Հայաստանը որպես ի՞նչ է դիտվում՝ գործի՞ք, թե՞ սուբյեկտ...


Հայաստանը որպես ի՞նչ է դիտվում՝ գործի՞ք, թե՞ սուբյեկտ...

  • 01-07-2016 17:35:18   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Հայաստանի խորհրդարանում հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի վավերացումը համընկավ Եվրոպայում տեղի ունեցած ուշագրավ իրադարձության հետ:
 
Խոսքը բրիտանացիների հանրաքվեի մասին չէ: Հանրաքվեն ինչ որ իմաստով ստվերեց ուշագրավ մի փաստաթղթի հրապարակում, որը Եվրամիության անվտանգության նոր հայեցակարգն է: Այդ փաստաթուղթը փոփոխության չէր ենթարկվել 2003 թվականից ի վեր, եւ ահա հունիսի 28-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ներկայացրել է նոր ռազմավարությունը կամ նորությունները ռազմավարության մեջ:
Ուշագրավը դրանում այն է, որ Եվրամիությունն իր նոր հայեցակարգով Ռուսաստանը դիտարկում է «ռազմավարական մարտահրավեր»:
Այդ համատեքստում բնականաբար հարց է առաջանում, թե Ռուսաստանը «ռազմավարական մարտահրավեր» դիտարկող Եվրամիությունն ինչպես կամ որպես ինչ է դիտարկում Հայաստանը, որն անկասկած ընկալվում է որպես ռուսական քաղաքականությանը եթե ոչ ամբողջապես, ապա զգալիորեն ենթակա սուբյեկտ:
Ռուսաստանի «մարտահրավերային» պոտենցիալում Հայաստանը դիտվու՞մ է, որպես ի՞նչ է դիտվում՝ գործի՞ք, որը ՌԴ ձեռքին է եւ այն պետք է խլել, թե՞ սուբյեկտ, որը Ռուսաստանի քաղաքականության պատանդն է, որին պետք է ազատել այդ վիճակից:
Եվրոպայում ահա այդ դիտարկումների ֆոնին, Հայաստանը փաստորեն Եվրամիությանը տալիս է ուշագրավ ազդակ՝ վավերացնում է Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ-ը, այն դեպքում, երբ գործնականում բոլորին է հայտնի, որ դե յուրե հայ-ռուսական որեւէ բանը դե ֆակտո նշանակում է ռուսական:
Ի՞նչ քաղաքական արձագանք կունենա այդ հանգամանքը Եվրոպայում: Հայաստանում ՀՕՊ համատեղ համակարգի ձեւավորումը շատերն են համարում նաեւ ՆԱՏՕ-ի դեմ արվող քայլ, կամ Եվրոպայում ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համակարգի պատասխան քայլ: Ինքնին որպես այդպիսին բնորոշումը թերեւս չափազանցված է: Զուտ ռազմա-տեխնիկական բնույթի առումով քայլը չի կարող լինել ընդդեմ ՆԱՏՕ-ի, ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտին, այստեղ եւս, ՆԱՏՕ-ի հանդեպ հարաբերակցության առումով իրավիճակը հեռու է վճռորոշությունից:
Ի վերջո, Հայաստանն այլ ռազմա-քաղաքական դաշինքի անդամ է, եւ այդ հանգամանքը ավելի ուժեղ չէ, քան հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը:
Այդուհանդերձ, համատեղ ՀՕՊ համակարգն անկասկած հերթական ազդակն է այն մասին, որ Հայաստանը ենթակա է ռուսական քաղաքականության ծրագրերին: Եթե դա անմիջական սպառնալիք չէ այլ երկրի, այդուհանդերձ խիստ անցանկալի կետ է Հայաստանի աշխարհքաղաքական «քեյսի» համար: Մի բան, որում լիովին հակառակ փոփոխությունների, այսինքն «քեյսը» մաքրելու խիստ անհրաժեշտություն կար ապրիլի պատերազմից հետո:
Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն անկասկած հանգիստ են ընդունելու համատեղ ՀՕՊ հեռանկարը: Վերջին հաշվով, դա հետեւանք է՝ արդեն իսկ առկա հայ-ռուսական իրողության հետեւանք: Այս մասով եվրատլանտյան եզրակացությունները թերեւս վաղուց են արված, ու դժբախտաբար ոչ ի օգուտ Հայաստանի: Եթե Հայաստանը չի հայտարարված կամ չի ընկալվում իբրեւ թշնամի կամ հակառակորդ, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է:
Որովհետեւ Հայաստանը թերեւս ընկալվում է որպես աշխարհքաղաքական անմեղսունակ, թուլակամ սուբյեկտ: Այդ դեպքում գուցե Հայաստանի դեմ չեն կատարվի քայլեր, բայց չեն լինի քայլեր նաեւ Հայաստանին ընդառաջ՝ էական, որակական քայլեր:
ՀՕՊ համաձայնագրի քննարկումներում իշխանությունը փաստարկային բազայի հերթական դատարկությունը փորձում էր լրացնել մի պնդումով, թե քանի դեռ Հայաստանը չունի այլընտրանք, պետք է պահպանի կամ խորացնի եղածը:
Առավել անմեղսունակ պետական հռետորաբանություն պատկերացնելը խիստ դժվար է: Հայաստանը երբեք չի ունենա այլընտրանք, քանի դեռ պատրաստակամ է խորացնել եղածը, երբ ամբողջ աշխարհն է տեսել, թե եղածն իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի եւ նրա քաղաքացիների շահի ու անվտանգության տեսանկյունից, ու հիմա տեսնում է, թե իշխանությունն ու մերձ արբանյակները ինչպես են անգամ այդ պարագայում մղվում դեպի այդ եղածը:
Ապրիլի պատերազմն այն եղածի հետեւանք էր, որ այսօր խորացնում են իշխանությունն ու արբանյակները, ԱԺ-ում ընդամենը 8 դեմ ձայնով: Այդ եղածի հետեւանքով Հայաստանն ունեցավ 102 մարդկային կորուստ: Ճակատագրի ողբերգական եւ դառը հեգնանքով, Հայաստանի 102 պատգամավոր վավերացրին Հայաստանի երկնքի հսկիչ փաթեթը Ռուսաստանին հանձնելու համաձայնագիրը:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play