Էրդողանի ռեժիմը մահացավ. Մնացել է պատերազմը, Քաղաքագետ


Էրդողանի ռեժիմը մահացավ. Մնացել է պատերազմը, Քաղաքագետ

  • 17-07-2016 21:11:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Պետական ավանդույթի համաձայն, Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ: Այն տեղի ունեցավ Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողովից անմիջապես հետո, ինչպես նաեւ Մոնղոլիայում Եվրոպայի ու Ասիայի պետությունների ղեկավարների վեհաժողովի պահին:
 
ԱՄՆ-ն անմիջապես հանդես եկավ նախազգուշացմամբ: Սակայն գլխավոր արտաքին հանգամանքն այն էր, որ Թուրքիան հաշտության եւ երեւում է մերձեցման է գնացել Ռուսաստանի հետ:
Ակնհայտ է, որ հեղաշրջման այս փորձը պայմանավորված է արտաքին հանգամանքներով, թեեւ երկրի ներսում դժգոհություն է կուտակվել կառավարության հանդեպ: Զուր չէ, որ առաջին իսկ պահից սկսեցին խոսել Գյուլենի մասին, ով բնակվում է ԱՄՆ-ում:
Հեղաշրջման փորձը տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամի պայմաններում, բայց այս հանգամանքը ոչ մի կերպ չի ազդել իրադարձությունների վրա, թեեւ, անկասկած, նշանակություն է ունեցել:
Հեղաշրջումը ճնշվել է հետեւյալ պատճառներով:
Դրան չի մասնակցել զինվորական բարձրագույն հրամանատարությունը: Թուրքիայում նախորդ հեղաշրջումները նախաձեռնել էր բարձրագույն հրամանատարությունը, ինչն ապահովում էր զինվորականների անայլընտրանքը:
 
Երկրում ահռելի անվստահություն կա զինվորականների հանդեպ, եւ թուրքական հասարակությունը չի տանում զինվորական բռնությունը:
Հեղաշրջման նախաձեռնողները չունեին արտաքին աջակցություն, այսինքն՝ փորձը աջակցություն չունեցավ, որը կարող էր լինել, եթե առաջին փուլերում այն հաջողվեր:
Երեւում է մասնակիցների մոտիվացիան բավարար հիմքեր չուներ, ապստամբների կարգախոսները հասարակական տեսանկյունից լեգիտիմ չէին: Ընդհանուր առմամբ, հեղաշրջման գործընթացը գրագետ չէր, չկար ընկալում, թե ինչ պետք է անել այս կան այն դեպքերում:
Ոչ շատ վաղուց, 2012 թ. Էրդողանը զտումներ էր արել զինված ուժերում, ջախջախվել էր Էրգենեկոն խմբավորումը, մեկուսացվել էին բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները: Այդպիսով երկրում տեղի ունեցավ ուժեղ պառակտում քաղաքական շրջանակներում, ինչը նախեւառաջ առնչվեց բանակին:
Կասկած չկա, որ կառավարությունը լիովին չի վերահսկում բանակը: Սակայն այս փորձը կհանգեցնի նրան, որ վերջ կտրվի «քեմալիզմին», եւ Թուրքիային սպասվում է ընտրություն, որն առաջարկել է Օրհան Փամուկը՝ «Որ Ստամբուլը կհաղթի»:
Ամերիկացի թուրքագետները վստահ են, որ կհաղթեն տրադիցիոնալիստները: Ժողովրդավարությունը կավարտվի:
Սակայն Թուրքիայում միլիոնավոր մարդիկ եվրոպականացված են, եւ երկիրն ակնհայտորեն բաժանված է երկու հիմնական մասի: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ Թուրքիան քաղաքական այլ ուղի ունի, որ նրան սպասվում է քաղաքացիական մեծ հակամարտություն:
Էրդողանն անկասկած բռնություններ կկիրառի, քանի որ կորցնելու բան չունի, շատ զինվորականներ ֆիզիկապես ոչնչացվելու են:
Դեռեւս պարզ չէ, թե արդյոք հեղաշրջման փորձին առնչություն ունի բանկային օլիգարխիան: Թուրքիայում այն մեծ ուժ է:
 
Բացի «Քեմալիզմից», «պոստքեմալիզմից», զինվորական արմատական ու լիբերալ շրջանակներից, երկրում առկա է լիբերալ եւ ձախ-լիբերալ բազմաքանակ խմբավորում՝ միլիոնավոր մարդիկ:
Էրդողանի Արդարություն ու զարգացում կուսակցության հենարանը նաեւ չափավոր ու ոչ այնքան չափավոր իսլամիզմի բազմաքանակ խմբավորումն է:
Հասկանալի է դարձել, որ Էրդողանի ռեժիմը մահացավ եւ արդեն լեգիտիմ չէ: Այն մնալու է մինչեւ իշխող կուսակցության մեջ նոր առաջնորդների ի հայտ գալը: Ո՞րն է լինելու նրա ճակատագիրը: Անկասկած՝ զինվորական տրիբունալը:
Ռուսաստանը ցնծում է, ինչպես միշտ, երբ Արեւմուտքում տեղի են ունենում նման իրադարձություններ կամ տարբեր ահաբեկչական ակտեր:
Էրդողանը փորձեց խուսափել ձերբակալությունից եւ մտադիր չէր վերադառնալ Թուրքիա:
Հայաստանում ամեն ինչ այլ կերպ կլիներ: Եթե Թուրքիան օկուպացնի անօգնական Հայաստանը, «իշխանության» մեջ կհայտնվեն ներկայիս կառավարության մի մասը, եւ նաեւ նրանք, ովքեր կերակրվել են որպես ռուսական ագենտուրա: Այդպիսիք Հայաստանում շատ են: Լիզում էին ռուսների սապոգները, հիմա կլիզեն թուրքերին, ինչ տարբերություն նրանց համար:
Եվ այսպես, Ռուսաստանը: Նրա համար բարենպաստ իրավիճակ է առաջացել: Պսեւդո-քեմալիստները հաջողություն չունեն, Թուրքիան մնում է անորոշության մեջ, նրա դերը ՆԱՏՕ-ում մնում է բավական կասկածելի, եւ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ծրագրերը կարող են կասկածի տակ դրվել:
Ռուսաստանը հույս ունի «առեւտրային գործարքի» մեջ մտնել ԱՄՆ-ի հետ տարածաշրջաններում, այդ թվում Կովկասում, Թուրքիայի դերի կապակցությամբ: Բայց դա կասկածելի է, նախեւառաջ Ռուսաստանի համար:
Արեւմուտքը փորձում է Թուրքիային հասցնել քաղաքական ու ռազմական կախվածության, վերահսկել նրա հնարավոր գործողությունները հարեւան շրջաններում:
 
Ըստ ամենայնի, Թուրքիան կձգտի կիրառել «փոքր պատերազմի» մարտավարությունը, օրինակ Սիրիայում կամ Իրաքում, որպեսզի փրկի իր կառավարությունը ազգայնականության աճի ֆոնին:
Քերի-Լավրով հանդիպմանը արդեն պայմանավորվել են, թե որքանով Ռուսաստանը կարող է չմիջամտել «իր ազդեցության գոտում», որտեղ ԱՄՆ-ն հաստատում է իր գերակայությունը:
Այս իրադարձությունները Թուրքիայում խիստ տեղին էին: Թուրքիան ներկայում քաղաքական ու տարածաշրջանային հավակնությունների ժամանակը չունի, իհարկե, բացի պատերազմից:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play