Ահաբեկչի գնահատականն անմիջականորեն ոստիկանության վրա է. Իրավապաշտպան


Ահաբեկչի գնահատականն անմիջականորեն ոստիկանության վրա է. Իրավապաշտպան

  • 19-07-2016 16:10:42   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 Հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին ոստիկանական գործողություններին, մարդկանց զանգվածաբար բերման ենթարկելուն և բռնություն կիրառելուն։ Նրա խոսքով՝ Ազատության հրապարակի տարածքով, Խորենացի փողոցում, ամենուր ոստիկանական բռնություններ էին՝ առանց որևէ հիմնավորման. բացի այդ, ոչ միայն ապօրինի բերման են ենթարկում քաղաքացիներին, այլ ավելի քան 10 ժամ ոստիկանական բաժանմունքներում էին նրանց պահում, ինչպես նաև ոստիկանական զորքերի 10 33 զորամասում, որն ընդհանրապես անընդունելի է։

 

«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ոստիկանությունն ահաբեկչական գործողություններ է իրականացրել խաղաղ հանրության նկատմամբ։ Եվ երբ համադրում ենք այն խմբի հետ, որոնք մտել և գրավել են բազան, որոնց ահաբեկիչներ են անվանում, ես կարող եմ ասել, որ ոստիկանությունն ավելի մեծ ահաբեկչություն է իրականացրել խաղաղ հանրության նկատմամբ։ Եվ եթե հիմա ցանկացած քաղաքացու կանգնեցնենք և հարցնենք՝ ահաբեկվա՞ծ է արդյոք Ժիրայր Սեֆիլյանի խմբից, կասի ոչ, բայց ոստիկանական գործողություններից ցանկացած քաղաքացի կասի, որ ահաբեկված է։ Այսինքն՝ այստեղ ահաբեկչի գնահատականն անմիջականորեն ոստիկանության վրա է, և հանրությանը նմանատիպ վախի և սարսափի մեջ պահելու պատասխանատվությունն էլի գտնվում է ոստիկանության տիրույթում»,-ասել է իրավապաշտպանը։

 

Հարցին՝ ո՞րն էր ոստիկանության՝ քաղաքացիներին զանգվածաբար բերման ենթարկելու քայլի նպատակը, փորձում են լռեցնե՞լ հանրությանը, հրապարակախոսը նկատել է, որ ցանկացած ժամանակ զանգվածային բնույթ է կրում, երբ համակարգը իր վախերը փորձում է հաղթահարել բռնաճնշումներով.

 

«Մենք կարող ենք ուղիղ մեկ տարի առաջ հետ գնալ, նույնը էլեկտրիկ Երևանի ժամանակ տեղի ունեցավ։ Ոստիկանական ապօրինություններ և բռնություններ էին՝ առանց հաշվարկելու, որ դրանից հանրությունն ավելի կբորբոքվի, քան կվախենա։ Ի վերջո, երեկ տեղի ունեցած երթը ապացուցում է, որ հիմնականում իրավական գիտակցության վրա հենվելով և ոստիկանական գործողություններից բորբոքված՝ հանրությունը դուրս եկավ և արտահայտեց իր կարծիքը մասնավորապես ոստիկանական գործողությունների վերաբերյալ։ Հանրությանը մոբիլիզացրեց ոստիկանական գործողությունները, քանի որ դրանք մասսայական էին և չէին պարունակում օրինական պահանջ և չունեին որևէ կանխարգելիչ նպատակ, անհիմն գործողություններ էին, բռնությունները՝ բավական դաժան, և եթե շարունակվեն այդ գործողությունները, ոստիկանությունը կստանա հանրային ավելի մեծ մոբիլիզացիա»,-հավելել է Զարուհի Հովհաննիսյանը։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play