Ոստիկանությանը մղել են «զոհաբերվելու»


Ոստիկանությանը մղել են «զոհաբերվելու»

  • 21-07-2016 17:38:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Հուլիսի 17-ից հետո Հայաստանի իշխանության վարքն առաջացնում է բազմաթիվ հարցեր, սկսած իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների լռությունից, մինչեւ ոստիկանության դաժան ու բիրտ գործողությունները քաղաքացիների հանդեպ: Եթե հուլիսի 31-ի գիշերվա համար հնարավոր է ասել, թե քաղաքացիների շարքում ներդրվել են սադրիչներ՝ այն էլ գուցե հենց իշխանական, ապա մինչ այդ էլ ոստիկանությունը կատարում էր բռնի գործողություններ՝ «առանց» սադրանքների, պարզապես հավաքների փորձ անող քաղաքացիների հանդեպ: Մինչդեռ թվում է, որ ոստիկանությունը պետք է զերծ մնար զինված գրոհից հետո իրավիճակը էլ ավելի լարելու միտված գործողություններից:
 
Իշխանության այդ հակասական վարքը վկայում է, որ հուլիսի 17-ից հետո իշխանության ներսում տեղի են ունենում լուրջ գործընթացներ: Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ նախագահի նստավայրում դժգոհություն կա ԱԱԾ եւ ոստիկանության պետերից: Եթե մեկը համակարգի համար նոր ու երիտասարդ Գեորգի Կուտոյանն է, ապա մյուսը՝ Հայաստանի իշխող համակարգում բազմափորձ Վովա Գասպարյանը: Ըստ այդ տեղեկության, դժգոհության պատճառն այն է, որ թույլ է տրվել զինված եւ արդյունավետ գրոհ ՊՊԾ գնդի վրա:
 
Այդ պայմաններում հարցերն ու դժգոհությունն իսկապես տրամաբանական են: Միաժամանակ, հետաքրքիր է մի քանի իրողություն: Մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանը մի քանի շաբաթ առաջ կատարեց ԱԱԾ հետախուզական վարչության պետի փոփոխություն: Բնականաբար, նրա այդ քայլը չուներ հանրային բացատրություն, թե որն էր փոփոխության պատճառը: Ըստ այդմ հարց է առաջանում՝ Սարգսյանի փոփոխությունն ուշացա՞ծ էր, թե՞ այդ փոփոխությունը խթանեց իրադարձությունների զարգացումն այն իմաստով, որ մինչ նոր պետը կկարողանար լիովին մտնել հունի մեջ, զինված խումբը ձեռնամուխ եղավ իր ծրագրի իրականացմանը:
Հարցերը՝ իշխող համակարգի տեսանկյունից, իրավապահների գործունեության հետ կապված, իսկապես բավական շատ են: Համակարգը ահռելի ռեսուրսներ է ծախսել իրավապահների վրա: Ապրիլի պատերազմից հետո Հայաստանի քաղաքացիները համեմատում էին առաջնագծի դիրքերի տեխնիկական թերհագեցածությունը ոստիկանական ուժերի արդիական տեխնիկական հագեցածության եւ հանդերձավորման հետ: Բայց, պարզվեց, որ առաջնագիծն այդ առումով ավելի ամուր էր, կամ ոստիկանությունը իշխանության դիրքերը ավելի լավ չի պահպանել, քան բանակը պետության դիրքերը:
 
Ընդ որում, հուլիսի 17-ից հետո ոստիկանության գործողությունը թողնում է այնպիսի տպավորություն, որ ինչ որ մեկը ուզում է ռեաբիլիտացվել: Դա ոստիկանապետ Վովա Գասպարյա՞նն է՝ համակարգի առաջ, թե ինչ որ բարձրաստիճան ոստիկաններ՝ Վովա Գասպարյանի առաջ, դժվար է ասել: Բայց ոստիկանության գործողությունները եւ դաժանությունը վկայում են այն մասին, որ այդ կառույցը հայտնվել է ներիշխանական ահռելի ճնշման տակ: Իշխող համակարգում թերեւս բարձրացել է այդ հարցը՝ ինչու՞ ենք պահել այդ համակարգը, ապահովել ամեն ինչով, եթե այն չի ապահովել իշխանության դիրքերի ամրությունը:
Ընդ որում, այստեղ հիշարժան է մեկ այլ դրվագ, որը մինչ այժմ չի շոշափվել տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Դժվար է ասել, թե արդյոք կարող են լինել որեւէ առնչություններ, սակայն հուլիսի 17-ից մի քանի օր առաջ հայկական մամուլում հրապարակվեց տեղեկություն, թե Էրեբունի համայնքի ռեստորաններից մեկում եղել է Հայաստանի իշխող համակարգի մի շարք օդիոզ, քրեա-օլիգարխիկ դեմքերի հավաք, որի ընթացքում նրանցից մեկի թիկնապահները գրեթե պատահական մուտքի մոտ բացահայտել են վարձու մարդասպանների մի խումբ, որոնք պատրաստվում էին մահափորձ կատարել հավաքվածների հանդեպ: Այդ տեղեկության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ կարծես թե չեղան: Աներկբա է, որ դեպքը առաջացնելու էր ներիշխանական հարաբերությունների լրջագույն պարզաբանումներ եւ կրկին հարցեր՝ ուղղված ոստիկանությանը, որին քրեա-օլիգարխիկ իշխող համակարգը կասկածելու էր կամ անկարողության, կամ էլ դավադրության համար:
Կարճ ժամանակ անց, ընդ որում կրկին Էրեբունի համայնքում առաջանում է գրեթե նույն հարցադրման երկրորդ առիթը՝ ոստիկանությունն անկարո՞ղ է եղել, թե՞ եղել է դավադրություն:
 
Իշխող համակարգի բնույթի եւ տրամաբանության շրջանակում սրանք առավել քան կարեւոր հարցեր են, եւ միանգամայն հավանական է, որ հուլիսի 17-ի միջադեպից հետո քանդվել կամ բացվել է ներիշխանական կամ ներհամակարգային հարաբերությունների բավական բարդ մի կծիկ, ինչով էլ պայմանավորված է իշխանության ներկայիս լռությունը: Հստակ չեն տեղի ունեցածի մասշտաբներն ու խորությունը, իշխանության ներսում տեղի է ունենում դրանք հասկանալու, ճշգրտելու գործընթաց, առանց որի իշխանությունը չի կարող մտածել անհրաժեշտ կամ համարժեք արձագանքների եւ լուծումների մասին:
Իսկ ոստիկանությանը, որպես «միջանկյալ» պատիժ, հանձնարարված է պահել այդ իրավիճակը: Նկատելի է, որ իշխանությունը հրապարակային դաշտում գործնականում չի կիրառում իրավիճակը պահելու որեւէ այլ ընդգրկուն գործիք եւ ջանք: Իսկ ոստիկանությունը իրավիճակը պահելու այլ տարբերակ չունի, հատկապես նկատի առնելով նաեւ հոգեբանական վիճակը, քան բռնությունը, բիրտ ուժն ու սադրանքները:
Այլ կերպ ասած, ոստիկանությանը փաստացի մղել են ինքն իր դեմ գործելու կամ «զոհաբերվելու»: Հուլիսի 17-ից ոստիկանությունն իշխող համակարգի համար դիտարկվում է որպես «վառված խաղաքարտ», որը պետք է դուրս բերել խաղից: Անկանխատեսելի է, թե ինչպիսին կլինի դրա «եզրափակիչ ակտը» կամ ում դեմքով այն կձեւակերպվի: Ցանկալին է իհարկե խաղաղ ձեւակերպումը: Դա թերեւս կախված է նրանից, թե ինչպես կավարտվի իշխանության ներսում համակարգին ուղղված սպառնալիքի չափերը ճշգրտելու գործընթացը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն