Ի՞նչ է անելու Արտակ Շաբոյանը Արցախի գործարարների համար


Ի՞նչ է անելու Արտակ Շաբոյանը Արցախի գործարարների համար

  • 04-07-2016 17:22:11   | Հայաստան  |  Վերլուծություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե կաջակցեն, որ Արցախի գործարարները կարողանան մուտք գործել նոր շուկաներ:
 
Հզոր է հնչում՝ Արցախի գործարարները մուտք գործեն նոր շուկաներ: Բայց երբ ուշադրություն ենք դարձնում, թե ով է դա ասում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, հայտարարությունը դառնում է զավեշտալի:
ՏՄՊՊՀ հայտարարություններն այդպիսի բնույթ են ստացել այն բանից հետո, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Ինչպես հայտնի է, նա այդ մասին հայտարարեց մի քանի շաբաթ ուսումնասիրություններից հետո: Մայիսի 12-ի ելույթից հետո նա երեք շաբաթ ժամանակ էր տվել մենաշնորհները ուսումնասիրելու համար, իսկ երեք շաբաթ անց էլ հայտարարեց, թե ժողովուրդը կարծում է, թե մենաշնորհներ կան, բայց իրականում դրանք չկան:
Ընդ որում, պարզվեց, որ ոչ միայն մենաշնորհներ չկան, այլ Հայաստանում նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով չկա: Որովհետեւ, եթե այդպիսի հանձնաժողով կա, ապա Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ի իր «պատմական» ելույթում եւ դրան հաջորդած զարգացումներում գոնե մի փոքր պետք է հղում աներ այդ հանձնաժողովին, որովհետեւ ի վերջո ենթադրվում է, որ ՏՄՊՊՀ-ն պետք է լավագույնս պատկերացներ՝ մենաշնորհ կա, թե չկա: Բայց Հովիկ Աբրահամյանը դրսեւորեց այնպիսի պահվածք, որ պարզվեց՝ Հայաստանում ոչ միայն մենաշնորհ չկա, այլ նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով:
Հիմա այդ հանձնաժողովի նախագահն այցելել է Արցախ ու խոսում է այն մասին, թե ամեն ինչ կանեն Արցախի գործարարների համար նոր շուկա գտնելու համար:
Օրինակ, ի՞նչ է անելու հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Այդ հանձնաժողովը նոր շուկա գտնելու համա՞ր է, թե Հայաստանում տնտեսության մրցակցայնությունը պաշտպանելու, մրցակցության սկզբունքի խախտումներին հետեւելու եւ արձագանքելու: Թե՞ քանի որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մենաշնորհ չկա, ՏՄՊՊՀ-ն այլեւս փոխում է պրոֆիլային ուղղվածությունն ու սկսում է զբաղվել գործարարների համար նոր շուկա ապահովելով:
Այս իրավիճակը դրսեւորում է Հայաստանի տնտեսության, տնտեսական քաղաքականության ամբողջ անլրջությունը: Այդ քաղաքականությունն առկա է միայն հռչակագրային հայտարարությունների տեսքով, իսկ իրականում տնտեսական քաղաքականության կառուցվածքի որեւէ օղակ զբաղված չէ իր իրական գործառույթով եւ անում է պարզապես հերթապահ, ականջահաճո հայտարարություններ:
Այդ պատճառով էլ Հայաստանի տնտեսության վիճակը ներկայում այնպիսին է, որ հնարավոր է գոյություն պահպանել առավելապես արտաքին պարտքի ավելացման միջոցով: Դա է Հայաստանի տնտեսական քաղաքականության միակ աշխատող ֆունկցիան, չաղավաղված կամ չնենգափոխված միակ գործառույթը:
Բանն այն է, որ արտաքին պարտքը Հայաստանի համար դարձել է փոխհատուցում՝ Հայաստանից գողացվողի, Հայաստանի տնտեսական հնարավորությունների եւ ռեսուրսների մսխման «փոխհատուցումը»: Քանի որ Հայաստանի տնտեսությունը դրվել է ընդամենը մի քանի տասնյակ անձանց հարստացման ռեժիմի վրա, քանի որ տնտեսական քաղաքականությունն իրականացվում է այդ ելակետով ու առաջնահերթությամբ, եվ քանի որ այդ մարդիկ արդեն դատարկում են Հայաստանի տնտեսության հիմքը՝ քանի որ վրայինը խժռել են ամբողջությամբ, մեծանում է դատարկվածը ինչ որ բանով լցնելու անհրաժեշտությունը: Իսկ դա հնարավոր է լցնել արտաքին պարտքով:
Կա իհարկե մեկ այլ տարբերակ՝ դադարեցնել գողության եւ մսխման ռեժիմը, ապահովել տնտեսական իրական ազատություն, բացել հանրության ստեղծագործական պոտենցիալի իրացման ճանապարհները եւ ապահովել դրանցում խաղի օրինական կանոնների կիրառումը, եւ հասարակությունն ինքը ոչ միայն կլցնի Հայաստանն էլ, Արցախն էլ, այլ կգտնի նաեւ նոր շուկաներ:
Բայց դա նշանակում է, որ տնտեսական քաղաքականության կառույցները պետք է դադարեն սպասարկել մի քանի տասնյակ անձանց շահն ու ծառայեն հանրային, պետական շահին: Բայց այդ անձինք հանրային եւ պետական շահի համար չէ, որ քառորդ դար ուզուրպացրել են Հայաստանի իշխանության օղակները եւ դրանք վերածել հռչակագրային ցուցանակների:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն