Միջազգային համաժողովում քննարկվեցին նեոնատոլոգիայի եւ անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) զարգացմանը վերաբերող հարցեր


Միջազգային համաժողովում քննարկվեցին նեոնատոլոգիայի եւ անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) զարգացմանը վերաբերող հարցեր

  • 04-07-2016 16:55:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) կազմակերպել էր «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» վերնագրով միջազգային համաժողով՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում: Միջոցառումը կազմակերպվել էր Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԼԱՄՀ) հետ գործակցությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:
 
Համաժողովը համախմբել էր Հայաստանի եւ ԱՄՆ-ի անվանի փորձագետներին՝ խթանելու նեոնատոլոգիայի, նեոնատալ խնամքի եւ անհաս երեխաներին ցմահ կուրացնող հիվանդության՝ անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) բնագավառում նորարարությունների վերաբերյալ մասնագիտական տեղեկատվության եւ գիտելիքի ակտիվ փոխանակումը:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՀԱՆ նախագահ և Կալիֆորնիայի Իրվայնի համալսարանի դոցենտ դոկտ. Ռոջեր Օհանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի առողջապահության ծրագրերի կառավարման մասնագետ Աստղիկ Գրիգորյանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն եւ ակնաբուժության դոցենտ դոկտ. Թոմաս Լին;
Համաժողովին քննարկվեցին Հայաստանում եւ արտասահմանում նեոնատալ խնամքին վերաբերող հարցեր: Ամերիկյան եւ հայաստանյան մասնագետները ներկայացրեցին անհաս երեխաների առողջական ելքի բարելավման միտումները եւ նեոնատոլոգիայում նորարարական մեթոդների կիրառումը: Համաժողովում արծարծվեցին նաեւ անհասության ռետինոպաթիային եւ 2012-2015թթ ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀԱՆ-ի, ԼԱՄՀ-ի եւ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով իրականացված ծրագրին վերաբերող հարցեր: Ակնաբույժները ներկայացրեցին վերջին տարիներին Հայաստանում իրականացրած ԱՌ ծրագրի արդյունքները, ամփոփվեցին նեոնատալ բուժքույրերի համար ԼԱՄՀ-ի եւ ՀԱՆ-ի կողմից կազմակերպված այն դասընթացի արդյունքները, որն առաջիկայում մոդել կդառնա այլ երկրների համար:
Միջազգային համաժողովը նեոնատոլոգիայի ոլորտում առկա փորձը եւ միջազգային միտումները քննարկելու, գիտելիքների փոխանակման, ԼԱՄՀ բարձր որակավորում ունեցող բժիշկների հետ համագործակցության ամրապնդման եւ համատեղ աշխատանքի հնարավորությունները քննարկելու հնարավորություն ընձեռեց՝ ի օգուտ Հայաստանի եկող սերունդների:
# # #
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը» մեկնարկել է 2015 թվականին՝  ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ: Ծրագիրն աջակցում է առողջապահության ոլորտի կառույցներին՝ հայ ընտանիքներին տրամադրել հիմնարար եւ որակյալ նորածնային խնամք, բարձրացնում նորածնային խնամքի միջազգային ցուցանիշները եւ անդրադառնում Հայաստանում մանկական մահացության հիմնական պատճառներին: Երկու տարի տեւողությամբ ծրագիրն իրականացվում է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայկական ակնաբուժության նախագծի հետ գործակցությամբ: 
 
Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ) 1992 թվականին ԱՄՆ-ում հայ-ամերիկյան ակնաբույժ դոկտ. Ռոջեր Օհանեսյանի կողմից հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը եւ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին: Այդ նպատակով ԱՄՆ-ից բարձր որակավորում ունեցող գիտնական-ակնաբույժներ են հրավիրվում Հայաստան՝ հիվանդներին բուժելու եւ հայ գործընկերների հետ փորձի փոխանակման համար: Այս ժամանակաշրջանում Հայաստան է բերվել մեծաքանակ դեղամիջոց եւ սարքավորումներ: Ներկայումս ՀԱՆ-ն իրականացնում է չորս համապարփակ մեծածավալ եւ փոխկապակցված ծրագիր՝ յուրաքանչյուրն իր յուրահատկություններով եւ թիրախ շահառուներով: ՀԱՆ բոլոր ծրագրերը մշակված են եւ իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան: 
 
Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը (ԼԱՄՀ) ոչ առեւտրային կազմակերպություն է, որը տարեկան ավելի քան 111,000 երեխայի մանկական առողջապահական ծառայություններ է մատուցում: ԼԱՄՀ-ն տարեկան 232.6 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում երեխաներին և իրենց ընտանիքներին: Որպես Հարավային Կալիֆորնիայի առաջին եւ ամենամեծ մանկական հիվանդանոց՝ ԼԱՄՀ-ն ապավինում է հասարակական բարերարների մեծահոգությանը՝ անհրաժեշտ բժշկական խնամք տրամադրելու, ապագա խնամակալներին առաջատար մեթոդներով ուսուցանելու եւ ծանոթացնելու այն նորարարական հետազոտությունների եղանակներին, որոնք մեծ ազդեցություն ունեն ոչ միայն ԼԱՄՀ-ի, այլեւ ամբողջ աշխարհի երեխաների վրա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play