Աջարիայի Կառավարության նախագահի պարտականությունների ժամանակավոր գործակատար է նշանակվել Զուրաբ Պատարիձեն
14-07-2016 19:16:06 | Վրաստան | Քաղաքական
Հուլիսի 14-ին Վրաստանի նախագահը հրաման է ստորագրել Վրաստանի կազմում մտնող Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետի և կառավարության պաշտոնաթող լինելու մասին: Աջարիայի Կառավարության նախագահի պարտականությունների ժամանակավոր գործակատար է նշանակվել Զուրաբ Պատարիձեն: Երկու ամսից Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ևս կկայանան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում էլ կձևավորվի նոր կառավարությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Աջարիայի Կառավարության նախագահը պաշտոնաթող է եղել, ինչն էլ պատճառ է հանդիսացել Աջարիայի Ինքնավար Հանրապետության ողջ կառավարության փլուզման համար:
«Հատկանշական է, որ 13-րդ միջազգային վեհաժողովն անցկացվում է իսկապես եվրոպական քաղաքում՝ Բաթումիում: Վաղ ժամանակներից Բաթումին գտնվել է հունական, հռոմեական և օսմանյան քաղաքակրթությունների խաչմերուկում», -ելույթ ունենալով Բաթումիում անցկացվող միջազգային վեհաժողովին՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Հիշեցնենք, որ մինչ 1920թ. Բաթումին, ինչպես ողջ Աջարիան բռնագրավված է եղել Թուրքիայի կողմից:
«Դիմելով Եվրամիությանը ուզում եմ ասել, որ Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա Եվրապայի կողմից չպետք է ընկալվի որպես հերթական գլխացավանք: Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ Եվրոպայում կան շատ լավ և գրավիչ բաներ: Վրաստանը չի ցանկանում Եվրոպայի վրա բարդել իր խնդիրները», -եվրոպացի կոմիսար Իոհաննես Հանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Վրաստանը իրականացրել է վիզային ազատականացման գործընթացի շրջանակներում իր վրա դրված բոլոր պարտականությունները: Վրաստանն անցկացրել է բարեհաջող բարեփոխումներ: Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ Վրաստանի քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել Եվրոպայում առանց վիզայի: Հուսով եմ, որ այդ գործընթացը բարեհաջող կերպով կավարտվի մինչ հոկտեմբեր», -հայտնել է եվրոպացի կոմիսար Իոհաննես Հանը:
«Երեկ իշխող կուսակցությունը հերթական անգամ ցույց տվեց իր գավառականությունը: Բոլորը, սկսած վարչապետից և վերջացրած ներկայացված թեկնածուներից, գլուխ են գովում, թե կրթություն են ստացել արտասահմանում: Իհա′րկե, արտասահմանում կրթություն ստանալը լավ բան է, բայց այն, թե ինչպես դա ներկայացրեց իշխող կուսակցությունը, անընդունելի է: Նրանք ստեղծում են արհեստական կոնֆլիկտ: Ստացվում է այնպես, որ նրանք, ովքեր կարողացել են մեկնել արտասահման և այնտեղ կրթություն ստանալ, առավելություն ունեն նրանց հանդեպ, ովքեր ավարտել են վրացական բուհերը: Ստացվում է, որ բնակչության 99.9% որևէ առավելություն չունի արտասահմանյան թիմի նկատմամբ», -հուլիսի 14-ին հայտարարել է «Ժողովրդավարական շարժում» կուսակցության քաղաքական քարտուղարը: