Եռագույնով քողարկված իշխանությունների թրքաբարո քաղաքականությունը և մարդկանց դեպի միջնադար ուղղորդումը չի հաջողվելու. Մտավորական (Տեսանյութ)


Եռագույնով քողարկված իշխանությունների թրքաբարո քաղաքականությունը և մարդկանց դեպի միջնադար ուղղորդումը չի հաջողվելու. Մտավորական (Տեսանյութ)

  • 21-07-2016 15:03:47   | Հայաստան  |  Հասարակություն



Այսպիսի իրավիճակների հիմքում ընկած է քաղաքակրթական պայքարը, որը շարունակվել է դարեր. Մենք այժմ պայքարում են միջնադարի դեմ, որը ժողովրդին պարտադրվում է իշխանությունների կողմից: Նման կարծիք հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:
 
Ըստ նրա` վերջին շրջանում երկրում առկա կեղտին միակ հակակշռող երևույթն այն լույսն է, որը պարբերաբար հայտնվում է ժողովրդի մեջ. «Այդ լուսավոր երկիր եկավ Հռոմի պապը, այդ լույսը կար այն պատանիների մեջ, որոնք կռվում էին ապրիլյան քառօրյա պատերազմում, այսօր այդ լույսը տեսնում եմ նաև «Սասնա Ծռեր»-ի ազնիվ տղաների ընդվզման մեջ»:
Նրա խոսքերով` հայ ժողովրդի գեների մեջ կա ազնիվ ու արդար երկրում ապրելու մեծ պահանջ, ուստի իշխանությունների երկար տարիների թրքաբարո քաղաքականությունը քողարկված եռագույն դրոշով և մարդկանց դեպի միջնադար ուղղորդումը, չի հաջողվելու:  
«Մեզ պարտադրում են մի օրակարգ, որը մերը չի: Ինձ համար հստակ է, որ քաղաքակրթական պատերազմի ճակատագրական գիծն անցնում է բոլորիս միջով, ուստի պետք է կարողանանք ընտրել այսօրվա քաղաքակրթական լույսը` ի հակադրություն 20 տարուց ավելի պարտադրվող միջնադարի»,- նշեց Խ. Չալիկյանը:
Վերջինս անդրադառնալով հուլիսի 19-ին մի խումբ մտավորականների տարածած հայտարարությանը, որով, մասնավորապես, կոչ էր արվել Ժիրայր Սեֆիլյանին համոզել իր տղաներին զենքը վայր դնել, ընդգծեց, որ մտավորական չի կարող լինել այն մարդը, որը ստորագրում է մեկ մտքի տակ. «Դրանից ստալինյան հոտ է գալիս»:
Բանախոսի գնահատմամբ` մտավորականների վերոնշյալ խմբի հայտարարությունը նպատակ ունի խառնաշփոթ առաջացնել հանրության շրջանում և վարկաբեկել իսկական մտավորականությանը:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play