ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ


ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

  • 06-07-2016 15:33:18   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 5-ին Վրաստանի կառավարությունում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
 
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի և  կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային 
ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:
 
Նախարարը առաջնահերթ հետաքրքրվեց Լարսում իրականացվող աշխատանքներով: Վրացական կողմը տեղեկացրեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու  ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):
 
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր` կապված Վրաստանի տարանցիկ միջանցքի  օգտագործման հետ, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար:  Նշվեց, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան,  ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:
 
Քննարկվեց նաև Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարևորությունը:
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են՝ և՜  հայկական, և՛ վրացական կողմերը նշեցին, որ Հայաստանի  Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի  տարածքով Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաև 
Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման ուղղությունը։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն