Մենք ունենք այնքան զենք, որքան անհրաժեշտ է մեր անվտանգությունը պահպանելու համար. Վահրամ Բաղդասարյան
15-07-2016 17:59:27 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը
Պարոն Բաղդասարյան, մամուլը գրում է, որ ԼՂՀ հարցով բանակցությունների սեղանին դրված է շատ կոնկրետ փաստաթուղթ, և Հայաստանի լռությունը պայմանավորված է ԼՂՀ քաղաքական իշխանության հետ ունեցած տարաձայնություններով։ Հնարավո՞ր եք համարում տարածքների թեման ջրբաժան հանդիսանա Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև։
Հավաստիացնում եմ՝ որևէ փաստաթուղթ չկա դրված և որևէ տարաձայնություն չկա։
Այդ դեպքում ինչո՞ւ են ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ Լավրովը, խոսում սեղանին դրված փաստաթղթի մասին, հայտարարություններ են հնչում։
Նորից եմ կրկնում՝ չկա նման փաստաթուղթ, ընդամենը կան հանդիպումներ, կան պայմանավորվածություններ, պայմանավորվել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում։ Որևէ փաստաթուղթ չկա, որ մենք քննարկենք այն։
Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ հնարավոր է՝ ինչ-որ տարածքներ զիջվեն ԼՂՀ անկախության ճանաչման դիմաց։ Սա Լեռնիկ Ալեքսանյանի՞, թե իշխող կուսակցության դիրքորոշումն է։
Մեր խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, ինքնորոշման ճանաչումը, մնացածը ածանցյալներ են, և այդ խնդիրն առաջնահերթ է մեր բոլորի համար, դրանից հետո կլինեն մնացած քննարկումները։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վարշավա մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կամ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կամ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Նման քննարկումներ եղե՞լ են արդյոք։
Նման խնդիր չենք քննարկում, քննակում ենք, որ մենք պետք է խաղաղ ճանապարհով կարողանանք կարգավորել ԼՂ ինքնորոշման խնդիրը, և եթե այդ խնդիրը խաղաղ ճանապարհով չենք կարողանում կարգավորել, պատրաստ ենք մնացած տարբերակներին։
Իշխանությունը չի՞ գնա տարածքներ հանձնելու ճանապարհով։
Իշխանությունները գնում են ԼՂ կարգավիճակի խնդիրը լուծելու ճանապարհով, այսինքն՝ անկախության ճանապարհով։
Այսինքն՝ եթե ճանաչվի ԼՂ անկախությունը, ապա կլինի տարածքների հանձնո՞ւմ։
Խնդրում եմ՝ անընդհատ մի շեշտեք տարածքների հանձնում։ Մենք շեշտը դնում ենք նրա վրա, որ կարողանանք հասել ԼՂ ինքնորոշման խնդրի կարգավորմանը, այսինքն՝ անկախության խնդրին, որից հետո մնացածը քննարկման առարկա են։
Հանրությունը շատ զգայուն է հողերի հանձնման հետ կապված։ Եթե հողեր հանձնվեն, ի՞նչ տեղի կունենա։
Նորից ենթադրություններով չխոսենք, որպեսզի նորից նոր ենթադրությունների տեղիք չտանք։ Կրկնում եմ՝ եթե կա փոխզիջումային տարբերակ կամ կան բանակցություններ, կարող են բանակցությունների արդյունքում լինեն նման երևույթներ, որ հետագայում բանակցվեն։ Համենայն դեպս, մեր հիմնական նպատակը և մեր դրած խնդիրը ԼՂ ինքնորոշման խնդրի կարգավորումն է։
Առաջիկայում Ֆրանսիայում նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպումից ի՞նչ է ակնկալում իշխանությունը, երբ մինչև այս պահը հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, նկատի ունեմ հետաքննող մեխանիզմների տեղադրումը և այլն։
Անկեղծ ասած, առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում այդպիսի վերջնական լուծում չեմ էլ ակնկալում։ Համենայն դեպս, այս հանդիպումները շատ կարևորում եմ, դա առաջին հերթին ապահովագրում է հրադադարը, այսինքն՝ եթե կան ճանապարհներ, հանդիպումներ, բնականաբար կա նաև հրադադար, իսկ դա կարևորագույն խնդիրն է։ Այս հանդիպումների ընթացքում բնական է, որ կլինեն հակասական կարծիքներ, որովհետև մենք չենք գնա Ադրբեջանի ցանկությանն ընդառաջ, որովհետև Ադրբեջանն էլ շատ հեշտությամբ չի գա մեր ցանկությանն ընդառաջ։ Այդ իսկ պատճառով այս հանդիպումները երկար ժամանակ են պահանջում, կլինեն ինչ-որ հանգուցալուծումներ, բայց հանգուցալուծման առաջին տողում հայկական կողմը դրել է ԼՂ ինքնորոշման խնդրի կարգավորումը։
Պարոն Բաղդասարյան, արդյոք Պուտին-Օբամա հեռախոսազրույցը ցույց չտվե՞ց, որ ԱՄՆ-ն բացահայտ ակտիվացրել է իր միջնորդական գործունեությունը և թույլ չի տա ռուսական պլանի իրականացում, որ Ռուսաստանը չի կարող միանձնյա որոշել ԼՂ խնդրի լուծումը։
Չեմ կարծում, որ նման ձևով հնարավոր է միաձնյա որոշում կայացնել։ Դրա համար Մինսկի խմբի համանախագահները միասնական պետք է լուծեն այս խնդիրը։ Եվ եթե դուք ուշադիր հետևել եք, Վիեննայի հանդիպման հիմնական դերակատարը Միացյալ Նահանգներն էր, Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանը։ Իհարկե, այդ հանդիպումների վերջնական ամփոփումը լինում էր Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումով, հաջորդը կլինի Փարիզում, որի դերակատարը Ֆրանսիան է։ Եվ տեղաշարժ է նկատվում այն իմաստով, որ այս 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում կարծես թե առաջին անգամ և Միացյալ Նահանգները, և Ռուսաստանը միտված են խնդրի կարգավորմանը, և նրանք ընդհանուր եզրեր գտնում են խնդրի կարգավորման համար։ Այդ հեռախոսազրույցը շատ եմ կարևորում։
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է հողերի հանձնման թեման այսքան քննարկվում այս օրերին, երբ նշում եք, թե որևէ փաստաթուղթ չկա։ Առանց կրակ ծուխ չի լինում։
Բնականաբար դրանք ենթադրություններ են, տարբեր տարբերակներ կան։ Մամուլն ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար պետք է վերցնեն այնպիսի տարբերակներ, որոնք ժողովրդի մեջ ավելի շատ հետաքրքրություն կառաջացնեն։ Ես ամեն օր հետևում եմ ադրբեջանական մամուլը, այնտեղ ոչ միայն հողերի հանձնման, այլ ընդհուպ մինչև Ստեփանակերտի, Երևանի հանձնման մասին են խոսում։ Մեր հայկական մամուլը նայում եմ՝ ոչ մի թիզ հող, բայց այնքան հակասական հայտարարություններ կան։ Բնականաբար պետք է լինեն նման հակասական հայտարարություններ, բայց մենք պետք է շատ համբերատար սպասենք քաղաքական զարգացումների և գործընթացների։
Օրերս Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներն իրականացվում են կնքված պայմանագրերի համաձայն, և որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կկնքվեն սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր: Ռուսաստանը իր ծրագրերից հետ չի կանգնում, ինչո՞ւ։
Չմտածեք, թե Ռուսաստանի փոխարեն պետք է պատասխան տամ, մենք նորից քննադատաբար ենք մոտենում այդ խնդրին, որ նման իրավիճակում, երբ այսպիսի լարված հարաբերությունների մեջ գտնվող երկու պետություններից մյուսին սպառզինում են։ Իհարկե, եթե ուշադրություն դարձնեք, զենքերը, որոնք մեզ են տրամադրվում և նրանց են տրամադրվում, այդտեղ ինչ-որ բան կարելի է հասկանալ։ Մենք քննադատում ենք, բայց Ռուսաստանն իր ստրատեգիան ունի, այդտեղ կան իրենց առանձին շահերը։ Որքան էլ Հայաստանն իր ստարտեգիական գործընկերն է, բայց նա Ռուսաստանն ավելի շատ է սիրում, և այդ քաղաքական բոլոր զարգացումների մեջ կան շահեր։ Համենայն դեպս, Ռուսաստանը ինքն էլ դրանում համոզված է, և մենք էլ ենք ձգտում դրան, մենք չենք տանում Ղարաբաղը դեպի պատերազմ, Ղարաբաղը պետք է տանենք խաղաղություն։
Բայց մեր զենքը՝ վարկով ձեռք բերված, այդպես էլ չհասավ Հայաստան։
Պետք չէ շատ բան իմանաք։ Շատ բան իմանաք, կարող են շատ ավելի խանգարող հանգամանքներ առաջանան։ Ամեն ինչ նորմալ գործընթացի մեջ է։ Եվ մինչև այսօր ցույց է տրվել, որ 25 տարի պատերազմում ենք, նոր հաղթանակներ ենք ձեռք բերել, այդ ում զենքով ենք ձեռք բերել։ Հանգիստ եղեք, մենք ունենք այնքան զենք, որքան անհրաժեշտ է մեր անվտանգությունը պահպանելու համար, մենք ունենք այնպիսի զենքեր, որոնք բոլորը օգտագործում ենք, մեզ պետք չէ ունենալ այնպիսի զենք, որը չկարողանանք օգտագործել։ Մենք ավել գումար չունենք, մեր գումարներով տրամադրվում են այնպիսի զենքեր, որոնք բավարար են մեր անվտանգության ապահովման համար։