Որոշումը մահերի տարբերակն է. Հայկ Մարտիրոսյան


Որոշումը մահերի տարբերակն է. Հայկ Մարտիրոսյան

  • 19-07-2016 16:10:18   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը
 
-Պարոն Մարտիրոսյան, արդեն երրորդ օրն է ապստամբները ՊՊԾ գրաված բազայում են։ Ըստ Ձեզ՝ ինչ հանգուցալուծում կլինի և ի՞նչ որոշում կկայացնի իշխանությունը եռօրյա լռությունից հետո։
 
-Հանգուցալուծումը մահերն են: Իշխանությունը ընտրել է հյուծելով թուլացնելու, ապա սպանելու քաղաքականություն: Այդ ընթացքում փորձում են խմբի անդամներին, որոնք հայտնի ազատամարտիկներ են, վարկաբեկել և ահաբեկիչներ ներկայացնել: Դա նույնպես նախապատրաստական աշխատանք է: Եվ որքան ժամանակ է անցնում՝ այնքան մեծանում է ապստամբների մարտավարական սխալ գործելու հնարավորությունը: Բացի դա՝ հրապարակ են նետվել գրպանային անվանի մտավորականները, որոնք լուռ են, երբ պետք է իրենց քաղաքացիական պարտքը կատարել ու խոսել, և քծնում են ու իշխանական խոսափող դառնում, երբ կարող էին գոնե լռել, եթե քաջություն չունեն ճշմարտությունը խոսելու: Պատահական չէ նաև զոհված գնդապետի հանգամանքի շահարկումը:
 
Ըստ շրջանառվող և հավաստի թվացող լուրերի՝ գնդապետը գրոհից հետո որոշում է ընդունել դիմադրել: Թե ինչու՝ այլ խնդիր է, բայց ինը փամփուշտ կրակելուց հետո, ըստ այդ վարկածի, պատասխան կրակով սպանվել է: Ողբերգություն է, որից, սակայն, թերևս կարելի էր խուսափել: Հիմա դա հարմար հանգամանք է՝ կարճատեսորեն և Հայաստանի համար խիստ վտանգավոր հետևանքներով հղի «ահաբեկիչ» տերմինը ապստամբներին փակցնելու և նրանց վարկաբեկելու համար: Այդ տրամաբանությամբ՝ պլանավորվող գրոհի ժամանակ ոստիկանական կողմից հնարավոր զոհերը նույնպես ագիտացիոն առումով խիստ ձեռնտու կարող են լինել գրոհող կողմի համար:
 
Որոշումը, կարծում եմ, ընդունված է: Եվ դա, ամենայն հավանականությամբ, ուժային գրոհի՝ այսինքն մահերի տարբերակն է: Մյուս կողմից՝ այն սարսափելի վարքագիծը, որ փողոցներում դրսևորում է ոստիկանությունը՝ ստիպում է հարցնել, թե արդյոք այն Հայաստանի քաղաքացիները, որ ծառայում են այդ կառույցում և փողոցներում ու ինչ-որ դահլիճներում ջարդում են իրենց համաքաղաքացիներին՝ ընդհանրապես որևէ կապ ունեն այս ժողովրդի հետ:
 
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված իշխանության լռությունը։ Արդյոք իշխանությունը պատրաստ է ապստամբների որևէ պահանջի կատարման:
 
- Ոչ: Ակնհայտ է, որ իշխանության դիրքորոշումը բացահայտորեն կոշտ է: Եվ դա նույնպես հենց իր՝ իշխանության շահերի առումով խիստ անհեռատես մոտեցում է: Այսպիսի վարքագիծը ժողովրդական ատելության նոր ալիք է բարձրացնելու: Ինչ վերաբերում է լռությանը, ապա Հայաստանում իշխանությունը խոսել չգիտի: Չգիտի և չի ուզում: Եթե պատերազմից հետո չի լինում որևէ բարձրաստիճան ուղերձ, ապա ապստամբական գործողությունից հետո դրան սպասելը լրիվ անիմաստ է: Ընդհանրապես դիմում են ժողովրդին, խոսում են ժողովրդի հետ, երբ ասելիք ունեն, ներկայացնում են հենց նույն այդ ժողովրդին և հաշվետու են նրան: Երբ այդ երեք գործոնները բացակայում են՝ խոսքը դառնում է բեռ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ