Բերձորի ծեծուջարդը, Հայկ Խանումյանի ծեծը կազմակերպած անձը չի կարող երրորդ անգամ ղեկավարել Արցախը. Վահան Բադասյան


Բերձորի ծեծուջարդը, Հայկ Խանումյանի ծեծը կազմակերպած անձը չի կարող երրորդ անգամ ղեկավարել Արցախը. Վահան Բադասյան

  • 05-07-2016 18:18:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ

«Արցախում, ինչպես և Հայաստանում, Սահմանադրությունը փոփոխվում է մի պատճառով՝ որպեսզի իշխանությունը վերարտադրվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը:
 
Նրա խոսքով՝ այսօր Արցախում չկան այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը պայմանավորված է բացառապես Սահմանադրությունում առկա թերություններով, որի համար պետք է գնալ փոփոխությունների: «Հետևաբար առանցքում դրված է իշխանության վերարտադրության խնդիրը: Ուրիշ ոչինչ: Հիմա էլ արդեն խոսվում է, որ գնում են փոփոխությունների, որպեսզի երկարաձգեն Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը: Բայց եթե անձին տրված է պաշտոնավարման երկու շրջան՝ 10 տարի, ապա հաշվի են առնված անձի ֆիզիոլոգիական ընդունակությունները:
 
Իսկ Բակո Սահակյանը արդեն առաջին շրջանից հետո առանձնապես չի փայլել իր ընդունակություններով: Ավելին՝ բազմաթիվ անգամներ ոտնահարել է Սահմանադրությունը: Որպես Սահմանադրության երաշխավոր՝ չի կարողացել տեր կանգնել Սահմանադրությանը, չի կարողացել կատարել իր պարտականությունները: Անձամբ Բերձորի ծեծուջարդը կազմակերպած, Հայկ Խանումյանի ծեծը կազմակերպած անձը չի կարող երրորդ անգամ ղեկավարել Արցախը:
 
Ինչո՞ւ այդքանից հետո այս ընդունակություններով անձը պետք է երրորդ շրջան պաշտոնավարի: Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին հենց միայն Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման համար: Ես չեմ ուզում, որ Բակո Սահակյանը ղեկավարի իմ երկիրը, որտեղ ապրում են իմ երեխաները»,- հավելեց Բադասյանը:
 
Ամեն դեպքում, եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվի սեղանին և Հայաստանին կրկնօրինակելով՝ առանցքում դրվի խորհրդարանական կառավարման մոդելը, Բադասյանի խոսքով՝ դա ևս լուրջ վտանգ է, քանի որ Արցախը պատերազմական գոտում է, պատերազմի մեջ է, իսկ պատերազմող երկրին ղեկավար է պետք: «Ես կարծում եմ, որ այսօրվա մոդելը ավելի ճիշտ է»,- ասաց պատգամավորը:
 
Բադասյանի խոսքով՝ Արցախի հանրությունն առհասարակ իրազեկված չէ այս գործընթացից, և եթե, այնուամենայնիվ, հանրաքվե կայանա, ապա այն իշխանություններն ավելի խայտառակ ձևով կանցկացնեն, քան անցկացվեց Հայաստանում, Հայաստանի իշխանությունների կողմից:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play