Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը. ՀՅԴ


Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը. ՀՅԴ

  • 22-07-2016 16:14:44   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՅԴ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է կողմերին վայր դնել զենքը:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
 
Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձեւերը չեն ընդունում: Առկա է փակուղային իրավիճակ, առկա է մտածողության ճգնաժամ: Որ մտածողությունը կհաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախված երկրի հետագա ընթացքը:
 
Այս իրադրության մեջ յուրաքանչյուրը` անհատ, թե հասարակական-քաղաքական խմբավորում պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ: Ոստիկանական զորամասի գրավումից ժամեր անց, երբ դեռ հայտնի չէր, որ գնդապետ է զոհվել, ՀՅ Դաշնակցությունը արտահայտել է իր դիրքորոշումը` այո, անհրաժեշտ են որակական փոփոխություններ, բայց ծայրահեղական մտածողությունը ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխությունները: Զենքով, բռնությամբ, պատանդներով եւ ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու:
 
Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները: Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը: Պատրանք ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը: Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել կեղծ են ու մտացածին: Ելք կա: Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ, բայց ստեղծվում են:
 
Հայհոյանքը, թշնամանքը, ատելությունը, բռնությունը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհությունը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայության հավաքական ներուժը: Արդյունքում քառօրյա պատերազմից հետո ստեղծված մեր աներեւակայելի համազգային համախումբն այսօր լրջորեն վտանգված է: Ճշմարտությունը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատվություն ու անողնաշարություն է: Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը: Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով:
 
Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին: ՀՅ Դաշնակցությունը ձտգում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը: Մենք կարող ենք եւ ունենալու ենք ուժեղ, ազատ, բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին պարտավոր ենք ձեւավորել եւ նոր որակի իշխանություն: Այդ ճանապարհը մենք անցնելու ենք այս արժեքներով ու գիտակցությամբ առաջնորդվող հասարակության լայն շրջանակների հետ։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական