Իրավիճակը լավ ու վատ ելքի ընտրության առաջ չէ, այլ՝ վատի ու վատթարի. Մեկնաբան


Իրավիճակը լավ ու վատ ելքի ընտրության առաջ չէ, այլ՝ վատի ու վատթարի. Մեկնաբան

  • 22-07-2016 17:42:48   | Հայաստան  |  Վերլուծություն

Հուլիսի 17-ից Հայաստանում ձեւավորված զինված դիմակայության վեցերորդ օրը հրապարակային հայտարարությամբ վերջապես արձագանքել է Սերժ Սարգսյանը: Արձագանքը փաստացի կարող է դիտարկվել որպես իրավիճակի հանգուցալուծման սեփական պայմանի, միաժամանակ նաեւ վերջնագրի ներկայացում:

 

Իշխանությունը իրավիճակին հրապարակային հայտարարություններով սկսեց արձագանքել նախօրեին՝ հինգերորդ օրը: Նախ խոսեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հետո ՀՀԿ խոսնակը, նրանք հայտարարեցին խաղաղ հանգուցալուծման իշխանության տրամադրվածության մասին, բայց առանց որեւէ ուղենշային բովանդակության:

 

Միաժամանակ, նախօրեին տեղեկություն տարածվեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի եւ զինված խմբի միջեւ բանակցություն է ընթանում արցախցի գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: Տեղեկություն եղավ, որ Բալասանյանը նախ այցելել է զինված խմբին, հետո եղել է նախագահի նստավայրում: Հուլիսի 22-ին եւս եղավ տեղեկություն, որ Բալասանյանը կրկին այցելել է զինված խմբին: Եվ դրան գրեթե զուգահեռ տարածվեց իրավապահների հետ Սերժ Սարգսյանի խորհրդակցության մասին տեղեկատվությունն ու արդեն նրա հանգամանալից խոսքը իրավիճակի եւ հետագա զարգացումների մասին:

 

Սերժ Սարգսյանն էլ հանդես է գալիս խաղաղ հանգուցալուծման համար հնարավորն անելու դիրքորոշմամբ, այդ ուղղությամբ «համբերատար» աշխատելու պատրաստակամությամբ, ներկայացնում նաեւ իր մոտեցումները: Սարգսյանը հայտարարել է, որ զինված խումբը պետք է ժամ առաջ ցած դնի զենքը: Միաժամանակ նա հայտարարել է պատժի անխուսափելիության մասին, դրա հետ մեկտեղ բացառելով վրեժխնդրությունը եւ հայտնել հետագա ընթացքը բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում պահելու հաստատակամություն: Դրա հետ մեկտեղ, սակայն, բավական հստակ է նրա խոսքի վերջնագրային տոնը:

 

«Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին:

 

Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի», ասել է Սերժ Սարգսյանը:

 

Փաստացի, Սերժ Սարգսյանը խոսում է «ժամանակը սպառվելու» մասին: Դա նշանակում է, որ բանակցությունը չի եղել արդյունավետ: Այդտեղ երեւի թե զարմանալի բան չկա, քանի որ նախօրեին էլ իրենց պահանջների հաստատակամության՝ այդ թվում Սերժ Սարգսյանի հրաժարականից չնահանջելու մասին էին հայտարարել զինված խմբի անդամները:

 

Փաստորեն, Սերժ Սարգսյանն էլ հայտարարում է իր պայմանները, ինչը կարծես թե նշանակում է, որ փակում է դրանից նահանջի ճանապարհը, քանի որ այդ իմաստով Սարգսյանի խոսքը ավելի շուտ եւ ավելի շատ ոչ թե հասարակությանը կամ զինված խմբին, այլ իշխող համակարգին է ուղղված, որն անկասկած տվայտվում էր անորոշության մեջ:

 

Սերժ Սարգսյանն իրավիճակը որոշակիացնում է այդ համակարգի համար, դրան զուգահեռ նաեւ հրապարակայնացնում՝ որպես երաշխիք:

 

Սարգսյանն այդ ընթացքում, այսպես ասած լռության օրերի ընթացքում գուցե փորձում էր համոզվել համակարգի ամրության կամ հավատարմության հարցում, որի վերաբերյալ կասկածներ առնվազն կարող էր ունենալ ՊՊԾ գնդի «ճեղքումից» հետո: Եվ այն, որ նա 6 օր լռությունից հետո հանդես է գալիս հրապարակային մանրամասն դիրքորոշումով, կարծես թե հուշում է, որ Սարգսյանը ստացել է «հավատարմության երդումների» անհրաժեշտ ծավալն, ու համակարգը իր համար դիտում է հուսալի կառավարելի:

 

Այդպիսով, պետք է արձանագրել, որ ճնայած խաղաղ հանգուցալուծման շեշտադրումներին, իրավիճակը մտնում է ներքին լարվածության իսկապես նոր եւ առավել թեժ մի փուլ:

 

Հատկապես նկատի ունենալով Սարգսյանի վերջնագրային բնույթի պարբերության մեջ ապրիլի իրադարձությունների հիշատակումը, ինչը փաստացի նոր պատերազմի վտանգի, Արցախի դեմ նոր ագրեսիայի վտանգի հիշատակում է: Կա՞ այդ վտանգը, կամ հասունանու՞մ է այդ վտանգը իրականում, թե՞ Սարգսյանը փորձում է օգտագործել այն հասարակությանը այսպես ասած վախեցնելու համար, շատ դժվար է ասել:

 

Հատկանշական է, որ անցնող վեց օրերի ընթացքում սահմանին պահպանվել է հարաբերական խաղաղությունը: Միաժամանակ, անկասկած է իհարկե, նույնիսկ հուլիսի 17-ից առաջ, որ նոր ագրեսիայի կամ նոր բռնկման սպասումը ապրիլի պատերազմից հետո միշտ էլ բնորոշ է եղել թե իրավիճակին, թե հանրային տրամադրություններին: Այդ իմաստով, դժվար է Սարգսյանի խոսքում գտնել իրականության ու հնարավոր  շանտաժի սահմանը:

 

Միեւնույն ժամանակ, հստակ է, որ Հայաստանի իշխանությունը միշտ էլ դիմել է արտաքին այդ վտանգի օգնությանը: Օրինակ, խիստ հատկանշական էր, որ 2008 թվականի Մարտի 1-ից երկու-երեք օր անց այդ շրջանի համար ադրբեջանական խոշոր հարձակում եղավ հայկական դիրքերի ուղղությամբ, ինչն արտակարգ դրություն հայտարարած իշխանությունը անմիջապես ներկայացրեց որպես ներքին ցնցումների հետեւանք, ծառայեցնելով այն ընդդիմությանը վարկաբեկելուն:

 

Հայաստանի իշխանությունն այդ իմաստով չի փոխվել, բայց նաեւ ակնհայտ է, որ ի տարբերություն 2008-ի, այժմ սահմանին պատերազմը ակնհայտորեն կախված էր մինչեւ հուլիսի 17-ն էլ: Բայց, հանրությանը կամ զինված խմբին այդ մասին զգուշացնող իշխանությունն ինքը պետք է առաջին հերթին նկատի առներ, որ ապրիլը չի մոռացվել, ու այդ հանգամանքը դարձներ սեփական քաղաքականությունը փոխելու ելակետ, ինչի դեպքում Հայաստանը բացարձակապես չէր հայտնվի ներկայիս ներքին դիմակայության սպառնալից վիճակում:

 

Այդուհանդերձ, բոլոր դեպքերում, իրադրությունն իսկապես չափազանց լուրջ է եւ պատասխանատու: Սեղանին մարդկային կյանքեր են եւ պետության ապագան: Այդ իրավիճակը մտքի եւ պատասխանատվության գերլարում է պահանջում բոլորից: Դժբախտաբար, իրավիճակը կարծես թե լավ ու վատ ելքի ընտրության առաջ չէ, այլ վատի ու վատթարի:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն