«Ոչ մեկ չպետք է զոհվի». Գագիկ Սարուխանյան (Տեսանյութ)


«Ոչ մեկ չպետք է զոհվի». Գագիկ Սարուխանյան (Տեսանյութ)

  • 20-07-2016 16:56:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ



«Այս պահին դեպքերի զարգացումն այս իրավիճակի համար հավանական սցենարների մեջ լավագույնն է: Եղել է զոհ, բայց էլ չպետք է լինի: Եթե այս վիճակն անգամ տևի երեք տարի, պետք է ոչ մեկ չզոհվի»,- այսօր Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

 

Նա դիմեց իշխանություններին. «Եթե դուք կարողանում եք 800 հեկտար հողը համարել անպիտան հող, եկեք մի որոշում կայացրեք, որ այդ գնդի տարածքը մի անպիտան տարածք է, թողեք թող մարդիկ այդպես մնան, ինչքան էլ դա տևի»:

 

Ազատամարտիկն անդրադարձավ այսօր ստեղծված իրավիճակի պատճառներին: «Մարդիկ կան, որ սա տեռորիզմ են որակում՝ առանց մյուս կողմը նայելու: Երբ որ դատարաններում իրավական տեռոր էր տեղի ունենում, ասում էին՝ օրինական ճանապարհ է: Այդ օրինական ճանապարհով Հայաստանի բնակչության կեսը գնաց: Չարդարացնելով նման ճանապարհը՝ ես հասկանում եմ, որ այդ մարդիկ իրենք վերջին հույսի քայլն են արել: Իսկ դուք ինչքանո՞վ եք համոզված, որ մեր երկրում նման քայլի դիմողների քանակը չի ավելանա»,- նշեց Սարուխանյանը:

 

Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր չեն հանդուժում, չեն ուզում լքել Հայաստանը:

 

«Շանթ Հարությունյանն ասում էր՝ ես չեմ ուզում գնել տոմս և հեռանալ Հայաստանից: Ի՞նչ է, բոլորը հլու-հնազանդ ու գառնուկի նման պետք է ենթարկվեի՞ն, ասեի՞ն՝ դե էս ա օրենքը, այսինքն համակերպվեին, որ ստրուկ են: Մարդ կա, չի համակերպվում: Դուք համոզվա՞ծ եք, որ նման մարդիկ էլ չեն լինի: Սա ուղղակի իշխանությունների վարվելակերպի հետևանք է, սրա մասին է պետք խոսել: Երբ մարդն ինքնասպանության է գնում, բոլորը դատապարտում են նրան, ոչ ոք չի ուզում անդրադառնալ հարցին՝ ո՞վ է հասցրել այդ մարդուն ինքնասպանության: Այսօր իշխանությունները, երբ խոսում են միայն տեռորի մասին և չեն խոսում սխալների մասին, որոնք բերել են այս վիճակին, դա փաստում է, որ այս իշխանության գիտակցության մեջ դեռևս փոփոխություն չի եղել»,- ասաց նա:

 

Մանրամասները` տեսանյութում

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ