Հայ մտավորականներն ակնկալում են հակամարտության ոչ ստանդարտ և հայության շահերի թելադրած օրակարգով լուծում. (տեսանյութ)


Հայ մտավորականներն ակնկալում են հակամարտության ոչ ստանդարտ և հայության շահերի թելադրած օրակարգով լուծում. (տեսանյութ)

  • 23-07-2016 12:40:10   | Հայաստան  |  Հայտարարություններ



Հայաստանում հուլիսի 17-ից ծավալված իրադարձությունների, մասնավորապես, «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և բարձրաստիճան մի շարք ոստիկանների պատանդ պահելու խնդրով մտահոգված Հայաստանի մտավորականների ֆորումը հուլիսի 20-ին անցկացրեց նիստ, որի ընթացքում մասնակից մտավորականները փորձեցին քննարկել և վերլուծել ստեղծված իրավիճակը` առաջարկելով հնարավորինս անվնաս լուծում:
 
Ըստ մտավորկանների` հրապարակային կոշտ ընթացք ստացած հակամարտությունը պատահական չէ, որ ծնվել է Խորենացու անունը կրող փողոցում: Նրանց կարծիքով` խնդրի ակունքները խորքային են, արդյունքում վտանգված է Հայաստանի և հայկականության ճակատագիրը:
Ա. Մանուչարյանի պնդմամբ` Հայաստանի մտավորականների ֆորումի խնդիրն է փորձել համադրել բոլոր ճիգերը և հանդես գալ խորքային դիրքերից, քանի որ մակերեսային մոտեցումը կարող է հրահրել իրավիճակը` հանգեցնելով կործանարար հետևանքների: 
Հուլիսի 22-ին տարածած հայտարարության մեջ Հայաստանի մտավորականների ֆորումը, մասնավորապես, նշում է. 
Բազմաթիվ սպառնալիքների շաղախով պատված Հայաստանը պահանջում է ազգովի գիտակցել, որ ամեն մի շեղում հայկական օրակարգից հղի է անկանխատեսելի ողբերգական հետևանքներով: Մենք, վաղվա ակնկալվող իրական Հայաստանի մտավորականը լինելու հպարտությամբ, նաև խորին մտահոգությամբ ու պատասխանատվությամբ            
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
1.  Հակամարտության հիմնական կրողը հայն ու Հայաստանն են և մեր ինքնությունը 
2.   Կողմերին հորդորում ենք բացառել կամային ու անվերահսկելի որևէ գործողություն 
3.  Երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին ու անձանց հորդորում ենք միավորվել ու գործել  համակարգված 
4.  Հակամարտության լուծումը  պետք է լինի ոչ ստանդարտ, հայության շահերի թելադրած օրակարգով, հանրային իրական քննարկման արդյունքում:
Մտավորականների ֆորումը իր պատրաստակամությունն է նաև հայտնում մասնակցել և օժանդակել  ինչպես բանակցային, կազմակերպչական, այնպես էլ Երկրի օրակարգի ձևավորման խնդիրներին: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան», 
Տեսանյութը` «Նոյյան Տապան»-ի: 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ