Հայաստանի իշխանությունը սահմանափակվում է միայն «նաղդով».Մեկնաբան


Հայաստանի իշխանությունը սահմանափակվում է միայն «նաղդով».Մեկնաբան

  • 13-07-2016 18:22:14   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ, որի ընթացքում քննարկվել են տնտեսական գործակցության հեռանկարներ: Կառավարության պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ Հովիկ Աբրահամյանն իրանցի գործընկերոջը դիմել է Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալն ավելացնելու համար, քանի որ ռուսական գազը Հայաստան բերող մայրուղային գազատարը Վրաստանի տարածքում ենթարկվում է նորոգման եւ փակ կլինի մոտ մեկ ամիս:

 

Հովիկ Աբրահամյանի այդ դիմումը հետաքրքիր է, եթե նկատի առնենք այն, որ Վրաստանում գազատարի նորոգման փակ լինելու մասին տարածված հաղորդագրության մեջ Գազպրոմ Արմենիա ընկերությունը նշում էր, որ Հայաստանի սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի գազապահեստարանի պաշարի միջոցով:

 

Արդյոք Աբովյանի գազապահեստարանի գազը բավարար չէ անխափան գազամատակարարում ապահովելու համար, եւ այդ իսկ պատճառով Հայաստանի կառավարության ղեկավարը դիմում է Իրանին գազի ծավալներն ավելացնելու հարցով, թե՞ Հայաստանի կառավարությունը վստահ չէ, որ Ռուսաստանից մայրուղային գազատարի նորոգումը կավարտվի մեկ ամսվա ընթացքում:

 

Իսկ գուցե Հայաստանի իշխանության քայլը ունի քաղաքական նշանակություն, այն իմաստով, որ Հայաստանն Իրանին դիմելով գազի ծավալները ավելացնելու համար, ցույց է տալիս, որ եթե ռուսական գազի մատակարարման հետ կապված խնդիրները լինեն տեւական, այդ դեպքում Հայաստանը չի կարկամի Իրանի հետ գազի բանակցություն սկսելու հարցում:

 

Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունը ռուսական գազի Հայաստան մատակարարման հարցում տեսնում է որոշակի քաղաքական ենթատեքստ, ինչին էլ պատասխանում է Թեհրանին ուղղված նույնպես քաղաքական ենթատեքստ պարունակող դիմումով:

 

Հետաքրքիր է, որ Հայաստան ռուսական գազի մատակարարման դադարեցումը համընկավ Վերին Լարսի ճանապարհի խոչընդոտներին: Պատահական էր դա, թե ոչ, դժվար է ասել, բայց այդ իմաստով խորհրդանշական էր նույն Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե պետք է բանակցություն սկսել այլընտրանքային ճանապարհի համար:

 

Պարզ չէ, թե ում հետ է Հայաստանը բանակցելու այդ ճանապարհի համար: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանին «մղում» է բանակցել Օսիայի հետ: Հայաստանը դա չի կարող անել, քանի որ կառաջանա խնդիր հայ-վրացական հարաբերության համար: Ռուսաստանն իհարկե այդ խնդիրը կընդունի հաճույքով: Բայց Հայաստանի համար դա մեղմ ասած անցանկալի է, հատկապես ներկայիս տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական իրավիճակում:

 

Այդ ֆոնին, Վրաստանը նորոգում է սկսում մայրուղային գազատարի վրա, մեկ ամսով դադարեցնելով Հայաստան ռուսական գազի մատակարարումը: Եվ ուշագրավ է, որ Հայաստանը դիմում է Իրանին: Փաստացի, Հայաստանը դիմում է այլընտրանքի, այդպիսով անելով բազմիմաստ քաղաքական ժեստ:

 

Իրանական այլընտրանքը Հայաստանի իշխանությունը անտեսել է տարիներ շարունակ: Ավելին, այլընտրանքային գազամուղը հանձնվել է ռուսական Գազպրոմին: Ընդ որում այդ գործընթացը սկսվել է դեռեւս գազամուղը շահագործման չհանձնած: Պաշտոնական Երեւանը անտեսել է նաեւ գնային առումով ռուսականի հետ մրցունակ գազի իրանական առաջարկը, որ հնչել է դեսպանի մակարդակով: Դրա փոխարեն կնքվեց Գազպրոմի հետ ամոթալի պայմանագիրը, որը պարունակում է Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող տարրեր:

 

Այդ ամենի դիմաց Հայաստանը ստացավ ապրիլի պատերազմ, Ռուսաստանի աջակցություն Ադրբեջանին եւ անտարբերություն Հայաստանի հանդեպ: Այժմ էլ Հայաստանը ստանում է Ռուսաստանի նույն վերաբերմունքը եւ Արցախի հարցում Ադրբեջանին հուսադրելու Մոսկվայի աշխույժ ջանքը:

 

Արդյոք այդ իրավիճակը Հայաստանի իշխանությանն ի վերջո կստիպի իրապես մտածել այլընտրանքի մասին, կամ վերջապես նկատել Հայաստանի իրական ընտրության անհրաժեշտությունը, տվյալ պարագայում Իրանի հետ հարաբերության առարկայացման մասով:

 

Դժվար է ասել, եւ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունն անձնական բիզնեսից, իշխանությունից եւ փողից բացի կարող է մտածել այլ բանի մասին: Առավելագույնը, եթե իրավիճակը սպառնալից դառնա արդեն նաեւ այդ կատեգորիաների հանդեպ: Չի բացառվում, որ հենց այդպես էլ կա: Բայց անգամ այդ հարցում Հայաստանի իշխանությունը զուրկ է ռազմավարական մտածողությունից եւ պատկերացումները սահմանափակվում են միայն «նաղդով»:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play