Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը


Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը

  • 21-07-2016 14:09:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը ներդրումային ծրագրով երեք տարով հետաձգել է «Հիդրո կորպորացիա» ՓԲ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը: Ընկերության նպատակն է վերազինել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցած Արգիչի գետի ՓՀԷԿ-ը, որը 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ և 9500 մ երկարությամբ խողովակաշարով փոքր հիդրոէներգակասկադ է, օգտագործելով գետի ներուժը, էլեկտրաէներգիա է արտադրելու: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել 3.89 մլրդ դրամի ներդրում, որից 850 մլն դրամը հատկացվելու է սարքավորում ձեռք բերելուն: Ծրագրի իրագործմամբ կպահպանվի 15 գործող աշխատատեղը, 2016-2018թթ. աշխատավարձը 170 հազարից կհասցվի 210 հազար դրամի: Վերազինման շնորհիվ կստեղծվի ևս 10 ժամանակավոր աշխատատեղ: 
ՀՀ կառավարության նախկին երկու որոշման համաձայն էներգետիկայի ոլորտի 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների կազմում ընդգրկվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև տվյալ ընկերության տնօրենը ի պաշտոնե: Նշված ընկերությունների կառավարման համակարգը Կորպորատիվ կառավարման կանոնագրքին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը որոշել է ընկերությունների խորհուրդների կազմում ընդգրկել նաև էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածի և ակադեմիական/գիտական հաստատություն ներկայացնող առնվազն երկու անկախ անդամի: Կորպորատիվ կառավարման միջոցով ակնկալվում է բարձրացնել մրցունակությունը, տնտեսական արդյունավետությունը: 
Մեկ այլ որոշման փոփոխության միջոցով գործադիրը պարզեցրել, մատչելի ու թափանցիկ է դարձրել սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին հասարակության ծանուցման գործընթացը:
ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 7 մլն 500 հազար դրամ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման արհեստանոցը համապատասխան սարքավորումներով ապահովելու նպատակով,  քանի որ  այն չունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, արհեստանոցի արդի վիճակը չի բավարարում և խոչըդոտում  է ուսումնական գործընթացին, այն համալրված է Խորհրդային Միության վաղ շրջանի մեքենասարքավորումներով:  Գյումրի կատարած այցի ընթացքում  խնդիրը  ներկայացվել է  վարչապետին եւ որոշման նախագիծը կառավարություն է ներկայացվել ՀՀ վարչապետի 2016թ. հունիսի 17-ի հանձնարարականի համաձայն:
 
 
Հաստատվել է միգրանտների ինտեգրման հայեցակարգը
 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին: Փաստաթղթի համաձայն Հայաստանում իմիգրանտների ինտեգրման կարճաժամկետ քաղաքականության առաջնային թիրախ խմբեր են ճանաչվել ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք (այս խմբի ինտեգրումը ներառելու է ժամանակավոր կացարանի ապահովումը, լեզվական և քաղաքացիական կողմնորոշման դասընթացները), ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողները կամ զավակները (այս անձանց անհրաժեշտ կլինի տրամադրել հայոց լեզվի ուսուցման և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ), ՀՀ քաղաքացու կամ երկրում մշտական կամ հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (այս խումբը ևս նախորդ խմբերին տրամադրվելիք ծառայությունների կարիքն ունի), և այլն: Իմիգրանտների ընտրված խմբերի ինտեգրման նպատակով ստորև նշված գործողությունների իրականացման համար տարեկան կհատկացվի՝ ա/հայոց լեզվի ուսուցման դասընթացի կազմակերպում՝ 2,4 մլն դրամ, բ/քաղաքացիական կողմնորոշման դասընթացի կազմակերպում՝ 2,25 մլն դրամ, գ/ժամանակավոր կացարանի տրամադրում՝ 13,5 մլն դրամ: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, 
Գործադիրը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմինների հետ մշակել և մինչև 2017թ. սեպտեմբերի 1-ը ՀՀ կառավարություն ներկայացնել հայեցակարգի կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play