«ԼՂ հարցը կարեւոր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի համար». Փորձագետ


«ԼՂ հարցը կարեւոր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի համար». Փորձագետ

  • 12-07-2016 16:34:37   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Լավրովի այցը Բաքու ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս չի եկել Ռուսաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների կոնտեքստից, երկրորդական չէ, եւ կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի կողմից ապրիլին սկսված ռազմական գործողությունները հասել են իրենց նպատակին. Ադրբեջանը կարողացել է ԼՂ հարցը կիսաքնած վիճակից դարձնել ակտիվ քննարկվող»,-այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի երկօրյա այցին Բաքու:
 
Տեղեկացնենք, որ այցի շրջանակներում Լավրովը հայտնել է, որ թե՛ Երեւան, թե՛ Բաքու այցելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ քննարկելու ԼՂ կարգավորման խնդիրը:
 
«Պատահական չէ, որ Վալդիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի հեռախոսազրույցի ժամանակ առաջինը քննարկվել է ԼՂ հարցը, իսկ Սիրիան եւ Ուկրաինան՝ հետո, եթե մինչ ապրիլյան պատերազմը ԼՂ հարցը վերջինն էր քննարկվում, ապա այժմ դարձել է կարեւոր հարց»,-ասաց Բադալյանը:
 
Փորձագետի համոզմամբ ԼՂ հարցը կարեւոր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի համար.
 
«Այդ կոնտեքստում պետք է դիտարկել Լավրովի այցը Ադրբեջան, որովհետեւ թե՛ ՌԴ-ն, թե՛ ԱՄՆ-ն ունեն ներքին, գուցե չերեւացող մրցակցություն, թե ով պետք է Ղարաբաղի հարցում դրական արդյունք ապահովի»,-ասաց Բադալյանը: Արմեն Բադալյանը անդրադարձավ նաեւ ՌԴ-Ադրբեջան զենքի վաճառքի համագործակցությանը՝ նկատելով, որ դա եւս այցի համար կարեւոր պատճառ է.
 
«Գաղտնիք չէ, որ ՌԴ-ի վիճակն այնպիսին է, որ մի քանի միլիարդ դոլարի զենքի վաճառքը բավականին եկամտաբեր է իր համար, նույնը կարող ենք ասել Արեւմուտքի կտրվածքով: Առաջիկայում Ֆրանսիայում սպասվող Ալիեւ-Սարգսյան հանդիպումով էլ Արեւմուտքն է փորձում իր կողմ տանել բանակցությունը»,-նկատեց նա՝ ընդգծելով, թե անկախ նրանից ՌԴ-ն եւ Արեւմուտքը ԼՂ հարցի վերաբերյալ հրապարակային ինչ են ասում, միեւնույն է, ԼՂ հարցը տեսնում են որպես Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու եղանակ:
 
«Չմոռանանք, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ են եղել, եթե մինչ այս պահը միայն նախագահը կարող էր ԼՂ հարցի վերաբերյալ որոշում ստորագրել, ապա հաջորդ տարի՝ խորհրդարանական ընտրություններից հետո, կարող են խնդիրներ ծագել, թե ով է լինելու ստորագրողը, ուստի մինչ խորհրդանական ընտրություններ ԼՂ հարցի վերաբերյալ բավականաչափ գործողություններ պետք է կատարված լինեն»,-ասաց Բադալյանը:
 
Փորձագետի խոսքով՝ Արեւմուտքն ու ՌԴ-ն նպատակ չունեն միայն Ղարաբաղի հարցում իրենց դիրքերը ամրապնել Կովկասում. «Նպատակն է նաեւ ակտիվորեն մասնակցել Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացին, իսկ որպեսզի կարողանան ինչ-որ չափով մասնակցել դրան, գոնե Ղարաբաղի հարցում գոնե ինչ-որ չափով ֆիքսված լուծում պետք է ունենան»,-եզրափակեց նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play