«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժումը միանում է «Սասնա Ծռեր»-ին (տեսանյութ)


«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժումը միանում է «Սասնա Ծռեր»-ին (տեսանյութ)

  • 22-07-2016 13:15:18   | Հայաստան  |  Հասարակություն



«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնում «Սասնա Ծռեր» զինված խմբին և պատրաստ է տղաների հետ միասնական դիմադրության պայքար մղել ՀՀ իշխանությունների դեմ:
Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժման նախագահ, Հայկական հեղափոխական սոցիալիստական ճակատի նախագահ Արմենուհի Ղազարյանը` կոչ անելով ժողովրդին դուրս գալ փողոց և «Սասնա Ծռեր»-ի աջակցությամբ մաքրել հայաստանյան քաղաքական դաշտը: 
 
Ըստ նրա` «Սասնա Ծռեր» զինված խումբը ստիպված է եղել դիմելու զինված դիմադրության, քանի որ այլևս անհանդուրժելի է դարձել ապաշնորհ իշխանությունների և քաղաքական այլ կուսակցությունների 25 տարիների գործունեության ընթացքում ստեղծած քաոսը:
«Վաղուց հասունացել էր դիմադրության ճակատ ստեղծելու պահը. Դիմադրություն այս նախագահին, կառավարությանն ու կուսակցական գործիչներին»,- ասաց նա` հավելելով, որ «Սասնա Ծռեր»-ին ահաբեկիչներ որակողներն են իրական ահաբեկիչները: 
Նրա խոսքերով` զինված դիմադրության նպատակն է վերացնել 25 տարի շարունակ երկրում տիրող անարդարության, ծայրահեղ աղքատության, խոսքի անազատության մթոնոլորտը:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին պատկան մարմինների կողմից չարձագանքելուն` Ա. Ղազարյանը նշեց. «Փաստորեն այսօր ՀՀ Նախագահի պաշտոնը թափուր է, հիներորդ օրն է մենք չենք լսում Սահմանադրությամբ մեր անվտանգության առաջին երաշխավորի ձայնը, իսկ ուր է ոստիկանապետը, ինչ է, այսօր մոմ վառելու անհրաժեշտություն չկա, թե հետն աղոթելու գնացող չկա, որ չի արձագանքում»: 
«Դեպի Եվրասիական Միություն» ժողովրդական շարժման նախագահի կարծիքով` ստեղծված իրավիճակից առանց արյունահեղության դուրս գալու միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի և նրա ենթակաների հրաժարականն է. «Այս իշխանություններն են պատասխանատու գնդապետ Վանոյանի մահվան համար, հետևաբար այլևս արյունահեղությունը կանխելու համար պետք է արահետ բացեն ու տղաներին առանց վնասելու թույլ տան դուրս գալ. Եթե թեկուզ մի քիչ արժանապատվություն ունեք, ապա հեռացեք, այլ ելք չկա»,- ընդգծեց նա:
«Դեպի եվրասիական միություն» ժողովրդական շարժման անդամ Սիրան Խլախյանի խոսքերով, թեև Արցախյան պատերազմի ժամանակ ժողովուրդը զրկված է եղել գազից ու լույսից, բայց պայքարելիս լավ ապրելու հույս է ունեցել, իսկ այսօր այդ հույսն էլ չկա, քանի որ քաղաքական վերնախավը միայն ստում է:
«Ես ափսոսում եմ մեր ներկայիս երիտասարդներին, որ այլևս ոչ սովորելու, ոչ էլ ամուսնանալու ցանկություն ունեն, քանի որ համատարած անգործություն է»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում սնկի պես աճում են միայն դեղատներն ու բանկերը. «Վերջիններս ժողովրդին կեղեքում են վարկեր տրամադրելով»:
Ս. Խլախյանի պնդմամբ` ներկայիս իշխանությունները ոչ խիղճ ունեն, որ էլ ամոթանք, թե չէ վաղուց ինքնակամ հեռացել էին:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն