Իշխանություններին խորհուրդ տվողները նրանց կանգնեցրին շատ ավելի բարդ խնդրի առջև, քան երեք օր առաջ. Բորիս Նավասարդյան
19-07-2016 13:52:42 | Հայաստան | Հասարակություն
«Սասնա Ծռեր»-ի համակիրները երեք օր առաջ ավելի պասիվ էին, քան այսօր. Այդ պասիվ համակրանքն այդպես էլ կմնար, եթե իշխանությունները ճիշտ գործեին: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հտ հանդիպման ժամանակ նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ընդգծելով, որ եթե երեք օր առաջ շրջանառվում էր մեկ թեմա, այն է` ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և բերել բանակցությունների իշխանափոխության վերաբերյալ, ապա երեկվանից լայնորեն քննարկվում է նաև ոստիկանության կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտման թեման, որի շրջանակներում կտրուկ կերպով մեծացել է շահագրգռված ու ակտիվ քաղաքացիների քանակը:
Ըստ նրա` իշխանությունների սխալ հաշվարկները պայմանավորված են վերջիններիս խորհուրդ տվողների այլ բարոյական հարթությունում գտնվելով, քանի որ նրանք այս տարիների ընթացքում սովորել են հարցերը լուծել այնպես, ինչպես օլիգարխական բիզնեսի շրջանակներում:
«Խլել, քցել, խաբել, ճնշել, կողոպտել և նմանատիպ այլ սկզբունքներով շատ հարցեր են լուծվում, ուստի փորձեցին նույն մեթոդը կիրառել նաև այս օրերին, որը երկարատև հեռանկարի առումով աշխատող չէ»,- նշեց Բ. Նավասարդյանը` հավելելով, որ ներկայումս ՀՀ իշխանությունները կանգնած են շատ ավելի բարդ խնդրի առջև, քան երեք օր առաջ:
Նրա խոսքերով, եթե երեք օր առաջ իշխանություններն ուղղակի պետք է բանակցությունների միջոցով փորձեին ինչ որ հանգուցալուծում գտնել ստեղծված իրավիճակում, ապա այսօր պետք է հասկանան, թե ինչ կարելի է անել ակտիվացած հասարակության հետ, որը չի վստահում և գուցե պասիվ ձևով, բայց իշխանափոխություն է ցանկանում:
Բ. Նավասարդյանի կարծիքով` իշխանությունները երևի կկիրառեն իրենց ավանդական միջոցը, այն է` հոգնեցնել թե զինված խմբին, թե նրանց համակիրներին` մտածելով, որ ըմբոստացողները չունեն իրենց առաջնորդը և կոնկրետ ծրագիր, հետևաբար կհոգնեն ու կգնան տուն:
«Ես այն կարծիքին չեմ, որ բանակցություններն արդյունավետ չեն լինելու, քանի որ բոլոր կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի արյունահեղություն չլինի»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը` հավելելով, որ ինքն անձամբ բանակցություններին այլընտրանք չի տեսնում, թեկուզև դրանք երկար տևեն: