Ադրբեջանը չի գտնի պատերազմի «ցանկալի գնով» գնորդի. Մեկնաբան


Ադրբեջանը չի գտնի պատերազմի «ցանկալի գնով» գնորդի. Մեկնաբան

  • 11-07-2016 18:29:30   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան գրառում է արել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ առանձին հանդիպումներում, որ տեղի են ունեցել ՆԱՏՕ Վարշավայի Վեհաժողովի շրջանակում, թե Սերժ Սարգսյանը, թե Իլհամ Ալիեւը դեմ են արտահայտվել պատերազմին: Ուորլիքը գրել է, որ ԱՄՆ պատրաստակամ է օգնել կարգավորման գործընթացին:
 
Եթե Իլհամ Ալիեւը արտահայտվում է պատերազմին դեմ, դա նշանակում է, որ նա չպետք է դեմ լինի հրադադարի պահպանման միջազգային մեխանիզի ներդրմանը: Քանի դեռ Ադրբեջանը կողմ չէ այդ մեխանիզմին, նշանակում է, որ կողմ է պատերազմին:
Մյուս կողմից, Ալիեւը այդ մասին հայտարարում է բաց: Նա չի էլ թաքցնում, որ եթե չլուծվի տարածքների «վերադարձի» հարցը, նա իրեն վերապահում է այն պատերազմով լուծելու իրավունք: Այդ համատեքստում որքանով է համարժեք, բանական պատերազմին դեմ լինելու Ալիեւի որեւէ հավաստիացում:
Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Պուտինի առաջիկա Բաքու կատարելիք այցի ընթացքում կնքվելու են ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական նոր համաձայնություններ: Ալիեւը մինչ այժմ գնել է մոտ տասը միլիարդ դոլարի սպառազինություն: Շարունակում է գնել: Նա հիմա՞ր է, որ սպառազինություն գնի, չունենալով պատերազմի հնարավորություն: Ինչու՞ նա պետք է միլիարդներ ծախսի այդ զենքի վրա: Ադրբեջանը Հայաստանից բացի ունի ա՞յլ հակառակորդ, որի դեմ կռվելու համար զինվում է:
Եթե Ադրբեջանը շարունակում է սպառազինվել, ուրեմն պատերազմը դրա օրակարգում է: Ընդ որում, մոտ հեռանկարի պատերազմը: Եվ եթե ապրիլի պատերազմից հետո Ադրբեջանին շարունակում է սպառազինել հենց Ռուսաստանը, ուրեմն պատերազմը ռուս-ադրբեջանական օրակարգ է:
Դա նշանակում է, որ պատերազմին դեմ լինելու Ալիեւի հավաստիացումները չունեն գրոշի արժեք: Ուորլիքը, եւ ընդհանրապես ԱՄՆ իշխանությունը անկասկած միամիտ չէ դա չգիտակցելու համար: Ուորլիքի գրառումն ավելի շուտ թերեւս ակնարկ է այն մասին, որ Քերին զգուշացրել է կողմերին՝ եթե լինի պատերազմ, ապա նրանցից որեւէ մեկը թող չակնկալի ԱՄՆ օժանդակությունը:
Աներկբա է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն միմյանց հաղթելու շանս: Երկուսին էլ դա թույլ չի տա Ռուսաստանը: Նրանցից որեւէ մեկի ռազմական լիարժեք հաջողությունը չի մտնում ՌԴ տարածաշրջանային ռազմավարության շրջանակ: Ու քանի դեռ տարածաշրջանում շնչում է այդ ռազմավարությունը, Հայաստանն ու Ադրբեջանը գտնվելու են հավերժական, անվերջ պատերազմի ծուղակում:
Այդ ծուղակում նրանք հայտնվել են Հայաստանի իշխող համակարգի անինքնիշխանության եւ Ալիեւի ռազմական դիվանագիտության հետեւանքով: Ալիեւը իրեն չի թողել պատերազմից բացի այլ քայլ, միաժամանակ հայտնվել է մի վիճակում, երբ պատերազմի գնորդ, Ռուսաստանից բացի, պարզապես չկա: Իսկ Ռուսաստանը պատրաստ չէ վճարել այն գինը, որն ակնկալում է Ադրբեջանը: Բաքուն թերեւս հույս ուներ, որ պատերազմը կդնի միջազգային «աճուրդի», եւ Ռուսաստանն ու Արեւմուտքը կմրցակցեն՝ ավելի բարձր գնով այն ձեռք բերելու համար:
Բայց, Արեւմուտքը, ԱՄՆ-ն չմտան այդ «աճուրդի» մեջ, եւ Ալիեւը հայտնվեց փակուղում: Ուորլիքի հայտարարությունը վկայում է, որ Վարշավայում ՆԱՏՕ Վեհաժողովում Քերին Ալիեւին հերթական անգամ զգուշացրել է, որ ԱՄՆ չի մասնակցելու պատերազմը շահեկան գնով վաճառելու Ալիեւի փորձերին:
Խնդիրն այստեղ դառնում է այն, որ Հայաստանը համառորեն չի ուզում գտնել խաղաղության «գնորդ»: Այսինքն, Ադրբեջանը տարածաշրջանում վաճառքի է հանել պատերազմը՝ որպես աշխարհքաղաքական ապրանք: Այդ «ապրանքը» լավ չի վաճառվում, գնորդ չունի՝ Ռուսաստանից բացի, որն էլ սակայն չի տալիս այն գինը, որը կուզեր Ադրբեջանը: Բայց, քանի որ չկա այլ «ապրանք», սեղանին մնում է «պատերազմը»:
Խաղաղությունը, որպես աշխարհքաղաքական ապրանք, կարող է վաճառքի հանել Հայաստանը, Հայաստանի ձեռքում է այն: Հայաստանը հանդես է գալիս խաղաղության օգտին, խաղաղություն ապահովող մեխանիզմների օգտին, բայց դա դեռ չի նշանակում ապրանքի ձեւակերպում, փաթեթավորում եւ մատուցում աշխարհքաղաքական գործընթացում: Որովհետեւ, հանդես գալով խաղաղության օգտին, Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում շարունակում է հավատարմություն ու պատրաստակամություն հայտնել այն փիլիսոփայությանը, որը կարգավորման գործընթաց անվան ներքո իրավիճակը բերեց պատերազմական փակուղի կամ ծուղակ:
Բանն այն է, որ գործընթացն այդ ծուղակից կարող է դուրս բերել միայն Հայաստանը, հայկական կողմը: Բայց ապրիլի պատերազմից հետո այդ ուղղությամբ հնարավոր մեկ-երկու քայլի մասին հայտարարությանը փաստացի չի հետեւել գործնական քաղաքական գիծ, որը կտաներ գործընթացի տրամաբանության փոփոխության, դուրս բերելով այն պատերազմի փիլիսոփայությունից: Հայկական կողմի քաղաքականությունը շարունակում է հիմնված լինել այն հույսի վրա, որ Ադրբեջանը չի գտնի պատերազմի «ցանկալի գնով» գնորդի:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն