Հայհոյիր, որ ընտրվես. Ոսկան Երևանցի


Հայհոյիր, որ ընտրվես. Ոսկան Երևանցի

  • 11-07-2016 13:35:17   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Հայաստանում արդեն քառորդ դար է՝ մեր քաղաքական գործիչները տարբեր կերպ են պատգամավոր ընտրվում: Ասացինք՝ «քաղաքական գործիչներ», բայց իրականում մեր պատգամավորներից քչերին կարելի է քաղաքական գործիչ համարել: Նրանց մի մասը օլիգարխներ ու մեծահարուստներ են եւ պատգամավոր են դարձել հիմնականում մեծամասնական տարբերակով: Ընդ որում՝ առանց մեծ դժվարության: Ինչպես ասում են՝ փողին մուննաթ:
 
Սովորաբար մենք ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի հարցերում հիմնականում «ընտրվողներին» ենք մեղադրում՝ անտեսելով ու չնկատելու տալով ընտրողների հանգամանքը՝ մոռանալով, որ ընտրողների շարքերում կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են ընտրությունների օրվան, որպեսզի ընտրակաշառքի արժանանան: Այսինքն՝ դարձյալ փողին մուննաթ:
 
Մենք ընտրակաշառք վերցնողներին ու ընտրակաշառքից չհրաժարվողներին սովորաբար մանրակրկիտ չենք անդրադառնում՝ մտածելով, որ լավ օրից չէ, որ մարդիկ ընտրակաշառք են վերցնում: Իսկապես լավ օրից չէ, եւ շատ դեպքերում զլանում ենք մարդկանցից պահանջել ընտրակաշառքից հրաժարվելու այդ պստիկ ինքնազոհաբերումը:
 
Մենք ավելի հաճախ ու ավելի շատ անդրադառնում ենք ընտրակաշառք բաժանողներին, որոնք ոչ միայն անհատներ են, այլեւ կուսակցություններ: Այսինքն՝ համամասնական ընտրությունների դեպքում ընտրակաշառքը վերստին իր դերը կխաղա, եւ ֆինանսապես հարուստ կուսակցություններն ակնհայտ առավելություն կունենան: Իսկ ինչ պիտի անեն ֆինանսական ոչ հարուստ կուսակցությունները, որպեսզի իրենք էլ Ազգային ժողովում տեղեր ունենան: Ոչ հարուստ կուսակցություններ ասելով՝ բնականաբար, առաջին հերթին նկատի ունենք ընդդիմադիր կուսակցություններին ու կուսակցական դաշինքներին:
 
Մեր կարծիքով՝ պիտի անեն այն, ինչ առաջներում արել եւ անում էին: Այսինքն՝ պիտի քննադատեն գործող իշխանություններին: Ընդ որում՝ պիտի անողոք քննադատեն: Ազատության հրապարակում եւ ամենուր: Եվ ովքեր ավելի անողոք եւ ավելի սուր քննադատեն, նրանք էլ Ազգային ժողովում ավելի շատ տեղեր կունենան: Որովհետեւ, ինչպես միշտ, Ազգային ժողովում ընդդիմությունն էլ պարտադիր պիտի որոշակի տեղեր ունենա: Քիչ, բայց՝ պարտադիր: Դա նշանակում է, որ այդ պարտադիր տեղերի համար պարտադիր ու դաժան պայքար կծավալվի ընդդիմադիր կուսակցությունների ու դաշինքների միջեւ: Նախընտրական շրջանում նրանք իրար հետ մրցելու են, թե ով ավելի ուժեղ կքննադատի ու կհայհոյի գործող իշխանություններին: Ով ավելի ուժգին քննադատի ու հայհոյի, նա էլ կարժանանա Ազգային ժողովում ընդդիմությանը հատկացվող տեղերին: Իսկ ով ավելի մեղմ քննադատի, կարժանանա «կեղծ ընդդիմություն» պիտակին: Ընդ որում՝ այդ պիտակին կարժանանա հենց ընդդիմության կողմից, չնայած ընդդիմադիր բոլոր կուսակցություններն ու դաշինքներն էլ հայտարարելու են, որ իրենց պայքարը միայն ու միայն գործող համակարգի դեմ է:
 
Ուշադրություն դարձրեք. ընդդիմադիրները բոլորն էլ գործող իշխանությանն ու գործող համակարգն են քննադատելու, բայց իրականում իրար դեմ են պայքարելու Ազգային ժողովում հատկացվող ընդդիմադիր տեղերի համար: Մի քանի խոսք «համակարգային» քննադատության մասին: Գործող բոլոր ընդդիմադիրներն էլ քննադատում են գործող համակարգը, եւ բոլորն էլ ասում են, որ պետք է համակարգը փոխել: Բայց նրանցից որեւէ մեկը կետ առ կետ չի մատնանշում ներկայումս գործող համակարգի թերությունները, եւ նրանցից որեւէ մեկը չի հայտարարում, թե իրենց իշխանության գալու դեպքում ինչ եւ ինչպիսի համակարգ է գոյություն ունենալու: Մենք մի անգամ արդեն համակարգային փոփոխություն տեսել ենք:
 
Քառորդ դար առաջ Հայաստանում սոցիալիզմն ավարտվեց, եւ սկսվեց, այսպես ասած, կապիտալիզմը: Համակարգային այդ էական փոփոխությունից շատերը շատ գոհ են, շատերն էլ՝ շատ դժգոհ: Համակարգային տվյալ փոփոխությունից հետո ամենից դժգոհն Արշակ Սադոյանն էր, ով գործնականորեն ու շատ ակտիվ մասնակցել էր սոցիալիզմի փլուզմանը: Բայց փլուզումից հետո մի գլուխ լափած մազութից էր խոսում, բողոքում, դժգոհում ու քննադատում էր գործող իշխանությանն ու իր իսկ հարազատ ՀՀՇ-ին: Դժգոհում, քննադատում ու սիրվում էր ժողովրդի կողմից: Սիրվում ու պատգամավոր էր ընտրվում: Այսօր մազութի թեման չկա, թեմաները փոխվել են, բայց ընտրվողների հանդեպ վերաբերմունքը մնացել է նույնը: Եվ առաջիկա ընտրություններում էլ ընտրողն իր ձայնը կտա այն ընդդիմադիրներին, ովքեր ավելի ուժգին կքննադատեն ու կհայհոյեն գործող իշխանություններին: Եվ վերստին խելացի ելույթները քիչ կլինեն եւ աղմուկը՝ շատ:
 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ   
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն