Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտին

  • 22-07-2016 16:24:29   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Զահլեի միտրոպոլիտ Անտոնիոս Ալսորուն ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնի և բարերար Նիկոլա Աբոֆայիսայի: 
 
Հանդիպմանը Նորին Սրբությանը փոխանցելով Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու պետ Հովհաննես Ժ-ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները` Զահլեի միտրոպոլիտն իր ուրախությունը հայտնեց առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած օրհնյալ երկիր այցելության առնչությամբ: Նա նաև փաստեց երկու Եկեղեցիների միջեկեղեցական սերտ կապերն ու պատմական աղերսները: Խոսքի ավարտին միտրոպոլիտը  խնդրեց Նորին Սրբության զորակցությունը  Ուղղափառ Եկեղեցու բարերար մի զավակի  կողմից Հայաստանում կառուցվելիք  մատրան համար: Այս առիթով Նորին Սրբությունը  մատրան կառուցման ազնիվ նախաձեռնության համար Հայրապետական իր գնահատանքը հայտնեց բարերարին: 
   Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բերելով իր օրհնությունը, վերստին հայտնեց իր եբայրական սերն ու ջերմ զգացումները հանդեպ Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Պետը, ինչպես նաև երախտագետ սրտով վերհիշեց Լիբանանի և Արաբական պետությունների այն հոգածու վերաբերմունքը, որ ցուցաբերել են հայ ժողովրդի նկատմամբ` հնարավորություն ընձեռելով Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին վերակառուցելու իրենց ազգային-հոգևոր կյանքը:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play