Ընդգծել բանակցային ռազմավարության առանցքային կետերը. Շահան Գանտահարյան


Ընդգծել բանակցային ռազմավարության առանցքային կետերը. Շահան Գանտահարյան

  • 04-07-2016 11:41:31   | Լիբանան  |  Վերլուծություն

 
Արցախյան հակամարտության բանակցային փուլերի թեւակոխումը զգալիորեն արագ է ընթանում: Շատ կարճ ժամանակներ են իրարից բաժանում Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը եւ հիմա էլ, ըստ երեւոյթին, շուտով Պետերբուրգն ու Փարիզը: Վերլուծաբանական գրականությունը անընդհատ խոսում է փոխզիումների տարբերակների, անժամկետ հանրաքվեներ կազմակերպելու, ուժերի հեռացման, տարածքների կարգավիճակի, խաղաղապահ ուժերի տեղակայման եւ լուծման հնարավոր տարբերակների մասին:
 
Անհասկանալիորեն հայկական մեկնաբանական դաշտը շատ հղում չի կատարում պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի կողմից կատարված հայտարարությունների վրա, որտեղ հիմնական առանցքային բաժին կա, որը բնութագրում է նաեւ ընդհանրապես հայկական կողմի բանակցային փիլիսոփայությունը:
 
Այո, փոխզիջումով  է պայմանավորվում որեւէ հակամարտության լուծման հնարավորության իրականալիությունը: Մինչ այդ սակայն, հատկապես ապրիլյան քառօրյայից հետո, խիստ անհրաժեշտություն կա հետաքննական մշտադիտարկումներով եւ համապատասխան սարքերով երաշխավորելու 94-ի հրադադարի պահպանումը: Ամբողջական հրադադարն է, որը մղիչ ուժ եւ բովանդակություն կարող է ապահովել բանակցելու եւ քաղաքական կամք դեպի լուծում առաջնորդելու: Եթե այս մեկը անմիջական եւ նախապայմանային հանգրվան է հանդիպումներին, ապա բանակցություններին լիցք եւ բովանդակություն տալու, մանավանդ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջնորդվելու համար ավելի քան անհրաժեշտ է ու պայմանական Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան: Թե՜ հրադադարը եւ թե՜ քաղաքական մեծ համաձայնության նշումը միջազգայնորեն ունեն 94-ի եւ 95-ի իրար ամբողջացնող-լրացնող փաստաթղթերի ամբողջությունը, որոնց տակ Երեւանին եւ Բաքվին առընթեր կա Ստեփանակերտի ստորագրությունը:
 
Պարզ է բանակցային ռազմավարության տրամաբանությունը: Նախ երաշխիքներ ապահովել գործադրելու համար Երեւան-Բաքու-Ստեփանակերտով որոշված հրադադարը, ապա ձգտել քաղաքական մեծ համաձայնության, ճիշտ պահին Ստեփանակերտը վերադարձնելով բանակցային սեղան եւ նրան մասնակից դարձնելով համաձայնագրի կնքմանը:
 
Այս երկու անշրջանցելի հանգրվանների վրայից թռչելով հայկական լրագրա-վերլուծական դաշտը փութկոտություն է ցույց տալիս զիջումների տարբերակները հրապարակայնացնելով, ինչ որ ձեւով համոզելու ընթերցող լսարանին, թե ապրիլյան քառօրյայից հետո հայկական կողմին պիտի պարտադրվեն միակողմանի զիջումներ:
 
Ստեփանակերտի իրավական մասնակցության ռազմավարական այս մոտեցման իրողականությունը սկսել է շոշափել Բաքուն, որը փորձում է Ստեփանակերտ հասկացությանը յուրահատուկ ընկալում ապահովել տալ միջազգային հանրությանը:
 
Ադրբեջանական APA գործակալութհան հաղորդմամբ` Գերմանիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խոստացել է աջակցել «ԼՂ-ի ադրբեջանական համայնք»-ի նախաձեռնությանը` հանդիպումներ ունենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ: 
 
Հանդիպումներ կազմակերպելու առաջարկը «ԼՂ-ի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար, պատգամավոր Ռովշան Ռզաեւինն է: Գործակալությունը հայտնել է, որ Շտայնմայերը Բաքվի Ռամանի ավանում հանդիպումներ է ունեցել Շուշիից Ադրբեջան հեռացածների հետ: Շտայնմայերը հայտնել է, որ այդ առնչությամբ կփորձի ճշտել հայ համայնքի կարծիքը: «Մենք կձգտենք կազմակերպել նման հանդիպում»,- ասել է նա:
 
Դժվար թե համոզիչ լինի այն վարկածը, որ այս մեկը «ԼՂի ադրբեջանական  համայնք»-ի ղեկավարի նախաձեռնությունն է, որովհետեւ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե Շտայնմայեր-Սահակյան հանդիպումը կրել է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայ համայնք»-ի հետ հանդիպման բնույթ: Հաջիեւը հայտարարել է, թե Բաքու այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպելու է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ներկայացուցիչների հետ:
 
Շտայնմայերի այցի ծրագրում ներառված է նաեւ ծանոթություն հարկադիր վերաբնակների համար կառուցված բնակատեղիների հետ:
 
94-ի բանակցություններին, ըստ որոշ տեղեկությունների, ներկա է եղել նաեւ ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը, սակայն նրան փաստաթուղթը ստորագրելու իրավունք չի տրվել:
 
Թվում է, թե Բաքուն ըմբռնել է միջազգային ընտանիքի կողմից Ստեփանակերտը իբրեւ իրավական միավոր բանակցություններին ներառելու ուղղվածությունը: Հավելյալ պատճառ, որ հայկական վերլուծական միտքը միակողմանի զիջումներից առաջ աշխատի համատեղել միջազգային ընտանիքի եւ հայկական պաշտոնական կողմի մոտեցումները եւ մշտապես ընդգծված պահի մեր բանակցային ռազմավարության առանցքային կետերը:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն