Որտեղ ես ապրում՝ կարեւոր չէ.Կարեւորը՝ ԻՆՉՊԵՍ...Արամ Աբրահամյան


Որտեղ ես ապրում՝ կարեւոր չէ.Կարեւորը՝ ԻՆՉՊԵՍ...Արամ Աբրահամյան

  • 05-07-2016 13:24:27   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Ինձ անհայտ մի ռեժիսոր իր տան վաճառքի հայտարարությանը կցել է նաեւ «քաղաքական» տիպի հայտարարություն, թե ինչ վատ երկիր է Հայաստանը, եւ որքան մեծ է իր ցանկությունն այստեղից գնալու:
 
Սովորաբար այդ թեմայով խոսակցությունները ուղեկցվում են չափազանց հուզական ռեակցիայով այն մարդանց կողմից, որոնք կամ այս 25 տարվա ընթացքում լքել են Հայաստանը, կամ պատրաստվում են դա անել. «բա էդ ձեր երկրում հնարավո՞ր է ապրել», «ի՞նչ է, մենք խոսելու տեղ չունե՞նք՝ մեր սիրտն էլ է ցավում», «որ մենք ձեզ փող չուղարկենք, դուք սովից կմեռնեք», «բա Հայաստանի իշխանությունները…» եւ այլն: Դա շատ հեշտ ճանապարհ է՝ խոսակցությունն այլ կողմ տանելու (կարծեմ, «թրոլինգ» է կոչվում)՝ իբր մենք՝ Հայաստանում ապրողներս, գնացողներին ինչ-որ բանում մեղադրում ենք, իրենք էլ պաշտպանվում են: Նման բան չկա եւ չի կարող լինել: Հայաստանում ծնվելն ու այստեղ ապրելը, Հայաստանում ծնվելն ու այստեղից գնալը, այլ երկրում ծնվելն ու ապրելը, այլ երկրում ծնվելն ու Հայաստան գալը, Հայաստանում ծնվելը, այլ երկիր գնալը եւ հետո վերադառնալը ինքնին չեն խոսում որեւէ մարդու արժանիքների (մասնավորապես` հայրենասիրության) կամ թերությունների մասին, ո՛չ ողջունելի է, ո՛չ էլ դատապարտելի: Այդ բոլոր տարբերակների պարագայում ազգությամբ հայ լինելը կամ չլինելը նույնպես ինքնին արժանիք կամ թերություն չէ: Բոլոր մարդիկ իրավունք ունեն ընտրելու տարբերակներից յուրաքանչյուրը, բոլոր տարբերակներում մարդիկ կարող են դրսեւորվել դրական կամ բացասական կողմերից, բոլոր այդ տարբերակների պարագայում նրանք իրավունք ունեն լավ կամ վատ բաներ ասելու Հայաստանի կամ որեւէ այլ երկրի մասին՝ ընդհանրապես եւ այդ երկրների իշխանությունների մասին` մասնավորապես: Որեւէ տեղ ապրելը կամ որեւէ տեղ տեղափոխվելը բացարձակապես ոչինչ չի նշանակում: Կարեւոր է, թե ԻՆՉՊԵՍ ես ապրում: Ահա այստեղ է, որ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ինձ, օրինակ, դուր չի գալիս «պայմանական» սերը՝ ես քեզ սիրելու եմ, եթե… Անկախ նրանից՝ խոսքը երկրի թե անձի մասին է: Դա, իմ կարծիքով, մաքուր շանտաժ է: Ճիշտ այդպիսի շանտաժ է ինձ թվում հայտարարելը՝ տվեք ինձ այս բանը, թե չէ՝ ես կգնամ այս երկրից: Միանգամայն հասկանալի է՝ եթե մարդուն նեղացրել են, եթե նա չի կարողանում դրսեւորել իր մասնագիտական ունակությունները, եթե չի կարողանում կերակրել իր ընտանիքը կամ չի տեսնում իր երեխաների ապագան, նա ուզում է երկրից գնալ: Իրականում այս բոլոր դեպքերում կա երկու ճանապարհ՝ կա՛մ պայքարել, որ քո եւ մնացածի համար ստեղծվեն նորմալ պայմաններ, կա՛մ հեռանալ երկրից: Բայց երկրորդ պարագայում պետք չէ զբաղվել քո այդ քայլի PR-ով: Սուսուփուս գնա՝ քո իրավունքն է: Թե չէ՝ տպավորություն է ստեղծվում, որ դու քո այդ նեղացածությունն ուզում ես ինչ-որ մեկի վրա «ծախել»՝ «Дядь, մի հատ փեչատը դիր, գնամ»: Բայց սեփական քայլերը PR անելը նույնպես ամեն մեկի իրավունքն է: Երեւի, ճաշակի հարց է: 
 
Արամ Աբրահամյան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play