Սերժ Սարգսյանը կա և կլինի. Գագիկ Մելիքյան


Սերժ Սարգսյանը կա և կլինի. Գագիկ Մելիքյան

  • 01-07-2016 17:44:58   | Ադրբեջան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը

 

Պարոն Մելիքյան, Ռուսաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրին ԱԺ-ում միայն 8 պատգամավոր համարձակվեց դեմ քվեարկել։ Դուք որևէ մտահոգիչ դրույթ չէի՞ք տեսնում այս համաձայնագրում։

 

Փաստորեն Ազգային ժողովում միայն 8 պատգամավոր չէին հասկացել այս հիանալի պայմանագրի էությունը։ Այդ համաձայնագրում որևէ մտահոգիչ դրույթ չկա։ Այն բխում է մեր ժողովրդի ու մեր պետության շահերից։

 

Ռուս-թուրքական հարաբերություններում մերձեցում է նկատվում, կարծես սառույցը հալչում է։ Մենք հիշում ենք, որ երբ հայ-թուրքական սահմանը խախտվեց, այդպես էլ որևէ գնահատական չհնչեցրեց ՀԱՊԿ-ը։ Այս դեպքում ի՞նչ երաշխիք ունենք, որ այդ մերձեցումից հետո նման խախտման դեպքում արձագանք կլինի։

 

Սահմանային նման միջադեպեր շատ հաճախ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և եթե միջադեպը իրենից վտանգի որևէ աստիճան չի ներկայացնում, կարող է նաև համարձակ պատասխան չտրվել։

 

Ամփոփեցիք ԱԺ գարնանային նստաշրջանը. ի՞նչ արդյունքներ գրանցեց խորհրդարանը, ինչո՞վ առանձնացավ այն։

 

Սահմանադրական փոփոխությամբ, որի հետ կապված փոփոխություններ եղան նաև ընտրական օրենսգրքում։ Կատարվեց ընտրական օրենսգրքի փոփոխություն, որը կարելի է ասել վերջին տարիների ընտրական օրենսգրքերից ամենահաջողվածն ու լավագույնն էր ժողովրդավարության առումով։ Կարծում եմ՝ ընտրական գործընթացում կունենանք լավագույն արդյունքները։

 

Ձեր կարծիքով, Ընտրական օրենսգի՞րքն է խնդիրը, որ հասարակությունը չի վստահում ընտրություններին, թե մարդիկ գիտեն, որ ամեն ինչ կանխորոշվում է մինչև ընտրատեղամաս հասնելը։

 

Ես կարծում եմ՝ ոչինչ չի կանխորոշվում, և կարծում եմ, որ հանրությանն էլ վստահում է մամուլը, նաև հանրությունը վստահում է մամուլին և որևէ անվստահություն չկա, հանրությունը վստահում է նաև ընտրության արդյունքներին։ Դրանք պարզապես որոշ լրատվամիջոցների երևակյության արդյունքն են։

 

Սերժ Սարգսյանը «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը դուրս կգա քաղաքականությունից, եթե ՀՀԿ-ն պարտություն կրի, հետո էլ հավելել, որ չի կարծում, որ նման բան կարող է լինել։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը մնում է քաղաքականության մե՞ջ, դուք որտե՞ղ եք նրան տեսնում։

 

Սերժ Սարգսյանը, անկախ ամեն ինչից, Հայաստանի քաղաքականության մեջ միշտ եղել է, եղել է նաև ԼՂՀ քաղաքականության մեջ։ Նա քաղաքականության մեջ եղել է, կա և կլինի։ Այն, ինչ արտահայտել է ՀՀ նախագահը, որ ցանկացած կուսակցության պարտության դեպքում որևէ մեկն այդ կուսակցությունից չի կարող լինել քաղաքականության մեջ։ Եվ կա վստահությունը, որ ՀՀԿ-ն միշտ կհաղթի։

 

 

Որտեղի՞ց այդ վստահությունը։

 

Վստահությունն իր վրա, վստահությունն իր կուսակցության անդամների վրա, վստահությունը իր կուսակցության կողմից կատարված աշխատանքների վրա, վստահությունն իր ժողովրդի վրա, որ ժողովուրդը կվստահի հանրապետականին, որպես ամենառաջատար և ամենաընդունված կուսակցություն։

 

Բայց ՀՀԿ-ի «Առաջ Հայաստանե կարգախոսից հետո միայն հետընթաց է տեսնում հասարակությունը, այդ թվում տնտեսական ու սոցիալական վիճակի, արտագաղթի առումներով։

 

Կարող եմ ասել, որ ժողովրդավարության բնագավառում առաջընթաց ունեցել ենք, սոցիալական խնդիրներ միշտ ունեցել ենք, և այդ խնդիրները խորացել են ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում՝ կապված ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետ։

 

Այսինքն իշխանությունների խոսքի ու գործի մեջ տարբերություն չեք տեսնո՞ւմ։

 

Հանրապետականի խոսքի և գործի մեջ տարբերություն չեմ տեսնում և կարծում եմ, որ ժողովուրդն էլ չի տեսնում, դրա համար վստահում և ձայն է տալիս։

 

Դուք այսօր ՀՀԿ-ին այլընտրանք չե՞ք տեսնում, որը կարող է գալ ու իշխանափոխություն իրականացնել երկրում։

 

Իշխանությանն այլընտրանք կարող է լինել միայն ուժեղ կուսակցությունը, միայն ուժեղ քաղաքական ուժը՝ ժողովրդի կողմից ընդունված։ Ես այդպիսի ուժ Հայաստանի քաղաքական դաշտում դեռևս չեմ տեսնում, և չի էլ նշմարվում։

 

Այդ առումով չունե՞ք մտահոգություններ, իշխանությունը մեղքի բաժին չունի՞ դրանում։

 

Դա իշխանության մեղքը չէ, ոչ էլ իշխող կուսակցության մեղքը։ Դա այն քաղաքական ուժերի մեղքն է, որոնք չեն կարողանում իրենց այնպես դրսևորել, որ ավելի մեծ վստահության արժանանան:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ