Ապստամբել հիմա է անհրաժեշտ. դրան պետք է պատրաստվի թե՜ հասարակությունը և թե բանակը. Արման Մելիքյան


Ապստամբել հիմա է անհրաժեշտ. դրան պետք է պատրաստվի թե՜ հասարակությունը և թե բանակը. Արման Մելիքյան

  • 06-07-2016 17:41:05   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

 

Պարոն Մելիքյան, սկսվել է ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցում: Ինչ կարելի է ակնկալել այդ մերձեցումից: Կա՞ն վտանգներ, որոնց մասին պետք է մտահոգվել:

 

Ժամանակակից Ռուսաստանն ու Թուրքիան բնական և կատաղի մրցակիցներ են, որոնք թեև ունեն մեծ ծավալի ընդհանուր տնտեսական շահեր, այդուհանդերձ, հատկապես ներկայում տեղի ունեցող աշխարհքաղաքական զարգացումների համատեքստում, ստիպված են լինելու թե բաց, թե փակ ռեժիմով տարաբնույթ եռանդուն ջանքեր գործադրել՝ մեկը մյուսին թուլացնելու և առնվազն կախման մեջ դնելու համար: Ռուս-թուրքական միմյանց հաջորդող կրքոտ սիրախաղերի և թունդ առճակատումների ընթացքում Հայաստանն ու Հայկական հարցը պաշտոնական Մոսկվայի կողմից անդադար է արծարծվում, և կախված այն բանից, թե ռուսները թուրքերի հետ կրկին հերթական մեղրամիսն են ապրում, թե վիճաբանում են՝ մեր երկիրը մերթ որպես Թուրքիայի պատվին մորթվելիք մատաղացու գառնուկ է ներկայացվում, մերթ որպես Արևմտյան Հայաստանի հետ կապված տարածքային պահանջների լեգիտիմությունն ու քաղաքական արդիականությունն ապահովող գործոն: Մեզ համար ամենամեծ սպառնալիքն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում հայկական գործոնը կարևոր դեր ունի, սակայն հայկական պետականությունն առայժմ ընդունակ չէ տեր կանգնելու հայկական գործոնին՝ ընդունակ չէ գոնե օտար պետությունների քաղաքական օրակարգից դուրս ձևավորել սեփական շահերը լիարժեք արտացոլող մոտեցումների հայեցակարգ: Սա է ռուս-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող մակընթացություններից ու տեղատվություններից բխող ամենամեծ սպառնալիքը մեզ համար:

 

Ռուսաստանյան Известия թերթն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների Հայաստանում կայացած հանդիպմանը: Այստեղ խոսվում է ռուսական պլանի մասին, մասնավորապես, նախատեսում է ԼՂՀ-ի և Հայաստանի սահմանների բացում ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմից: Սա որևէ կերպ հավանական կարելի՞ է համարել:

 

Այդ ծրագրի իրագործման հեռանկարները շատ մշուշոտ են, եթե չասենք՝ անգամ ֆանտաստիկ: Ռուսաստանի համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ ապաշրջափակել Հայաստանն աբխազական երկաթուղին վերագործարկելու ճանապարհով, սակայն այդ ուղղությամբ ջանքեր, ըստ էության, չեն գործադրվում ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի կողմից: Արցախի տարածքները զիջելու դիմաց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած հաղորդակցության ուղիների ակտիվացման խոստումը ստեղծված իրավիճակում կարելի է որպես մեծ քաղաքական արկածախնդրություն որակել՝ նման ծրագիր կյանքի կոչելու իմաստն այն կլինի, որ ռուսական կողմը կվերահաստատվի Ադրբեջանում և Ադրբեջան-Հայաստան հաղորդացության ուղիները վերագործարկելու միջոցով էլ իր կողմից միանգամայն վերահսկելի ցամաքային կապ կհաստատի Թուրքիայի հետ: Իրականում այս ծրագիրը հայկական շահերի հետ ոչ մի առնչություն չունի՝ հայ-թուրքական սահմանի վերահսկողությունը ռուսներն ամուր պահում են իրենց ձեռքում: Մեծ հաշվով, ռուսներն այս կերպ պաշտոնական Բաքվին ու Անկարային առաջարկում են արդիականացնել 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով սահմանված ստատուս քվոն:

 

Ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում Ֆրանսիայում Սարգսյան-Ալիև հանդիպումից: Հերթական հանդիպո՞ւմ, թե ի վերջո բանակցությունների սեղանի վերադարձ:

 

 

Հայաստանի գործող իշխանությունները չունեն ստեղծված նոր քաղաքական իրավիճակում երկրի շահերն ապահովող գործողությունների ծրագիր և, դատելով իրենց պահվածքից, չեն էլ ցանկանում այդպիսի ծրագիր ունենալ: Այդ տեսանկյունից Ալիև-Սարգսյան ցանկացած հերթական հանդիպումն ընդամենը հերթական քայլը կլինի, որը պաշտոնական Երևանը կկատարի Արցախի տարածքների 2/3-ն Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ:

 

Որքանո՞վ կհաջողվի պահպանել այս հարաբերական հանգիստը:Արդյոք նոր պատերազմական գործողություններ կվերսկսվեն:

 

Քանի դեռ պարոն Սարգսյանը հետևողականորեն աշխատում Արցախի տարածքները պաշտոնական Բաքվի վերահսկողության տակ դնելու ուղղությամբ, պատերազմական գործողությունների վերսկսումն իմաստ չի ունենա: Պաշտոնական Երևանի համար ընդունելի դարձած «տարածքներ կարգավիճակի դիմաց» կարգավորման բացառիկ արատավոր բանաձևն անգամ իրագործման հեռանկար չունի այն պատճառով, որ թեև ՀՀ գործող ղեկավարը մշտապես պատրաստակամ է եղել հանձնել տարածքները, եթե Ալիևը ճանաչի արցախահայության ինքնորոշվելու իրավունքը, վերջինս, ապրիլյան ռազմագործողության միջոցով տարածքներ գրավելուց հետո, վերահաստատել է Արցախն Ադրբեջանի կազմում պահելու վերաբերյալ իր անսասան մոտեցումը: Այս իրավիճակում հայկական կողմերը պետք է վերանայեն իրենց բանակցային թեզերը և նոր մոտեցումներ գործի դնելով, ոչ միայն բարելավեն իրենց դիրքերը բանակցային սեղանի շուրջ, այլև չեզոքացնեն Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու սպառնալիքը:

 

Ալիևը հայտարարում է, որ կարող են հատուկ կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում, բայց Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա: Սա ի՞նչ է նշանակում:

 

Արցախին ԱՀ կազմում կարգավիճակ տալուն գործը չի հասնի՝ այն պահից, երբ պաշտոնապես կհայտարարվի, որ հայկական իշխանությունները համաձայնել են տարածքներ հանձնել և պատրաստ են սկսել այդ ծրագրի գործնական իրականացումը՝ Արցախի բնակիչները կլքեն իրենց Հայրենիքը: Հատուկ եմ ընդգծում, որ ոչ թե կընդվզեն, այլ կլքեն, քանի որ եթե գործը հասնի այդ կարգի պաշտոնական հայտարարության, ապա դա կնշանակի, որ ծրագրի իրականացման դեմ ընդվզելու ներքին ռեսուրս ազգն այլևս չունի: Այս խայտառակության դեմ ընդվզել, պայքարել, ապստամբել հիմա է անհրաժեշտ ու հրատապ, և դրան պետք է պատրաստվի թե մեր հասարակությունը, և թե բանակն ու մնացյալ ուժային կառույցները:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ