Ռուսաստանի ծրագիրը ենթադրում է անխուսափելի նոր պատերազմ


Ռուսաստանի ծրագիրը ենթադրում է անխուսափելի նոր պատերազմ

  • 14-07-2016 18:30:36   | Հայաստան  |  Վերլուծություն

 

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին Ֆրանսիայից կժամանի Ռուսաստան, որտեղ կքննարկի աշխարհքաղաքական կարեւոր հարցեր, այդ թվում Արցախի խնդիրը: Այդ առումով հատկանշական է, որ Քերին Ռուսաստան է ժամանելու Ֆրանսիայից, որտեղ գտնվելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Օլանդը Քերիին հրավիրել է Բաստիլի գրավման առիթով Ֆրանսիայի Ազգային տոնի հանդիսությանը մասնակցելու համար:

 

Ֆրանսիան ներկայում նախաձեռնում է Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպումը, որը հավանաբար տեղի կունենա Փարիզում: Դա լինելու է Վիեննայի հանդիպման շարունակությունը: Իսկ ինչ «հարաբերության» մեջ է լինելու այդ հանդիպումը Սանկտ-Պետերբուրգի հանդիպման հետ, այդքան էլ պարզ չէ:

 

Ավելի շուտ, առավել պարզ է, որ Սանկտ-Պետերբուրգը Վիեննայից շեղման փորձ էր, եւ Ֆրանսիան իր նախաձեռնությամբ փորձում է վերադարձնել գործընթացը Վիեննա: Այն, որ Վիեննայի ամերիկյան եւ Սանկտ-Պետերբուրգի ռուսական նախաձեռնության միջեւ կար էական հակասություն, ակնառու դարձավ Երեւանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեյի հայտարարությունից, որ անմիջապես հաջորդել էր Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը:

 

Ֆրանսիայի դեսպանն ուշադրության էր արժանացրել հանգամանքը, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպման ամփոփիչ արձանագրությունում խոսք չէր եղել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման մասին, բայց դեսպանը հայտարարել է, որ դա է առաջնահերթությունը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը դրա կարեւորության մասին հայտարարեց նաեւ օրերս, Երեւանում ունեցած նոր ասուլիսի ընթացքում, ասելով, որ այդ մեխանիզմի խնդիրը շատ կարեւոր է:

 

Փաստացի, Սանկտ-Պետերբուրգը Վիեննայի օրակարգը նենգափոխելու Ռուսաստանի փորձն էր, ինչը արժանացավ թե Ֆրանսիայի, թե ԱՄՆ դժգոհությանը եւ անգամ զգուշացմանը ընդhուպ Բարակ Օբամայի մակարդակով, որը Պուտինից փաստացի հաշվետվություն էր պահանջել Սանկտ-Պետերբուրգի համար:

 

Աներկբա է, որ Ռուսաստանը զուգահեռ խաղ է վարում, մի կողմից փորձելով հավաստիացնել Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, որ չի ձեռնարկում որեւէ «սեպարատ» համաձայնություն եւ չարժանանալ նրանց առավել կոշտ ընդդիմությանը, մյուս կողմից Մոսկվան փորձում է առաջ մղել իր ծրագիրը, որը հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի փոխարեն ենթադրում է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայում:

 

Ռուսաստանի ծրագիրը ենթադրում է անխուսափելի նոր պատերազմ բոլոր դեպքերում՝ թե հաջողելու, թե չհաջողելու: Բանն այն է, որ չհաջողելու դեպքում Ադրբեջանը փաստացի ստանում է նոր պատերազմի «լեգիտիմ» նոր իրավունք, առնվազն Հայաստանի «դաշնակցի» եւ այսպես ասած անվտանգության «դաշինքի» տիրույթում լեգիտիմ՝ Բաքվի համար դա բավական է: Իսկ հաջողելու դեպքում պատերազմն է դրա իրականացման տարբերակը, որպեսզի ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը դառնա «լեգիտիմ»: Ըստ այդմ, ռուսական ծրագրի իրականացման վերջին փուլը լինելու է նոր «բլից-կրիգը», նոր զոհերով, նոր ավերածություններով, եւ ըստ երեւույթին շատ ավելի ուժգին ու սարսափելի, որպեսզի ՀԱՊԿ խաղաղապահների գաղափարը դառնա անկասելի:

 

Կկանգնեցնե՞ն Ֆրանսիան ու ԱՄՆ այդ ծրագիրը, ինչպես տապալեցին Կազանի պլանը: Բավական բարդ է ասել: Տրամաբանությունը հուշում է, որ պետք է կանգնեցնեն, առավել եւս, որ այստեղ նրանց դաշնակից է Իրանը, որի համար անցանկալի է տարածաշրջանում երրորդ երկրի զինուժի առկայությունը:

 

Այդ ծրագիրը կանգնեցնելու հարցում կարող էր առանցքային դեր ունենալ Հայաստանը, որը սակայն դրա փոխարեն կանգնեցրել է իր ինքնիշխանության ընթացքը՝ իշխանական ու չիշխանական «էլիտաների» ձեռքով, եւ ներկայում հույսը խոշոր հաշվով այն է, որ ռուսական ծրագիրը կկանգնեցնեն Ֆրանսիան ու ԱՄՆ-ն եւ կկարողանան արդյունավետ կերպով առաջ մղել հրադադարի մեխանիզմի ներդրման գաղափարը, այդպիսով բեկելով իրավիճակը եւ ձեւավորելով կայունության առավել որոշակի հեռանկար, քան այժմ: Վտանգավորն այն է, որ դրա համար կարող է առաջանալ նոր պատերազմի «անհրաժեշտություն», քանի որ Հայաստանը բաց թողեց իրավիճակը բեկելու հնարավորությունն ապրիլյան պատերազմից հետո:

 

Այդ «անհրաժեշտությունից» խուսափելու համար Հայաստանին անհրաժեշտ է բեկում գոնե ներքին կառավարման ոլորտում, պաշտպանունակության բարձրացման համար: Հայաստանից պահանջվում է անել գոնե այդ նվազագույնը, բայց առավելագույն արդյունավետությամբ: Սակայն, անգամ այդ հարցում Հայաստանը թերանում է ակնհայտորեն:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play