«Խոսող» խաղալիքները երևանյան պուրակում ներկայացան իրենց ողջ հմայքով. (տեսանյութ)


«Խոսող» խաղալիքները երևանյան պուրակում ներկայացան իրենց ողջ հմայքով. (տեսանյութ)

  • 01-07-2016 22:36:24   | Հայաստան  |  Հասարակություն



Չնայած ամառային շոգ եղանակին` Երեւանի Միսաք Մանուշյանի անվան պուրակն այսօր մարդաշատ է: Այստեղ տիկնիկների ցուցադրությամբ անցկացվում է «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը: Այն կազմակերպվել է «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակներում:
 
20 տիկնիկագործներ և Երևան քաղաքի վարչական շրջանների կիրառական արվեստի բաժինների ներկայացուցիչներ պուրակում ցուցադրում և վաճառում են ամենատարբեր տիկնիկներ՝ լինեն դրանք ժամանակակից, թե երևակայական աշխարհից, մեզ ծանոթ մուլտերից, թե հայկական բանահյուսությունից:
Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով` 5-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ»-ի նպատակն է բովանդակալից, հետաքրքիր և ուրախ դարձնել մայրաքաղաքում հանգստացող փոքրիկների և մեծահասակների առօրյան: Նույն նպատակին է ծառայում նաև «Խոսող խաղալիք» փառատոնը, որն անտարբեր չի թողել ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Վերջիններս մեծ հետաքրքրությամբ հետևում էին տիկնիկագործների կողմից տեղում իրականացվող վարպետության դասերին` փորձելով իրենց համար յուրովի բացահայտել մարդու ձեռքերում շունչ ու հոգի առնող այդ կերպարների ծնվելու գաղտնիքները: 
Միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոներում Հայաստանը պատվով ներկայացրած տկնիկագործները փաստում են, որ տիկնիկների հետ աշխատելը և դժվար է, և շատ հաճելի, իսկ արդյունքը մշտապես ոգևորիչ է:  
Տիկնիկագործ Անժելա Մարտիրոսյանն ուրախությամբ պատմում է, թե ինչպես մասնակցելով Նյու Յորքում  առաջին անգամ անցկացված հելունագործ խաղալիքների միջազգային ցուցահանդեսին,  ներկայացրել է իր աշխատանքները, որոնցից մեկն էլ հելունագործ ավանակն է եղել: Վերջինս այնքան է սիրվել ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից, որ 144 մասնակցների թվում ի շնորհիվ հյուսված ավանակի Հայաստանի ներկայացուցիչը հայտնվել է լավագույն հնգյակում: 
«Խոսող խաղալիք» փառատոնի ընթացքում հայաստանյան թատերական խմբակների մասնակցությամբ անցկացվեց նաև հեքիաթների հերոսների նմանությամբ տիկնիկների յուրօրինակ շքերթ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութն ու լուսանկարները ` «Նոյյան Տապանի»
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն