Ինչո՞ւ է տարածքների հանձնումը կամ զիջումը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ. Մեկնաբան


Ինչո՞ւ է տարածքների հանձնումը կամ զիջումը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ. Մեկնաբան

  • 13-07-2016 18:16:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Արցախի խնդրի առնչությամբ դիվանագիտական աշխույժ շարժերը Հայաստանի հանրության շրջանում էլ աշխուժացրել են տարածքների թեման: Հանրության մի շարք շերտեր մեղադրում են իշխանությանը տարածք զիջելու կամ հանձնելու պատրաստակամության, անգամ դավադրության համար եւ տալիս կոշտ բնութագրեր ու գնահատականներ: Հանրության այդ արձագանքը իհարկե հասկանալի է եւ այլ բան դժվար է սպասել այն դեպքում, երբ որեւէ մեկը կարող է կասկածի տակ դնել պետության տարածքային ամբողջությունը:

 

Միեւնույն ժամանակ, այս պարագայում խնդիրը շատ նուրբ է, հանդիսանում է միջազգային օրակարգի կարեւոր թեմաներից մեկը: Դա նշանակում է, որ Հայաստանի համար կարեւոր է տարածքների հարցում բարձրանալ «դավաճանության», «պարտվողականության», «ոչ մի թիզ հող» բանաձեւից կամ փիլիսոփայությունից վեր եւ հարաբերվել ոչ միայն ներքին սպառման, այլ նաեւ միջազգային շրջանակում:

 

Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է հայեցակարգային ձեւակերպում տա իր դիրքորոշմանը, թե ինչու է տարածքների հանձնումը կամ զիջումը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ: Որովհետեւ վերջին տարիներին, ավելի շուտ կարգավորման ամբողջ գործընթացում՝ հենց սկզբից, Հայաստանի իշխող «էլիտաների» թեթեւ ձեռքով կամ մտքով ստեղծվել է մտայնություն, թե ովքեր կողմ են տարածքների զիջմանը, հանձնմանը կամ «փոխզիջմանը», նրանք աշխարհակարգի գուրուներ են եւ խաղաղության նվիրյալներ, իսկ ովքեր հանդես են գալիս տարածք զիջելու դեմ, անգամ որպես «փոխզիջում», նրանք ոչինչ չեն հասկանում աշխարհի կարգից, գնում են աշխարհակարգի եւ խաղաղության դեմ ու տանում են դեպի պատերազմ:

 

Առաջին պատերազմը հաղթած եւ այդ հաղթանակը դիվանագիտորեն ամրագրելու ռազմավարական խնդիր ունեցող ժողովուրդը անցնող երկու տասնամյակում այդ խնդիրը լուծելու փոխարեն, դրվել է թյուրըմբռնման մեջ, ինչի հետեւանքով էլ ի վերջո կանգնել է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի առաջ:

 

Հազարավոր կյանքերի գնով պատերազմը հաղթած ժողովուրդը, պետությունը, որ այդ հաղթանակով ձեռք էր բերել խաղաղությունը, չգիտես ինչու այդ խաղաղությունն ամրացնելու փոխարեն սկսեց ապրել խաղաղություն «մուրալով»: Զարմանալի չէ, որ իբրեւ արդյունք երկու տասնամյակի ընթացքում հասունացավ ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմը:

 

Իսկ պատճառն այն էր, որ հայկական «էլիտային» այդ նենգափոխումն անհրաժեշտ էր երկու տասնամյակի ընթացքում կապիտալի այսպես կոչված նախնական կուտակման վայրի ընթացքը ամբողջացնելու եւ հետո դրա պահպանման հակասահմանադրական մեխանիզմները բյուրեղացնելու համար:

 

Դրա հետեւանքով, Հայաստանն ու Արցախը, որ առաջին պատերազմի արդյունքում դարձան նոր Կովկասի առանցք, տարիների ընթացքում կորցրին իրենց առանցքային դերը, սուբյեկտությունը: Ընդ որում, հատկանշական է, որ Հայաստանն ու Արցախը պատերազմ էին հաղթում եւ նոր Կովկասի հիմքերն էին գցում միջազգային լիակատար լեգիտիմության պայմաններում:

 

Այժմ գործընթացը շրջվել է լիովին հակառակ տրամաբանությամբ, եւ Կովկասը հայտնվել է հնի վերադարձի սահմանագծին: Եվ այդտեղ կրկին առանցքային է Արցախի հարցը, ինչը տրամաբանական է: Դրանով է դրվել նոր Կովկասի հեռանկարի հիմքը, հետեւաբար այդ հեռանկարի հիմքը քանդելով է, որ հնարավոր է Կովկասը վերադարձնել հնին՝ այսինքն Ռուսաստանի լիարժեք տիրապետությանը եւ ռուս-թուրքական պայմանագրով 1921 թվականին սահմանված վիճակին:

 

Այդ իրողությունն ինքը Հայաստանին տալիս է տարածքների հարցում սկզբունքային մոտեցում ձեւավորելու նոր առիթ, որը բաց թողնվեց առաջին պատերազմի հաղթանակից հետո:

 

Ո՞րը կարող է լինել այդ մոտեցումը:

 

Արցախով անցնում է նոր ու հին աշխարհակարգի սահմանը: Հայկական զինված ուժերն են այդ սահմանը, նրանք ձեւավորել ու պահում են այդ սահմանը: Ըստ այդմ, նրանք կանգնած են նոր աշխարհակարգի անվտանգության սահմանին: Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան իրենց բազմաթիվ քայլերով, իրենց պետական բնույթով բազմաթիվ օրինակներով ցույց են տվել, որ ոչ միայն գործընկեր չեն նոր աշխարհակարգին, այլ հանդիսանում են գործուն սպառնալիք:

 

Հայկական զինուժի ենթակայության տակ գտնվող սահմանը նոր աշխարհակարգի սահմանն է, հետեւաբար զիջել կամ հանձնել այդ սահմանը, նշանակում է նոր աշխարհակարգի հեռանկարը զիջել սպառնալիքին:

 

Արցախի հարցը լոկ հայկական հարց չէ, այն համաշխարհային անվտանգության հարց է: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական «էլիտաները» պետք է ունենան դրան համարժեք մտածողության, պատվախնդրության մասշտաբ, այդ խնդրում համոզիչ լինելու համար: Իսկ դա պահանջում է ունենալ ինքնիշխանություն եւ արդիական քաղաքակրթական նկարագիր, ոչ թե «իմ աշխարհն իմ դղյակն է» տրամաբանություն:

 

Միեւնույն ժամանակ, իշխող այդ տրամաբանությանը հակադիր, Հայաստանում կա արդիական քաղաքական ընդդիմախոսության եւ սկզբունքային հայեցակարգերի անհրաժեշտություն՝ հայկական շահը միջազգային մասշտաբներում ներառող հայեցակարգերի: Միջազգային գործընթացները ներկայում զգալի մասով իրենց մեջ ներառել են հայկական շահը, բայց բնական ու տրամաբանական դաշնակցության եւ գործակցության համար բացակայում է հանդիպակաց շարժումը որեւէ մակարդակում՝ թե իշխանական, թե ընդդիմադիր:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play