուծվի ԼՂ խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի։ Համամի՞տ եք։

 

Ճիշտ է, թուրքական կողմը միշտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է ԼՂ հարցի հետ, բայց կարծում եմ՝ դրանք  այդքան էլ իրար փոխկապակցված չեն, քանի որ Թուրքիան արհեստականորեն այս երկու հարցերը փոխկապակցել է: Իրավիճակի փոփոխության առումով դրանք կարող են զարգանալ առանձին, բայց, այնուամենայնիվ,  Բունդեսթագի բանաձևը և վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, չեմ կարծում, որ մեզ լավատեսության հիմք են տալիս խոսելու հայ-թուրքական հարաբերությունների կագավորման կամ բարելավման հույսի մասին: Ես կարծում եմ՝ այդ  հարաբերությունները, մանավանդ Էրդողանի վարչակարգի պարագայում, դեռ երկար ժամանակ կգտնվեն նման ճգնաժամային, քաոսային վիճակում: Անկախ գերտերությունների ցանկություններից՝ այդ հարաբերություններում այս պահին բարելավելու որևէ հույս կամ նախանշան չի նկատվում։ Չնայած վերջին օրերին նախագահ էրդողանը քայլեր արեց, որով փորձեց կարգավորել իր հարաբերությունները պրոբլեմատիկ երկու  պետությունների՝ Իսրայելի և Ռուսաստանի հետ, բայց չեմ կարծում, որ այդ բարելավման շղթան կհասնի հայ-թուրքական հարաբերություններին։

 

Ինչո՞ւ այս պահին Էրդողանը որոշեց ներողություն խնդրել Պուտինից։ Հայտարարությանը նախորդել էր Մեծ Բրիտանիայում հանրաքվեն, մյուս կողմից` Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը։ Տեսնո՞ւմ եք կապ այս իրադարձությունների միջև։

 

Առաջին հերթին Թուրքիայի պարագայում գերիշխում է քաղաքական մեկուսացման  խնդիրը, քանի որ, ըստ էության, նա պրոբլեմատիկ հարաբերությունների մեջ է իր գրեթե բոլոր հարևան և ոչ հարևան պետությունների հետ, անմիջապես սահմանակից  պետությունների և դաշնակիցների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ, որի տարբեր պետություններ ՆԱՏՕ-ական իր դաշնակիցներն են, բայց, այնուամենայնիվ, ԵՄ-ի և Թուրքիայի միջև այդ ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Թուրքիան, կարելի է ասել, հայտնվել էր բավական լուրջ մեկուսացման մեջ, և ըստ էության՝ նրան օդ էր պետք կամ ինչ-որ մի փրկօղակային ուղի, և դա հարաբերությունների կարգավորումն էր պրոբլեմ ունեցող բազում պետություններից գոնե երկուսի՝ Ռուսաստանի և Իսրայելի հետ։ Թուրքիայի շահը այս հարաբերությունները կարգավորելու հարցում, իհարկե, ավելի շատ քաղաքական էր: Իհարկե, ձեր նշած խնդիրը կա, որ ԵՄ վերաբերմունքի պարագայում թերևս ԵՄ խանդն առաջացնելուն էր միտված Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ,  իմ կարծիքով, գերիշխում է տնտեսական բաղադրիչը, և դրան գումարած նաև ԵՄ-ին կամ Արևմուտքին որոշակի հարված հասցնելու խնդիրը Թուրքիայի միջոցով։ Ռուսաստանն իր նախանշած մինիմալ պայմաններին հասել էր, Ռուսաստանը պահանջում էր Թուրքիայից ներողություն, և այդ անորոշ տեքստում ներողություն արտահայտելու եզրույթ թուրքերը տեղադրել էին, չնայած զուտ լեզվական վերլուծությունը ցույց է տալիս, որ դա այն ներողությունը չէ, որն ակնկալում է Ռուսաստանը: Համենայնդեպս, թուրքերենին տիրապետողները շատ պարզ կհասկանան, թե տեքստում առկա ներողությունն ինչ ոճի բառ է։

 

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ նամակը փոխզիջումային տեքստ էր, ներողություն տերմինը կար, և Ռուսաստանն էլ հասավ իր մինիմալ պայմանին և այս երկու շահերի՝ քաղաքական և տնտեսական, համադրմամբ և նաև այս պահի ստեղծված իրավիճակով փաստորեն ռուս-թուրքական հարաբերություններում, ինչպես դուք  սահմանեցիք, նկատվեց սառույցը հալվելու պրոցես, որը կարող է լինել շարունակական։ Իհարկե, սա մեծ քաղաքականություն է՝ իրեն բնորոշ քաղաքական շահերով և առաջնահերթություններով, որը հավերժ չէ: Այս պահին այսպես է, հաջորդ պահին  կարող են շահերը բոլորովին այլ ուղղությամբ զարգանալ։ Այնպես որ, քաղաքական գործընթաց է, քաղաքական առևտուր, և մենք էլ այդ ամենի ականատեսն ենք։

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ