Ռուսներն ու թուրքերը հետապնդում են միեւնույն նպատակներն ու կիսում միեւնույն տարածքը. Մեկնաբան
06-07-2016 17:00:40 | Հայաստան | Վերլուծություն
Թուրքիան Ինջիրլիքը, Ռուսաստանը՝ Էրեբունի՞ն։
Հուլիսի 4-ին Հայաստանում հավաքվել էին ՀԱՊԿ արտգործնախարարները, հուլիսի 6-ին Վրաստան է ժամանում ԱՄՆ արտգործնախարար Քերին: Մի քանի օր անց Վարշավաում տեղի է ունենալու ՆԱՏՕ հերթական Վեհաժողովը, որի ընթացքում սպասվում է Վրաստան-ՆԱՏՕ գործակցության խորացման նոր մակարդակի նախանշում: Այդ ընթաքում, Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության խորացմանն է գնում Ռուսաստանը, որը Հայաստանի իշխանության հետ կնքեց ՀՕՊ համատեղ համակարգի գործարքը, ստանալով Հայաստանի երկնքի վերաբերյալ որոշումների կայացման մեխանիզմի մասնակցության շոշափելի իրավունք:
Հարավային Կովկասում բաժանարար գծերը դրսեւորում են խորացման միտում: Ուժի մեջ է մտել Վրաստանի եվրասոցացման համաձայնագիրը: Վրաստանում առկա է ՆԱՏՕ արագ արձագանքման ուժերի միավորում:
Հայաստանը շարունակում է երդվել Եվրասիական ճահճի անունով ու ներգրավվել Ռուսաստանի նախագծերում: Չի բացառվում, որ համատեղ ՀՕՊ-ին կհաջորդի նաեւ ընդհանրապես ցամաքային զորքերի հմատեղ կառավարման մասին նախաձեռնություն, եւ կասկած չկա, որ Հայաստանի իշխանությունն ու նրա հետ «կենսենսուսի» մեջ գտնվող քաղաքական դասը կվավերացնի նաեւ այդ նախաձեռնությունը:
Վրաստանի ու Հայաստանի միջեւ բաժանարար գիծը դրսեւորում է խորանալու միտում, համենայն դեպս տարածաշրջանում ռուսական քաղաքականության ծիրում: Նույն ծիրում դրսեւորվում է հակառակ միտումը հայ-ադրբեջանական ուղղությամբ: Ռուսասկան Իզվեստիան գրում է, թե ռուսական կարգավորման պլանը ենթադրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կբացեն Հայաստանի հետ սահմանը: Այստեղ որեւէ անակնկալ բան չկա: Լավրովը այդ մասին բաց տեքստով ակնարկում էր դեռեւս 2008 թվականին:
Այդ սահմանները բացելու ռուսական պլանը իրականություն կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության չեզոքացման հետ մեկտեղ: Նախօրեին բավական աղմուկ հանեց Թուրքիայի արտգործնախարարի հակասական հայտարարությունը Ինջիրլիքի օդանավակայանը ռուսական ռազմական օդանավերին տրամադրելու պատրաստակամության մասին: Չավուշօղլուն կարճ ժամանակ անց հերքեց ինքն իրեն, բայց խնդիրը այստեղ այլ է: Թե Ռուսաստանը, թե Թուրքիան շատ լավ են գիտակցում, որ ռուսներին Ինջիրլիք պետք չէ: Ռուսներն ու թուրքերը պետք է համոզված լինեն, որ հետապնդում են միեւնույն նպատակներն ու կիսում միեւնույն տարածքը: Ինջիրլիքի մասին հայտարարությունը տվյալ պարագայում միմյանց տարածքը միմյանց հետ կիսելու մասին հայտարարություն էր, որն անմիջապես աժանացավ ռուսական ողջույնին Պետդումայից: Մեսիջները տեղ հասած ու փոխանակված էին, դրանից հետո կարելի էր նաեւ «հերքել», ավելորդ աղմուկով չխանգարելու համար:
Եթե Թուրքիան պատրաստ է կիսել Ինջիրլիքը, Ռուսաստանն էլ պատրաստ պետք է լինի կիսել իրենը: Իսկ Ռուսաստանը ծրագրում է Հայաստանը կամաց-կամաց դարձնել իրենը, օրինակ համատեղ ՀՕՊ համակարգով: Վաղը այդ ՀՕՊ շրջանակում ռուսական հարավային ռազմական օկրուգի ղեկավարությունը կարող է որոշել, որ Էրեբունի 102-րդ ռազմակայանում կարող են իջնել թուրքական օդանավեր: Իհարկե, այն բանից հետո, երբ կիրագործվի տարածք խաղաղապահների դիմաց պլանն, ու սահմանը կբացեն Թուրքիան ու Ադրբեջանը:
Այդ պլանն իրագործելու համար պետք է փակվեն Հայաստանի սահմանները Վրաստանի ու Իրանի հետ: Վրաստանի հետ բաժանարար գծերը ռուսական քաղաքականությունը խորացնում է, եւ առաջիկայում պետք է սպասել այդ ուղղությամբ նոր եւ անցանկալի զարգացումների: Իրանի հարցում էլ Հայաստանը կանգնած է էական սահմանափակումների առաջ, իսկ հայ-իրանական սահմանը բառի բուն իմաստով հսկում են ռուս սահմանապահները, ռուսական ՖՍԲ-ն: Իրանը բառի բուն իմաստով հոգնեց Հայաստանի իշխանությանը հետեւողական լինելու հորդոր հղելով:
Հայաստանում չկա այդ ամենին դիմադրելու ունակ շերտ: Հայաստանի հույսն այն է, որ Արեւմուտքը կտապալի ռուս-թուրքական ծրագրերն ու թույլ չի տա, որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի վրա հիմնված քաղաքականությունը ստանա երկրորդ շնչառություն, Հարավային Կովկասը շնչահեղձ անելով արդեն երկրորդ անգամ: