Մի փոքր շարժումից, ժանգի փոշի է թափվում մեզանից


Մի փոքր շարժումից, ժանգի փոշի է թափվում մեզանից

  • 05-07-2016 17:04:15   | Հայաստան  |  Վերլուծություն

168.am .Արդեն մարդու սիրտը կանգնում է՝ օդում քարացած անորոշությունից, մարդկային ագահության անվերջությունից, գավառամտությունից, պատասխանատվությունից վախեցող մթնոլորտից, թաքնված դավաճանության շշուկներից…
 
ԵՏՄ-ն արհեստական ու անփառունակ կառույց է, իմպերիայի ամրապնդման ճիգ է, նեոսովետների վերադարձն է, կարմիր խավարասերների ակումբը վերականգնելու ընտրված ձև է: Հայկական պետությունը վտանգված է բոլոր առումներով, Արցախի պատերազմը սիստեմի խառնակչության պայմաններում կարող է դառնալ շատ ողբերգական, եթե չսթափվենք և չհասկանանք, որ կեղծ բարեկամները կործանման եզրին են և մեզ էլ իրենց հետ կտանեն դեպի կործանում:
 
Բազմատեսակ, բազմաբևեռ, կոշտ և անգույն ստերից է միշտ հյուսվել իմպերիայի դարավոր սիստեմը: Ռուսաստանը օր օրի գնում է դեպի անկում, ինքնամեկուսացում, դեպի բոլշևիկյան ռևանշիզմ: Աշխարհը շատ լավ է հասկացել, որ այս գարշելի սիստեմը վարակի բուն է, ինչը նախկին և ժամանակակից ագենտուրայի միջոցով տարածվում է աշխարհով մեկ, վերջինիս վարած քաղաքականությունը վտանգում է միջազգային ու համամարդկային բոլոր նորմերը: Չկամության, ծուլության, ագահության, եղբայրասպանության, կաշառակերության անսահման չափերը Ռուսաստանին այսօր կանգնեցրել են փտախտի շեմին: Կարծում եմ՝ այս անգամ շատ ավելի խորն է հիվանդությունը, բանը կհասնի անդամազրկվելուն:
 
Մենք՝ հայերս, ու մեր երկիրը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ, մի ժանգոտված, տիղմապատ ու քարացած նավ է հիշեցնում, որը ծպտվել է ռուսական իմպերիայի՝ ահռելի չափերի հասնող ծովածոցում: Այնքան հին ենք ու ժանգոտ, որ ամեն անգամ մի փոքր շարժումից, ժանգի փոշի է թափվում մեզանից: Խարսխվել ենք Մասիսի ափին ու բաց ծով դուրս գալուց վախենում ենք:
 
Երբեմնի աշխարհի ծովերով հիացող ազգը դարձել է մի լեռնապատ ֆորպոստ, ռսի անսահման տարածքների մի պահակակետ: Դարերի ընթացքում կորցրել ենք նավապետ ունենալու ինստիտուտը, մշակույթը, դրա իմաստն ու ցանկությունը, որովհետև երկար ժամանակ է, այս նավը տեղից չի շարժվում, իսկ մեռած, անշարժ նավին նավապետ պետք չի: Դեպի բաց ծով դուրս գալու ցանկությունն էլ վաղուց կորցրել ենք: Մեր երկրում ծնված նավաստու հոգով Նավաստիները ծովը սրտներում՝ թողնում հեռանում են ուրիշի նավերի վրա վարձկան դառնալու նպատակով, որովհետև հայն առաց ծովի մեռնում է, առանց մեծ ջրի հետ շփվելու՝ ցամաքում է նրա աշխարհընկալումը:
 
«Հայաստան» կոչվող և տեղում կանգնած մեր նավն ունի ադմինիստրատիվ խումբ: Սրանք մեկը մյուսին փոխանցելով, ռուսական նավատորմի գլխավոր հրամանատարությանը ենթարկվելով, այս անշարժին դարձրել են մի փնթի ու ճենճոտ «սուպերմարկետ»: Վաճառքի են հանել ամեն բան, անգամ խիղճ ու հոգի են վաճառում, որովհետև այլասեր է օրենքը, ամեն բան կարելի է՝ եթե Մոսկվայից «դաբրո» ունես: Տարիներ շարունակ կողոպտված, բռնաբարված սեփական երկիրն ասես մատաղ են անում հանուն իմպերիային հավատարիմ մնալուն: Երկրի գավառամիտն ու կոռուպցիոն սիստեմը՝ ներդրված է իմպերիայի կողմից և կոլապսի է մատնել ամբողջ երկրի կենսական, հոգևոր, մտավոր և նյութական կարողությունը:
 
Ափսոս են մեր արիացած ու հերոս զավակները, ովքեր այսօր սահմանին կանգնած պահապանն են այս անշարժ նավի, որոնց հոգիներում բոցկլտում է ազատ և ապահով երկիր ունենալու ցանկությունը, ինչի համար սեփական կյանքն են զոհաբերում: Ափսոս է համայն հայության ներուժը, որը չենք օգտագործում, որպեսզի մեր ազգային ու հինավուրց այս ինքնատիպ նավը վերանորոգենք, առագաստները վեր բարձրացնենք ու՝ դեպի համաշխարհային օվկիանոս ազատ նավարկելու՝ չվախենալով ոչ փոթորկից, ոչ էլ ամեն տեսակի ծովահեններից: Ափսոս են այն ազնվական նավապետները, ովքեր լուռ են, ովքեր այլ երկրի նավեր են վարում աշխարհի բաց ծովերում: Ափսոս է հայ ժողովուրդը, որի մեծ ծով դուրս գալու ցանկությունը բթացվել է ու բթացվում է՝ հանուն սատկող իմպերիայի անկուշտ շահի, հանուն սեփական երկրում օտարի վասալը դարձած գրպանահատների:
 
Հրանտ Վարդանյան
Ռեժիսոր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն