Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ. Արամ Աբրահամյան


Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ. Արամ Աբրահամյան

  • 20-07-2016 15:46:06   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ» Իհարկե, կողքից խորհուրդներ տալը հեշտ է, եւ քանի որ ես, բնականաբար, չեմ տիրապետում ողջ տեղեկատվությանը, իմ մոտեցումները կարող են թվալ միամիտ կամ անիրազեկ:
 
Բայց հարյուրավոր մարդիկ իրավիճակից դուրս գալու ելքեր են առաջարկում, ես էլ իմ համեստ լուման եմ փորձում ներդնել այս գործում: Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ: Ես կխոսեի: Գլխավոր թեման, իմ կարծիքով, պետք է լինի ոչ այնքան հարձակումը ոստիկանական շենքի վրա, պատանդ վերցնելը եւ ոստիկանության գնդապետին սպանելը, այլ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը: Ես ինչ-որ ձեւով կհասկացնեի Հայաստանի քաղաքացիներին, որ տարածք հանձնելու որեւէ մտադրություն չկա: Իհարկե, դա կարելի է փաթեթավորել այնպես, որ չխանգարի բանակցային գործընթացին. օրինակ՝ «մենք առայժմ շատ հեռու ենք…» եւ այլն: Էրեբունու դեպքերի մասին կասեի ընդամենը` «իշխանությունն ամեն ինչ անելու է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար»: Ոստիկանության անօրինությունների պահով էլ կասեի` «ես հանձնարարել եմ ոստիկանապետին ծառայողական քննություն անցկացնել եւ խստագույնս պատժել…»: Մնացածը տեխնիկայի հարց է. գիտեմ, որ ԱԱԾ-ում նույնքան ազնիվ, հայրենասեր եւ, ի դեպ, նույնքան կռված մարդիկ են, որքան սխալ ճանապարհով գնացած տղաները, որոնց ազնվությանն ու հայրենասիրությանը նույնպես չեմ կասկածում: Կպայմանավորվեն. կարեւորն այն է, որ նախագահն այդ գործընթացին հրապարակավ քաղաքական աջակցություն ցուցաբերի: Դա, բնականաբար, չի ապահովագրի մեր երկիրը նման միջադեպերի կրկնությունից: Եթե ճիշտն ասենք, ոչ մի բան չի ապահովագրի:
 
Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ճապոնիայի փորձը ցույց են տալիս, որ անկախ զարգացածության աստիճանից, անկախ հասարակարգից՝ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք ցանկանում են իրենց ճշմարտությունն ապացուցել զենքի ուժով: Բայց մի ցուցիչ, այնուամենայնիվ, կա: Ենթադրենք, Սերժ Սարգսյանը վաղը հրաժարական է տալիս եւ նախագահ է դառնում Ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա Ծռերի» տղաները դատվելո՞ւ են, նստելո՞ւ են իրենց արածների համար: Եթե նստի, ասենք, Լիսկան` իր ամբողջ գերդաստանով (ինչին նրանք, իհարկե, միանգամայն արժանի են), բայց չնստեն այդ տղաները, ապա դա կապացուցի, որ կռիվն իրականում արդարության եւ օրինականության համար չէ, այլ նրա համար, թե ով իրավունք ունի բռնություններ գործելու, իսկ ով` ոչ: Բայց ամենակարեւորն այն է, որ ստեղծվեն օրինական ուղիներ, որոնց միջոցով քաղաքացիները կարողանան ազդել ընդունվող որոշումների վրա: Էլի դառնալով այսօրվա դժգոհության գլխավոր պատճառին. մենք` Հայաստանի քաղաքացիներս, բոլոր հայերը մտավախություն ունեն, որ բանակցություններում քննարկվում է տարածքներ հանձնելու հարցը: Իսկ ավելի շատ անհանգստացած ենք նրանից, որ համապատասխան որոշում կարող է ընդունվել առանց մեր կարծիքը հարցնելու:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն